1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ հայկական վարժարանի սաները Երևանում Արմեն Սարգսյանի հետ քննարկել են տարբեր ոլորտների վերաբերող հարցեր

ԱՄՆ հայկական վարժարանի սաները Երևանում Արմեն Սարգսյանի հետ քննարկել են 
տարբեր ոլորտների վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 30-ին իր նստավայրում ընդունեց ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում Ռոզ և Ալեք Փիլիպոս հայկական վարժարանի սաներին և ուսուցիչներին: Հյուրերի թվում էր Կալիֆոռնիայի նահանգային սենատի նախագահի շրջանային հարցերով տնօրեն, համայնքային գործիչ Պայծառ Թոմասյանը:

Վարժարանի սաները Հայաստան են ժամանել հատուկ առաքելությամբ՝ ցանկանալով իրենց կողմից հանգանակված 25 հազար դոլարը փոխանցել արցախցի զինվորներին և նրանց ընտանիքներին:  

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

ՀՀ նախագահի և աշակերտների միջև ծավալված զրույցն առնչվում էր ամենատարբեր ոլորտներին: Նախ Արմեն Սարգսյանը հետաքրքվեց նրանց տպավորություններով: Աշակերտները տեղեկացրեցին, որ իրենք արդեն եղել են Արցախում, Հայաստանի տարբեր քաղաքներում, ծանոթացել են պատմամշակութային վայրերին: Նրանք շատ տպավորված են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններով: Վարժարանի սաներից Արա Յակուբյանը կարևոր ձեռքբերում համարեց հայաստանյան վերջին քաղաքական իրադարձությունները:

«Ժողովուրդն ուժեղ գտնվեց և իր խնդիրները բարձրաձայնեց՝ փորձելով փոխել երկրում առկա իրավիճակը: Շատ կցանկանայի, որ այս ուժը, հաջողությունը պահպանվի և երկարաժամկետ կտրվածքով ևս կարողանա իր խոսքը տեղ հասցնել»- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արա Յակուբյանը:

Աշակերտներն իրենց խոսքում նկատեցին, որ երկրի զարգացումն ապահովելու համար, ճիշտ կլիներ, որ երկրի ղեկավարն իր շուրջը համախմբեր բանիմաց մարդկանց թե Հայաստանից, թե Սփյուռքից, քանի որ այլ երկրներում բազմաթիվ հայեր կան, ովքեր բարձր մակարդակի մասնագետներ են և կարող են իրենց ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման գործում:

Վարժարանի սաներից Ռոզի Օգանեսյանը կարևոր համարեց բանակի հզորացումը:

«Մենք եղանք Արցախում, շփվեցինք զինվորների հետ: Մեր սերնդակիցներն էին կանգնած սահմանին: Կարծում եմ, որ ճիշտ կլինի տեխնոլոգիաների զարգացումները նաև ներդնել բանակում, զինված ուժերում, ու դրանցով կարողանալ օգնել սահմանին կանգնած զինվորներին»,-ասաց Ռոզի Օգանեսյանը:

Աշակերտներն առաջնահերթ համարեցին կրթության որակի բարձրացումը, ժամանակին համընթաց մրցունակ մասնագետների պատրաստումը: Եվ ամենակարևորը, որ բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած երիտասարդը կարողանա աշխատել իր երկրում:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, լսելով աշակերտների դիտարկումները, նշեց, որ բանակն ուժեղացնելու, կրթության որակի բարձրացման, մարզերի համաչափ զարգացման համար անհրաժեշտ է տնտեսության զարգացումը:

«Ինքնին տնտեսությունը չի կարող զարգանալ, եթե ներդրումներ չլինեն: Դրա համար պետք է համապատասխան պայմաններ ստեղծել, որ հայերը և ոչ միայն, գան ներդրումներ կատարեն, արտադրություն ստեղծեն, նոր շուկաներ գտնեն: Կրթությունը ևս կարևոր է, քանի որ եթե խոսում ենք ապագայի մասին, ուրեմն պետք է ընդգծենք բարձրորակ կրթության անհրաժեշտությունը»,-ասաց Արմեն Սարգսյանը: Նրա խոսքով, այս ամենից բացի կարևորը սոցիալական արդարություն ապահովելն է, երբ քաղաքացին, անկախ իր սոցիալական կարգավիճակից, վստահ լինի, որ կկարողանա հաջողության հասնել:

Լավ խոսքեր ասելուց բացի, ի՞նչ անել, որ մարդկանց մեջ հավատ լինի իր երկրի վաղվա օրվա նկատմամբ: Վարժարանի աշակերտներից մեկի հնչեցրած հարցին Արմեն Սարգսյանը նշեց, որ ասվածը գործով ապացուցել է պետք:

«Գեղեցիկ խոսքեր ասելը դժվար չէ: Կան տաղանդավոր մարդիկ, ովքեր գեղեցիկ խոսքեր ասելու մասնագետ են, մեր մշակույթի մեջ էլ հաճախ այդ մարդկանց համարում են թամադա: Թամադայությունից մինչև իրական քաղաքականություն հսկայական ճանապարհ կա: Եվ չափանիշը մեկն է՝ գործ: Գեղեցիկ խոսքերն ասվում են, որ հստակ լինի, թե ուր ենք գնում: Ունենալ տեսլական, շուրջը հավաքել տաղանդավոր մարդկանց, այդ տեսլականը դարձնել ծրագիր և աշխատել այն կյանքի կոչելու ուղղությամբ: Պետք է անընդհատ քրտնաջան աշխատես, ինքդ քեզ ստուգես, չկոռումպացվես»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Աշակերտները հարց հնչեցրեցին Սփյուռքի նոր սերնդից ունեցած ակնկալիքներից: Արմեն Սարգսյանը նշեց, որ ակնկալում է ցանկացած երկրում գտնվող հայը լինի լավ քաղաքացի:

«Ամեն հայ, որտեղ էլ լինի, պետք է իմանա, որ տուն ունի, Հայաստանն իր Հայրենիքն է: Լավ, թե վատ օրերին պետք է հայն իմանա, որ հարազատ տեղ ունի, որտեղ կարող է գալ: Տուն ունենալու հասկացողությունը շատ կարևոր է»,-ասաց նախագահը:

Վարժարանի աշակերտները չշրջանցեցին նաև վերջերս Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների պատճառները: Նրանց հետաքրքրում էր, այդ ինչպես ստացվեց, որ  Սերժ Սարգսյանը հեռացավ:

«Ինչպես գիտեք ապրիլի 23-ին իրավիճակը թեժ էր, իսկ ապրիլի 24-ը հայ ազգի համար սուր օր է, այդ օրը մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ապրիլի 24-ին 100 հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց և վտանգ կար, որ կարող է լիներ ընդհարում: Դա մեզ համար կլիներ ամոթալի: Պատկերացնո՞ւմ եք, ապրիլի 24-ին հայերը միմյանց ծեծեին…Ապրիլի 23-ը ճակատագրական օր էր: Ես անկեղծ պետք է ասեմ, որ հանրապետության 3-րդ նախագահն իր մեջ գտավ համարձակություն և տվեց հրաժարական: Եվ այդ հրաժարականով հաջորդ օրը մենք այդ դժբախտությունը չունեցանք»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Վարժարանի աշակերտները չմոռացան խոսել նաև  «Tetris-Wordtris» խաղ ստեղծելու Արմեն Սարգսյանի հաջողության մասին: Հետաքրքվեցին խաղ ստեղծելուց մինչև ՀՀ նախագահ դառնալու ճանապարհի մասին: Արմեն Սարգսյանը նշեց, որ խաղ ստեղծելն իր համար եղել է սիրած զբաղմունք: Նա մասնագիտությամբ տեսաբան ֆիզիկոս է, զբաղվել է գիտությամբ, դարձել է դիվանագետ, վարչապետ, հետո զբաղվել բիզնեսով, հետագայում Մեծ Բրիտանիայում աշխատել է որպես ՀՀ դեսպան: Արմեն Սարգսյանը նշեց, որ անկախ նրանից ինչ գործով ես զբաղվում, պետք է վստահ լինել սեփական ուժերի վրա, իսկ վստահությունը գալիս է ամեն օրվա աշխատանքից:

Հանդիպման ավարտին աշակերտներն ու ուսուցիչներն իրենց շնորհակալական խոսքն ասացին ջերմ ընդունելության համար և փոխանցեցին խորհրդանշական նվերներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]