Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Ջավախքը կամուրջ է հայ-վրացական հարաբերություններում. վրացագետը մեկնաբանում է Փաշինյանի այցը Վրաստան


ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցը բավական հագեցած է, առկա են կարևոր շեշտադրումներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում վրացագետ Ջոնի Մելիքյանը նկատեց, որ վարչապետը Վրաստան է մեկնել մեծ պատվիրակությամբ, ինչը հիմք է տալիս կարծելու, որ այցը լինելու է բազմաբովանդակ ու արդյունավետ:

«Այս այցը նախ ճանաչողական բնույթ է կրում, սակայն ծանոթությունից բացի նախատեսված մի շարք հանդիպումների շրջանակում կբարձրացվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այս այցից հետո կարելի է սպասել, որ որոշ ժամանակ անց հայ-վրացական հարաբերություններում կտեսնենք զարգացման նոր փուլ»,-ասաց Ջոնի Մելիքյանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ջավախք կատարելիք այցին, նա նկատեց, որ վերջին 15 տարվա ընթացքում հայ բարձրաստիճան պաշտոնյաներից Ջավախք էին այցելել միայն Սերժ Սարգսյանը, երբ պաշտպանության նախարար էր, ապա նաև վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

«Այցը Ջավախք շատ կարևոր է: Նախ այն համաձայնեցված է Թբիլիսիի հետ, ինչը երկկողմանի ուղերձ է՝ ինչպես դրսի որոշ ուժերին, այնպես էլ ներսի որոշ քաղաքական շրջանակներին: Ուղերձը հետևյալն է. Ջավախքը հայ-վրացական հարաբերություններում ոչ թե անջատող, այլ միացնող շրջան է: Այն կամուրջ է հայ-վրացական հարաբերություններում»,-ասաց Ջոնի Մելիքյանը:

Վրացագետը նշեց, որ ՀՀ վարչապետի այցը նաև տեղի հայ համայնքին ուղղված ուշադրության յուրօրինակ դրսևորում է. Փաշինյանը տեղում կծանոթանա համայնքին, բնակիչներին մտահոգող հարցերին:

«Ինչպես գիտեք, վերջերս Ջավախքում ակտիվացել են բողոքի ակցիաները Թուրքիայի որոշ քաղաքացիների ապօրինի գործողությունների դեմ: Ջավախքի բնակիչները, ոչ միայն հայերը, բողոքում էին, որ որոշ անձինք գալիս, իրենց գույքը գողանում են և տեղափոխում Թուրքիայի տարածք: Սահմանապահներն էլ լիարժեք չեն կատարում իրենց աշխատանքը: Այցի շրջանակում այս և այլ հարցեր ևս կարող են ուղղվել ՀՀ վարչապետին: Նիկոլ Փաշինյանը դրանք կարող է քննարկել Վրաստանի ղեկավարության հետ, աջակից լինել, որ կարգավորվեն»,-ասաց Ջոնի Մելիքյանը:

Վրացագետը նկատեց, որ Ջավախք Նիկոլ Փաշինյանի այցը նաև նախընտրական տարր է պարունակում՝ հաշվի առնելով այն, որ Ջավախքում ապրում են Հայաստանի շատ քաղաքացիներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 30-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի: Այցի շրջանակներում վարչապետը կհանդիպի Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և կայցելի Հովհաննես Թումանյանի տուն գիտական, մշակութային կենտրոն: Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ներկա կգտնվի Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին նվիրված միջոցառումներին՝ հոբելյանին նվիրված հուշատախտակի բացման  արարողությանը և կազմակերպված ընդունելությանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ