Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

Նիկոլ Փաշինյանը զինակոչային տարիքի բոլոր երիտասարդներին կոչ է անում իր որդու նման ծառայել Հայոց բանակում


ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Հայոց բանակ ժամկետային զինվորական ծառայության մեկնելու հարցում ակտիվ լինել զորակոչային տարիքի այն երիտասարդներին, որոնք գտնվում են արտասահմանում, ինչպես նաև այն երիտասարդներին, որոնք կարող են իրենց հիվանդությունը բուժելուց հետո մեկնել բանակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանն օրինակ բերեց իր որդի Աշոտին՝ պարզաբանելով, որ նա 2016թ. ընդունվել է Տարտուի համալսարան և, 2018թ. հունվարին Հայաստան գալով, որոշել է չվերադառնալ սովորելու, քանի որ մարտին լրացել է նրա 18 տարին և պետք է մեկնի ժամկետային զինվորական ծառայության։

Աշոտ Փաշինյանն իր հերթին նշեց, որ հատուկ դիմելու է ծառայությունն Արցախում անցկացնելու համար։ Նա համարում է, որ ղարաբաղյան հակամարտությունում «խաղաղություն հաստատելը հայկական կողմի ձեռքերում է, և դրա արդյունավետ ճանապարհը հայկական բանակի հզորացումն է։ Եվ ես, քաղաքացիական պարտքից ելնելով, որոշել եմ հնարավոր չափով նպաստել խաղաղության ճանապարհին և հայկական բանակին»։

ՀՀ վարչապետը դիմեց արտերկրում գտնվող զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացի բոլոր երիտասարդներին, նրանց ծնողներին, որ «այդ բոլոր տղաներն առաջիկա քսան օրվա ընթացքում վերադառնան Հայաստան և մեկնեն ժամկետային զինվորական ծառայության, իրենց պարտքը կատարեն Հայրենիքի առաջ»։ «Ես սա ասում եմ որպես քաղաքացի, որպես վարչապետ, ով նաև ի պաշտոնե, պատերազմ սկսվելու դեպքում (իհարկե, Աստված չանի, որ պատերազմ սկսվի) պետք է կատարի գերագույն հրամանատարի պարտականությունները, և ես կարևոր եմ համարում մայիսի 28-ից առաջ դիմել մեր հայրենակիցներին, իմ եղբայրներին, նրանց ծնողներին՝ իմ քույրերին և եղբայրներին՝ կոչ անելով, որ իրենց երեխաները որոշում կայացնեն օր առաջ վերադառնալ Հայաստան և մեկնել ժամկետային զինվորական ծառայության, ծառայեն իմ որդու հետ»։

ՀՀ վարչապետը դիմեց նաև զորակոչային տարիքի այն երիտասարդներին, որոնք  առողջական ոչ էական խնդիրների պատճառով, ինչ-ինչ ճանապարհներով կարողացել են ազատվել ժամկետային զինվորական ծառայությունից։ «Նոր Հայաստանն այդպիսի ճանապարհների համար չէ»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը և այդ երիտասարդներին կոչ արեց բուժել հիվանդությունները և առաջիկա զորակոչի ընթացքում մեկնել բանակ։ Նոր Հայաստանը ներկայացնելու համար նա օրինակ բերեց, որ վերջին զանգի օրը Երևանում ոչ մի ավտոմեքենա տուգանային հրապարակ չի տարվել, ինչը խոսում է ոստիկանության և քաղաքացիների միջև բոլորովին նոր հարաբերությունների, քաղաքացիների ինքնահսկողության, քաղաքացիական գիտակցության առումով նոր իրավիճակի մասին։ «Սա ամենամեծ ռեսուրսն է, որի վրա հիմնվելով պետք է բարեփոխենք, զարգացնենք մեր հայրենիքը»,- շեշտեց վարչապետը։

Նա հավաստիացրեց, թե կարգադրություն կանի, որ բանակ մեկնելու համար վերադարձող երիտասարդների նկատմամբ, օրենքի սահմաններում, իրավական ընթացակարգեր չիրականացվեն, որովհետև հնարավոր է, որ նրանցից ոմանց նկատմամբ հետախուզում է հայտարարված։

«Սպասում ենք բոլորիդ, սա ուրիշ Հայաստան է, որտեղ բանակից չեն փախչում, չեն արտագաղթում, այլ միայն վերադառնում են՝ կրելու իրենց բաժին պատասխանատվությունը Հայրենիքի ապագայի համար»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ