Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Հայաստանում տրվեց Starkey-ի  լսողական սարքերի տրամադրման երկրորդ փուլի մեկնարկը


ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ու Starkey հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Օսթինը «Հայկ եւ Էլզա Տիտիզեան մանկական վերականգնողական կենտրոն»-ում մասնակցել են Starkey հիմնադրամի կողմից լսողական սարքերի տրամադրման երկրորդ փուլի մեկնարկին։

Մանկական վերականգնողական կենտրոնը «Երևան, իմ սեր» հիմնադրամի ծրագրերից է, որի հիմնադիրներից է նաև ՀՀ ԱԺ նախագահը:

«Դեռ անցյալ տարի շուրջ 2000 մարդ ստացավ լսողական սարքեր: Դրանից հետո մենք շարունակեցինք աշխատանքը: Ես այստեղ եմ, քանի որ ծրագրի հիմնադիրներից մեկն եմ և առաջին քայլն անելուց հետո` ստեղծվեց մի ծառայություն, որը շարունակական սպասարկում էր այդ մարդկանց, որպեսզի սարքերի խափանվելու դեպքում` վերանորոգվեն»,- նշեց Արա Բաբլոյանը:

Լրագրողների հետ զրույցում մանրամասնելով, թե ինչն է կապում բրիտանացի երգչին, իրեն և Starkey հիմնադրամը միմյանց՝ նա ընդգծեց, որ դեռ 25 տարի առաջ իր նախաձեռնած «Արաբկիր» մանկական բարեգործական հիմնադրամը մի նպատակ է ունեցել՝ կարողանալ օգնել Հայաստանի բնակչության այն հատվածին, ում պետական ծրագրերը դեռևս չեն կարողանում տալ այն օգնությունը, ինչի կարիքը նրանք ունեն:

«Ծրագրերից մեկը հաշմանդամության կանխարգելումն է հատկապես երեխաների, բայց նաև մեծահասակների մոտ: «Արաբկիր» բժշկական համալիրն ունի խրոնիկ խնդիրներով, զարգացման տարբեր արատներով 11 հազար 800 երեխա, որից ութ հարյուրը՝ լսողական խնդիրներ ունեցող երեխաներ են: Մենք մշտական իրականացնում ենք այդ ծրագիրը, որպեսզի մի կողմից կարողանանք կանխարգելել հաշմանդամությունը, մյուս կողմից էլ պետք է կարողանանք լրացնել այն խնդիրները, ինչը կհանգեցնի հասարակությունում լիարժեք մասնակցության: Այսօր Starkey հիմնադրամի հետ միասին մենք և՛ երեխաներին, և՛ մեծահասակներին տրամադրում ենք լսողական սարքեր»,- ասաց Բաբլոյանը:

Նա նաև նշեց, որ այսօր՝ մայիսի 27-ին, սկսվեց երկրորդ փուլը, որին մասնակցեց նաև աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնը: ԱԺ նախագահը շեշտեց, որ արտիստին սպասում էին դեռ անցյալ տարի մասնակցելու ծրագրին, սակայն ինչ-ինչ պատճառներով հայտի երգահանի այցը չէր կայացել:

«Բարեբախտաբար, այս տարի եկավ Հայաստան և ներկա գտնվեց երկրորդ փուլի մեկնարկին: Ցանկանում եմ նշել, որ բազմաթիվ երկրներում Starkey հիմնադրամն իրականացնում է այս ծրագիրը: Այսօր դոկտոր Բիլը (հիմնադրամի նախագահ - հեղ.) մի բան ասաց, ինչը շատ շոյեց ինձ. «Ես այս ծրագիրը շատ երկրներում եմ իրականացնում, բայց Հայաստանում ինձ զգում եմ ինչպես տանը, զգում եմ այն ջերմությունը, որը գուցե ոչ բոլոր տեղերում կա»: Սա կարծում եմ շատ մեծ գնահատական է»,- եզրափակեց Արա Բաբլոյանը:

Բարեգործական ակցիայի շրջանակում՝ մայիսի 27-ին, մանուկներին 100 լսողական սարք է տրամադրվել:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ