Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հոկտեմբեր

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները


ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Մայիսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում իրադրությունը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում եղել է հարաբերական կայուն: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց:

Սոչիում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում ունեցած հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության  հարցը:  ՀՀ  նախագահի  նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը եւ Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են դաշնակցային փոխգործակցության հարցերը եւ շփումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: 

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին  Արցախի մասնակցությունն անհրաժեշտություն է: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ այդ մասին խոսել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Եթե կազանյան հանդիպումը բարեհաջող ավարտվեր, ապա այդ փաստաթղթին Արցախը ևս հավանություն պետք է տար, և երեք երկրները միասին աշխատեին խաղաղության պայմանագրի վրա: Ես զարմանում եմ այս աժիոտաժի վրա: Ակնհայտ է, որ առանց հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի, առաջընթացն անհնարին է», - հավելեց Քոչարյանը:

Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև՝ ի սատարումն Արցախի Հանրապետության անկախության։ Բանաձևում քաղաքային խորհուրդը կոչ է արել կենտրոնական կառավարությանը՝ պաշտոնապես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և ամրապնդել Ավստրալիայի հարաբերություններն Արցախի ու նրա քաղաքացիների հետ։

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալՀայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սլովակիա կատարած այցի շրջանակում հանդիպել է Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ: Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է. «Մենք՝ խորհրդարանականներսպետք է մերժենք բռնության ու այլատյացության ցանկացած դրսեւորումԱյսօր էլ Թուրքիան ու Ադրբեջանն իրականացնում են հայատյացության քարոզորը դատապարտելի էՄիջազգային հանրությունը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի անքակտելի ինքնորոշման իրավունքըԱրցախն անկախության նույնքան իրավունք ունիորքան ՍլովակիանՀայաստանն ու Ադրբեջանը»:

Հայոց ցեղասպանության դատապարտում

Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությունն այցելեց  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Կիպրոսի ներկայացուցիչները շրջայց կատարեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում և ծանոթացան Ցեղասպանության մասին վկայող նյութերին: Վերջում պատվիրակության անունից գրառում կատարվեց. «Մենք կրկին տեսանք հայ ժողովրդի տառապանքները բարբարոսության և ատելության մեջ. Մենք ասում ենք` այլևս երբեք»:

«Միացյալ Նահանգները և Իսրայելը պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը». հեղինակավոր Bloomberg պարբերականում իր հոդվածն այսպես է վերնագրել խմբագիր և սյունակագիր Թերեզա Ռաֆայելը:

Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը վերջնական  քննարկման կդրվի մայիսի 30-ին: 

Հայաստան և աշխարհ

Լիտվայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ վավերացրել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: 

Վրաստանի Նախագահի հրավերով Թբիլիսիում գտնվող ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը  հանդիպում է ունեցել Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ։ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Մարգվելաշվիլիին՝ Վրաստանի Պետականության վերականգնման 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավերի և ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա ասել է, որ մի քանի օրից Հայաստանը եւս կնշի Արաջին Հանրապետության 100-ամյակը։ Նախագահի խոսքով, երկու ժողովուրդների համար պատմական այս հոբելյանների հիմքում ընկած է ազատության գաղափարը, որը շարունակում է առաջնորդող մնալ նաև այսօր:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին Վրաստանի ազգային տոնի` Պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի կապակցությամբ: Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին Թբիլիսիի Անկախության հրապարակում ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը։

Արմեն Սարգսյանը օտարերկրյա այլ պետությունների ղեկավարների հետ մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը։ Իր խոսքում Հայաստանի նախագահն ընդգծել է․ «Հանուն բարգավաճման համագործակցությանը պետք է միտված լինի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը եւ լիարժեք փոխգործակցությունը պետք է դառնան հարավկովկասյան երկրների շարժիչ ուժն ու տեսլականը»: 

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ։ Արմեն Սարգսյանը կարեւորել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը եւ հրավիրել է իր ֆին գործընկերոջը՝ պաշտոնական այց կատարելու Հայաստան։ Արմեն Սարգսյանը զրույցներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկայի, Լատվիայի Նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի, Լիտվայի Նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ։ 

Հայաստանի զինված ուժերը մոտակա ամիսներին կստանան ռուսաստանյան «Տոռ» զենիթահրթիռային համալիրներ։ Այդ համակարգերի մարտական հնարավորությունները ներկայացրել է ՀՀ հակաօդային պաշտպանության զորքերի պետի տեղակալ Արթուր Պողոսյանը. ««Տոռ» համակարգը գերժամանակակից զենիթահրթիռային համալիր է, որը կարող է ավտոմատ ռեժիմում, նույնիսկ առանց անձնակազմի մասնակցության պայքարել ցանկացած սպեկտրի օդային հարձակումների, այդ թվում՝ գերճշգրիտ հրթիռների դեմ»։

Ռուս պրանկերներ Վովան (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին և զրուցել շուրջ 30 րոպե: Լեքսուսը նշել է, որ այս գործում ամենադժվարը ոչ թե պաշտոնյաների հեռախոսահամարները գտնելն է, այլ այնպիսի զրուցակիցների, որոնք կհետաքրքրեն թիրախ դարձած պաշտոնյային: Օրինակ, Ջոնսոնի հետ խոսակցությունը մի քանի անգամ ձախողել է: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը երբեք չի զրուցել Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի անունից հանդես եկող պրանկերների հետ: «Փոխարենը Ջոնսոնին հետաքրքրեց Փաշինյանի հետ զրույցը: Հայաստանի վարչապետն այժմ թրենդի մեջ է, նրան հատուկ են սիրում եվրոպական երկրներում»,-ասել է Լեքսուսը:

Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցության մեջ ոչ մի դանդաղում չկա, ֆինանսական, ներդրումային ու առեւտրական բոլոր նախագծերը մնում են սեղանին: Այդ մասին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում: «Մենք չենք դադարեցրել ու չենք դանդաղեցրել համագործակցությունը (Հայաստանի հետ),-ասել Է դիվանագետը:-Երբ կայացավ (Ռուսաստանի նախագահ) Վլադիմիր Պուտինի հանդիպումը Հայաստանի նոր վարչապետի հետ, հաստատվեց, որ ամեն ինչ պահպանվում Է: Վեկտորն ու դինամիկան նույնն են».-  նշել է նա:

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում աշխարհի լրատվական գործակալությունների գագաթնաժողովին «Ժուռնալիստիկայի ապագան նոր մարտահրավերների պայմաններում» թեմատիկ քննարկման ժամանակ «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանն ընդգծել է. «Ցանկացած նոր մարտահրավեր առաջին հերթին հնարավորություն է, որը խթանում է մեր մասնագիտական ու տեխնոլոգիական նվաճումները: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ լրատվական գործակալությունները ցանկացած փոփոխություններին ամենահարմարվող դերակատարներն են: Մի բան, որն ապացուցվել է մեր կոլեգաների կողմից»: Արամ Անանյանը, պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին, թե ինչպե՞ս պետք է մասնավոր միջազգային ընկերությունները, պետությունները կամ միջազգային կազմակերպությունները զբաղվեն կեղծ նորությունները տարբերակելու խնդրով, նշեց, որ այս իրավիճակում հարկավոր է ավելի շատ ուշադրություն դարձնել ավանդական մեդիային ու չվախենալ քննադատությունից, այլ հակառակը` ստեղծել նոր դիսկուրս մեդիայի և հասարակության շրջանում: Հայաստանի «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը համաձայնագիր է ստորագրել Կուբայի պետական լրատվական Prensa Latina գործակալության հետ: Համաձայնագիրը ստորագրել են «Արմենպրես» գործակալության տնօրեն Արամ Անանյանը և Prensa Latina-ի նախագահ Լուիս Էնրիկե Գոնսալեսը: 

ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) կողմից հրապարակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ պետություններ այցելությունների վիճակագրությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ վիճակագրության՝ Հայաստանը 1995-2016 թթ. գրանցել է 24.8 % աճ` զբաղեցնելով առաջին տեղը Կենտրոնական/Արևելյան եվրոպական երկրների շարքում:

Սանկտ Պետերբուրգի հայազգի բարերար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի եւ Երեւանի 2800-ամյակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության և Երևանի քաղաքի դրոշները տիեզերական ուղևորության են «մեկնել» դեպի Միջազգային տիեզերական կայան: 

Ներհայաստանյան զարգացումներ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թվականի հունվար-ապրիլին 9.7 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 

Նախագահական նստավայրում, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, մայիսի 21-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը:Առաջինն ամբիոնին է մոտեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընթերցելով երդման տեքստըՀանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»: Այնուհետև հերթով երդվեցին կառավարության մյուս անդամները:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի մարզպետների կազմն ամբողջությամբ կփոխվի: 

ՀՀ կառավարությունը արտահերթ նիստ է գումարել։ Քննարկվել է երկու հարց: Գործադիրը սահմանել է նախարարություններին ենթակա մարմինների ենթակայությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կառավարության անդամներին 10-օրյա ժամկետում ներկայացնել գերատեսչությունների կանոնադրությունների վերջնական տարբերակները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 18-րդ համագումարի ժամանակ հայտարարեց, որ ոլորտն ունի կառավարության լիակատար աջակցությունը: 

Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ունեցել մշակույթի տարբեր ճյուղերը ներկայացնող գործիչների հետ:  «Հայաստանում տեղի ունեցած քաղաքական հայտնի իրադարձությունները՝ ոչ բռնի թավշյա հեղափոխությունըմեծ մշակութային բաղադրիչ ունիՄեր պատկերացմամբմշակույթի  առանցքային դերակատարումը կամայական երկու քաղաքացիների հարաբերությունների մակարդակը հետևողական և շարունակաբար բարձրացնելն էև այս խնդրի լուծման համար պետք է կարողանանք ապահովել մարդկանց մշտական հաղորդակցությունը մշակույթի  և մշակութային միջավայրի հետ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։ Գրեթե երկու ժամ տևած հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարը պատասխանել է մշակույթի գործիչների բազմաթիվ հարցերի,

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարում բռնության սպառնալիքներով և բռնության սպառնալիքների ակնարկներով ժողովրդի հետ խոսելը: Նա անդրադարձավ լրագրողի այն դիտարկմանը, որ Ժիրայր Սեֆիլյանը բաց նամակ է հղել Փաշինյանին և նշել, որ «քաղբանտարկյալների, այդ թվում՝ «Սասնա ծռերի» բանտում մնալը հեղափոխության և մեր երկրի համար հղի է ծանր հետևանքներով»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն աշնանը:  «Մեր պատկերացումն է արտահերթ ընտրություններն անցկացնել աշնանը, բայց դա պետք է փորձենք համադրել այլ քաղաքական ուժերի պատկերացումների հետ ու փորձել դուրս բերել ընդհանուր լուծումներ: Այդ ուղղությամբ քննարկումներ, իհարկե, հնարավոր են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի հունվարի 11-ի վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ կառավարությունն Արդարադատության նախարարությանը կհատկացնի 2500 եվրոյին համարժեք դրամ: «Հայաստանում մեկ օրում արձանագրվել է հետևյալը, որ Բաղրամյան 26-ից և որևէ այլ տեղից դատարանների վրա ապօրինի ներգործություն պետք է չլինի: Պետք է ապահովենք, որ որևէ դատավոր կաշառքով վճիռ չկայացնի: Սա ամենակարևոր բարեփոխումն է: Մենք պետք է բացառենք քաղբանտարկյալների առկայությունը, այս վճիռն ապացուցում է, որ Ալեքսանդր Արզումանյանը եղել է քաղբանտարկյալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չպետք է լինեն, նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Մեր երկրում քաղաքական բանտարկյալներ չպետք է լինեն: Ես ստացել եմ մարդու իրավունքների հետ կապված կազմակերպություններից որոշ փաստաթղթեր, դրանք մոտ ժամանակներս կուղարկվեն ՀՀ կառավարություն՝ համապատասխան նախարարություններ: Պետք է սպասել, որ ՀՀ կառավարությունը որոշումներ ընդունի, եթե համաներման հետ կապված որոշ գնահատականներ կան»,- ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նշել է, որ Հայաստանում իրադրության փոփոխության արդյունքում կան դատական վարույթում գտնվող քրեական գործեր, որոնց համար մենք կարող են կանգ առնել և իրողության փոփոխության քննարկում իրականացնել: «Սակայն մենք պետք է ունենանք համապատասխան անձի վարքագիծ, որը կվկայի, որ իրադրության փոփոխությունը բերել է հանրության համար նրա և նրա կատարած արարքի վտանգավորության փոփոխության»,-  ընդգծեց Դավթյանը:

Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ Նախագահի 2017 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները հանձնել են Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն սկսել է ակտիվ գործողությունները՝ կոռուպցիոն շղթաներով հարստացած անձանց բացահայտումների առնչությամբ: Այս մասին հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը. «Նախնական օպերատիվ տվյալները հաստատվել են: Կան հրավիրված, բերման ենթարկված անձինք, աշխատանքները կատարվում են, և առաջիկա օրերին հանրությունը կտեղեկացվի: Բարդ և մեծածավալ աշխատանք է, ու պետք է այնպես անենք, որ ոչ մեկի մոտ հարցերի տեղիք չտա այդ աշխատանքը, կարվի պրոֆեսիոնալ մակարդակով»։ Ծառայությունը կոռուպցիոն, տնտեսական բնույթի  հանցագործությունների դեմ պայքարին ուղղված  իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով շահութահարկը և ԱԱՀ-ը թաքցնելու դեպքի առթիվ:

 «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ուրախ եմ տեղեկացնել, որ Մատենադարանի մոտ քիչ առաջ տեղի ունեցած մեր հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը»։

ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածը, իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից:

Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ Հակոբ եկեղեցում մայիսի 21-ին տեղի ունեցավ սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հուղարկավորության արարողությունը: Հուղարկավորությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը,  Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի մարտական ընկերները և հարազատները: Նախկին պաշտոնյաներից հուղարկավորությանը մասնակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Փարիզից իր ողջույնի և շնորհավորանքի խոսքն է հղել շրջանավարտներին. «Ուրախացեք, վայելեք ձեր օրը, սակայն շատ չխմեք, ալկոհոլ քիչ կօգտագործեք, ավտոմեքենաները ճիշտ կվարեք, որովհետև պետք չէ այդ գեղեցիկ օրն ինչ-ինչ միջադեպերով մթագնել»: Վերջին զանգի հանդիսությունների շրջանակներում ճանապարհային ոստիկանության ծառայողների իրականացրած միջոցառումների ընթացքում ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 6 ավտոմեքենա, որոնց ղեկին եղել են անչափասներ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը: «Երևանում տուգանային հրապարակ տեղափոխված ավտոմեքենա ընդհանրապես չկա, իսկ մարզերում  6 մեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ»,- ասաց Ջանոյանը:

Սփյուռք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ տեսակապով ելույթ է ունեցել Լոս Անջելեսում ընթացող Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկմանը: «Մեր խնդիրը մեր ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվը կանգնեցնելն ու հետ պտտելն է, Հայաստանը դարձնել մի պետություն, որն ուղղված է հայության ներուժի պահպանմանը և նրա բնականոն գործունեության ապահովմանը: Այս նպատակին հասնելու համար պետք է հասնենք նրան, որ ՀՀ քաղաքացին լինի բարձրագույն իշխանությունը: Սա պետք է լինի Հայաստանի ապագայի անկյունաքարը»,-ասել է ՀՀ վարչապետը:

Թուրքիայում դատարանը սոցիալական մեդիայում արած գրառման համար կալանավորել է իրավապաշտպան Ռոզերին Զերիին: Այս մասին հայտնում է Ազատության Ստոկհոլմի կենտրոնը՝ նշելով, որ կալանավորվածը էթնիկ հայ է, նա մեղադրվում է «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն իրականացնելու» մեջ:

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կրկին կառաջադրվի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Մարգար Եսայանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից կրկին առաջադրվել է հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

Միջազգային խճանկար

Իրանը եվրոպական երկրներին յոթ պայման Է առաջադրել, որոնց կատարումը կապահովի Թեհրանի հանձնառությունը միջուկային գործարքին: Դրանք հնչեցրել Է Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ Պայմանների թվում են՝ եվրոպական բանկերի կողմից Իրանի հետ առեւտրական համագործակցության շարունակման երաշխիքների տրամադրումը, իրանական նավթի վաճառքի վերաբերյալ Եվրամիության երկրների երաշխիքների ապահովումը: Նաեւ Թեհրանը Եվրոպայից պահանջում Է բանակցություններում չարծարծել իրանական հրթիռային ծրագիրը եւ իր տարածաշրջանային ակտիվությունը:

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Վաշինգտոնում հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: Փոխնախագահը հավաստել Է ԱՄՆ-ի կայուն աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածաքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում ու հավաստել Է նաեւ, որ ԱՄՆ-ը պաշտպանում Է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրացումը: Ռուսաստանն անհանգստացած Է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Վրաստանի համագործակցության խորացումից եւ իրավունք ունի համարժեք միջոցներ ձեռնարկելու իր անվտանգության ամրապնդման համար: Այդ մասին ասված Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

ԿԺԴՀ-ի Համգյոն-Պուկտոյի նահանգի Փունգերիի շրջանում տեղի Է ունեցել այդ երկրի միակ միջուկային զինափորձարանի ապամոնտաժման արարողությունը:

«Ադրբեջանական լվացքատան» շրջանակներում 2012-2014թթ. Ադրբեջանից արտահոսած 2,9 մլրդ դոլարից բաժին է հասել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին: ԱՄՆ Վիրջինիա նահանգում գործել է ադրբեջանական մասնավոր ընկերություն, որը 10 տարուց ավելի ԱՄՆ կառավարությունում լոբբիստական գործունեություն է ծավալել:

Մշակույթ

 «Դարի արվեստագետ», «ֆրանսիացի փոփ-աստված», «շանսոնի վարպետ», «ֆրանսիացիների Ֆրենկ Սինատրա». ինչպես ասես չեն կոչել երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրին: Կենդանի լեգենդը մայիսի 22-ին տոնել է ծննդյան տարեդարձը։ Նա դարձել է 94 տարեկան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրին՝ ծննդյան տարեդարձի առիթով:

Հայաստանի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդվարդ Միլիտոնյանը փաստում է՝ ժամանակակից գրականությունն իր ծաղկման փուլում է: Ավելին՝ այսօրվա գրականությունն իր համար ավելի հետաքրքիր է, քան երեք տասնամյակ առաջ ստեղծված գրական արժեքները: «Արմենպրես» լրատվական գործակալության #CultTalk մշակութային նախագծի հյուր Էդվարդ Միլիտոնյանը պատմում է գրողների միության գործունեության, գրական ակտիվ գործընթացների, տարբեր երկրների հետ համատեղ ծրագրերի, հայ թարգմանական դպրոցի յուրահատուկ զարգացման և այլ ծրագրերի մասին:

Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանի կապակցությամբ անցկացված ցուցահանդեսում ներկայացվեց Հայաստանի նկարիչների միության անդամների ավելի քան հարյուր աշխատանք` թեմատիկ կտավներ, քանդակներ:

Հայաստանյան News.am էլեկտրոնային լրատվամիջոցը հայտնում է, որ «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել աշխարհահռչակ երաժիշտ Էլթոն Ջոնը: Հայտնի արտիստը Երեւանում է լսողական սարքերի արտադրող ամերիկյան «Սթարկի» (Starkey) ընկերության կողմից իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակում: 

Սպորտ

ՈԻԵՖԱ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ «Շիրակ»-ի գործի հետ կապված:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամ Սահակ Հովհաննիսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հայաստանը ներկայացնող սամբիստները նվաճեցին  6 մեդալ:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արամ Ավագյանը պրոֆեսիոնալ մենամարտերի երեկոյի շրջանակներում մենամարտեց Էմանուել Լոպեսի հետ։ 10 ռաունդանոց մենամարտում Ավագյանը գերազանցեց մրցակցին և տիրացավ WBC վարկածով International Silver գոտուն:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները 4 մեդալ են նվաճել Խաբարովսկի միջազգային մրցաշարում:

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը հաղթանակ է տոնել Շարժայի միջազգային մրցաշարում:

Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Արամ Հակոբյանի հաղթանակով ավարտեց Ռուսաստանի Կիրիշի քաղաքում կայացած «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը:

Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 2017-2018թթ. առաջնությունը: Բրոնզե մեդալները հանձնեցին «Գանձասար-Կապանին», արծաթե մեդալները՝ «Բանանցին», իսկ ոսկե մեդալները և չեմպիոնական գավաթը «Ալաշկերտ» թիմին։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «զինագործների» նոր գլխավոր մարզչի մասին: «Դժվար էր հրաժեշտ տալ Վենգերին՝ չնայած  6 ամիս եմ աշխատել իր հետ: Բայց բարձր տպավորություն ստացա նրանից թե որպես մարզիչ, թե որպես մարդ: Ցավով նրան ճանապարհեցինք: Կարող ենք միայն բարի գալուստ մաղթել նոր մարզչին: Չնայած դեռ չեմ շփվել, չգիտեմ նրան, բայց հույս ունեմ «Արսենալ»-ին նոր բարձունքի կհասցնի»,- ասաց Մխիթարյանը:

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի եզրափակչում երրորդ տարին անընդմեջ Մադրիդի «Ռեալ»-ը հաղթանակ տոնեց: «Արքայական ակումբը» հաղթեց 3:1 հաշվով և 13-րդ անգամ տիրացավ Չեմպիոնների լիգայի գավաթին:

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ