Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ ՀՀ-ում այլևս ոչ մի մշակութային հուշարձան չի ոչնչացվի

Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ ՀՀ-ում այլևս ոչ մի մշակութային հուշարձան չի 
ոչնչացվի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը մայիսի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշեց, որ աշխարհում մշակութային քաղաքականության տարբեր մոդելներ կան, և ինքն այդպես էլ չի հասկացել՝ մեր երկրում որ մոդելով են առաջնորդվում: Ավետիսյանն առաջարկեց ստեղծել մի հարթակ և տարբեր տեսլականներ ունեցողներին հրավիրել դիսկուրսի՝ մեկ միասնական տեսլական ունենալու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նա ասաց, որ կարևորում է պատմամշակութային ժառանգության պահպանման և արդիականության խնդիրները: Ավետիսյանը հիշեցրեց՝ ժամանակին կար Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կոմիտե, և հուշարձանների պահպանության, հանրահռչակման գործը Հայաստանում բարձր կարգավիճակ ուներ և լուրջ արդյունքներ գրանցեց, այնուհետև խնդիրներ եղան:

Նրա խոսքով`  ճիշտ կլիներ կրկին հրավիրել մասնագետներին, նման կառույց ստեղծել, որն այդ կոմիտեի գործառույթները կատարի:

Ի պատասխան Պավել Ավետիսյանի` վարչապետը նշեց, որ իրենք չեն կարծում, թե կառավարությունը պետք է որոշի՝ արվեստագետը ինչով ու ինչպես զբաղվի, իրենց խնդիրն է, որ մշակույթի հետ հաղորդակցությունը դառնա նույնքան սովորական, ինչքան սովորական այլ երևույթներ: Նա տեղեկացրեց, որ մշակույթի նախարարությունում կա համապատասխան գործառույթն ունեցող գործակալություն, որի հետ պատգամավոր եղած տարիներին շփվելու առիթներ ունեցել է, համոզվել, որ այնտեղ բարեխիղճ մարդիկ են և բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքը:

Փաշինյանն ասաց, որ այդ գործակալության անգործության վերաբերյալ բարձրաձայնումներն անտեղի էին, քանի որ համոզված է՝ նրանք գործը հանձնել էին այն մարմիններին, ովքեր պետք է զբաղվեին, բայց այդ մարմիններն անգործության են մատնված: «ՀՀ-ում այլևս ոչ մի մշակութային հուշարձան չի ոչնչացվի, չի վնասվի, և եթե միջամտություն կատարվի, միայն նրա պահպանության նպատակով»,- ընդգծեց Փաշինյանը:

Անդրադառնալով մշակութային քաղաքականությանը՝ վարչապետը նշեց, որ Կառավարության տեսլականը հենց այն է, ինչ ասաց. իրենց խնդիրն է ապահովել քաղաքացու և մշակույթի մշտական հաղորդակցությունը, և սա կառավարության ռազմավարական մոտեցումն է:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]