Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունիս

Սարդարապատի ճակատամարտում հաղթանակի կարևոր գրավականը միասնականությունն է եղել. պատմաբան


ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարդարապատի հերոսամարտում հայերի տարած հաղթանակի հիմնական գրավականը եղել է միասնականությունը, կադրային բանակի` որպես պետականության հիմքի հզորացման գործոնը և հրամանատարական կազմի փայլուն գործողությունների իրականացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

«100 տարի առաջ ձեռք բերված հաղթանակն, իրոք, պատմական է եղել՝ հատկապես միջազգային հարաբերությունների և աշխարհաքաղաքական բարդ իրադրության պայմաններում: Այդ օրհասական պահին կարծես ժողովրդի բնազդը վերակենդանացավ»,- ընդգծեց բանախոսը և հավելեց, որ Սարդարապատի ճակատամարտում հաղթանակը միասնության շնորհիվ է գրանցվել:

Նրա խոսքով՝ ամբողջ ժողովուրդը, կադրային զինվորականության հետ, միասնական է հանդես եկել:

«Պատահական չէր, որ այդ միասնությունը դրսևորվեց նաև Արցախյան շարժման օրերին, և հենց այդ միասնության շարժման շնորհիվ էր, որ կարողացանք ազատագրել Արցախը: Ժողովուրդը 1988 թվականի այդ օրերին դուրս եկավ մարտի` Սարդարապատն ու Ավարայրը հիշելու կոչերով: Սարդարապատի ճակատամարտի հաղթանակը մի քանի խորհուրդ ուներ, որոնցից մեկը` կադրային բանակի և ընդհանրապես՝ բանակի, որպես պետականության հիմքի հզորացման գործոնն էր, կադրային սպայության գործունեությունը ռազմական գործողությունների ժամանակ: Հրամանատարական կազմի փայլուն գործողությունների իրականացման արդյունքում կարողացան ապահովել փայլուն հաղթանակը»,- նշեց Մինասյանը:

Նրա խոսքով` պետք է հիշել, որ այդ պայքարը հայոց անկախ պետականության համար էր, և վերականգնումը տեղի ունեցավ մայիսյան հերոսամարտերի շնորհիվ:

Խոսելով անախ պետականության ստեղծման մասին` ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանն ասաց, որ արդեն մայիսյան օրերին այն կազմավորվել էր, սակայն ազգային խորհուրդը գործում էր Թիֆլիսում, և միայն հուլիսի 15-ից հետո է ժամանել Երևան: Անկախ պետականությունը դժվարությամբ է ստեղծվել:

«Կարևոր է զուգահեռներ անցկացնել և նշել՝ Արցախյան շարժման արդյունքում, նաև ԽՍՀՄ փլուզման օբյեկտիվ հանգամանքների հետևանքով, ստեղծվեց Հայոց երրորդ անկախ Հանրապետությունը, որը 1991 թ. սեպտեմբերի 21-ին իր իրավական ձևակերպումը ստացավ հանրաքվեի միջոցով: Եթե չլինեին առաջին հանրապետությունը, ինչպես նաև պետականությունը, չէին լինի նաև խորհրդային ու երրորդ հանրապետությունները: Սա շատ կարևոր դաս է, որ մեր օրերում նույնպես պետք է սերտել»,- ասաց Էդիկ Մինասյանը:

Պատմաբանը շատ է կարևորում նաև այն ժամանակ ժողովրդավար պետության կառուցման խնդրի հարցը, այսինքն` Հայաստանի առաջին Հանրապետությունը, իր 4 վարչապետով, խորհրդարանական էր:

«Այսօր ևս Հայաստանը Սահմանադրությամբ խորհրդարանական է, կառուցվածքը գրեթե նման է առաջին հանրապետությանը, սակայն վարչապետին տրված  լիազորություններն ավելի լայն են»:

Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 22-29-ը, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև։ Մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տարած հաղթանակի 100-ամյակը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ