Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Շատ չխմեք, մեքենաները լավ կվարեք. ԿԳ նախարարը Փարիզից ողջույնի խոսք է հղել շրջանավարտներին

Շատ չխմեք, մեքենաները լավ կվարեք. ԿԳ նախարարը Փարիզից ողջույնի խոսք է հղել 
շրջանավարտներին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Փարիզից իր ողջույնի և շնորհավորանքի խոսքն է հղել շրջանավարտներին: Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքով ուղիղ հեռարձակմամբ շնորհավորել է աշակերտներին դպրոցն ավարտելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ:

«Սիրելի աշակերտներ, գիտեմ, որ Վերջին զանգին շատ եք սպասում: Ցավոք, նախարարի պաշտոնում առաջին վերջին զանգի միջոցառմանը չեմ կարող ներկա գտնվել , որովհետև Փարիզում եմ: Այստեղ տեղի է ունենում Բոլոնիայի գործընթացի մասնակից երկրների կրթության նախարարների գագաթնաժողովը: Ցանկանում եմ մաղթել, որ լավ օր ունենաք, ուրախ անցկացնեք միջոցառումները թե դպրոցներում, թե դրանցից դուրս»,- նշեց Հարությունյանը: Նա հայտնեց, որ տեղյակ է Վերջին զանգի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներից՝ համոզմունք հայտնելով, որ շրջանավարտներն ակտիվ կմասնակցեն դրանց:

«Ուրախացեք, վայելեք ձեր օրը, սակայն շատ չխմեք, ալկոհոլ քիչ կօգտագործեք, ավտոմեքենաները ճիշտ կվարեք, որովհետև պետք չէ այդ գեղեցիկ օրն ինչ-ինչ միջադեպերով մթագնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ առաջիկայում ավելի լուրջ իրադարձություններ են սպասվում, մասնավորապես, ընդունելության քննությունները:  Նախարարը նկատեց, որ երկրում տիրող փոփոխությունների համատեքստում երիտասարդները ևս պատասխանատվություն ունեն:

«Ունեք պատասխանատվություն սովորելու, փոխվելու, կրթվելու, որովհետև ապագա պաշտոնյաներն եք, տարբեր մասնագիտություններ կրողներն եք»,-հավելեց նախարարը:

Հայաստանի դպրոցներում վերջին զանգը կհնչի մայիսի 25-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]