Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս

Իսրայելի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծը քննարկելու է մայիսի 30-ին

Իսրայելի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծը քննարկելու է մայիսի 30-ին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծը վերջնական  քննարկման կդրվի  մայիսի 30-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի անդամ Նոյեմ Նալբանդյանը:

Նա հայտնեց, որ մայիսի 23-ին Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի վերաբերյալ քննարկումներ են անցկացվել, որոնց արդյունքում որոշվել է նախագիծը վերջնական քննարկման դնել մայիսի 30-ին:

Նոյեմ Նալբանդյանը հույս հայտնեց, որ մայիսի 30-ին Կնեսետը վերջապես կընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշում՝ ընդգծելով, որ մայիսի 23-ին կայացած քննարկումներն ընդհանուր առմամբ անցել են դրական մթնոլորտում: «Այսօրվա քննարկումների ընթացքում Իսրայելի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ ամոթ է, որ Իսրայելը ձգձգում է այս հարցը: Մենք հավատում ենք, որ մայիսի 30-ին ի վերջո Ցեղասպանությունը ճանաչելու որոշում կընդունվի: Հույս ունեմ, որ այդ օրը ձեզ լավ նորություն կհայտնեմ»,- ասաց նա:

Մայիսի 23-ին կայացած քննարկումների ընթացքում հայկական համայնքի ներկայացուցիչները հայտարարել են, որ Թուրքիայի և Իսրայելի միջև  հարաբերությունները իրենց խնդիրը չեն՝ շեշտելով, եթե հարցը դրվելու է քվեարկության, ապա պետք է ընդունվի՝ անկախ նրանից, թե ինչ հարաբերությունների մեջ են Թուրքիան և Իսրայելը:

Գազայի հատվածում տեղի ունեցած դեպքերից հետո Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների լարման ֆոնին կրկին Կնեսետի օրակարգում է հայտնվում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման հարցը: Կնեսետի պատգամավորներ Իցիկ Շմուլին և Ամիր Օհանան ներկայացրել  են Օսմանյան կայսրությունում շուրջ 1.5 մլն հայերի սպանությունը որպես ցեղասպանություն ճանաչող օրինագիծ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ