Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս

Ժամանակակից գրողները մայիսյան հերոսամարտին նվիրված բանաստեղծություններ ներկայացրեցին Սարդարապատում


ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարդարապատի ճակատամարտի 100-ամյակը վերարժևորելու, ժամանակակից սերնդին ևս մեկ անգամ կարևորագույն պատմական իրադարձությունները հիշեցնելու  նպատակով մայիսի 23-ին հայ գրողների մի խումբ Սարդարապատի թանգարանում թեմատիկ ստեղծագործություններ ներկայացրեց Արմավիրի մարզի բազմաթիվ դպրոցականների: Հնչեցին նաև ռազմահայրենասիրական երգեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաստեղծություններ ընթերցեցին Արևշատ Ավագյանը, Լևոն Բլբուլյանը,  Գագիկ Դավթյանը, Շանթ Մկրտչյանը, Կորյուն Առաքելյանը, Դավիթ Սարգսյանը, Գրիգոր Ջանիկյանը և այլք:

«Սարդարապատի ճակատամարտը մեր ժողովրդի ամենավառ և ծանր էջերից է: Ծանր, քանի որ թշնամին շատ մոտ էր, գրեթե Երևան էր հասել, և հաղթանակը նրանով էր կարևոր ու նշանակալի, որ մեր ժողովուրդն իր փոքրաթիվ զորաբանակով, աշխարհազորայիններով և կամքով կարողացավ հաղթել հզոր թշնամուն»,-նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նա հավելեց, որ Սարդարապատը դարերի մեջ կռած մեր հաղթանակի, խիզախության դրսևորման հուշարձան է:

Թանգարանի տնօրինության կողմից խոսք հնչեցրեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի տնօրենի գլխավոր խորհրդական, գրող Դավիթ  Սարգսյանը: «Ուրախ եմ, որ Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի նախաձեռնությամբ հյուրընկալում ենք հայ բանաստեղծության  ներկայացուցիչներից շատերին: Նրանք բանաստեղծական,  գեղարվեստական խոսքի միջոցով մեր հասարակության մեջ առաքինություն, բարձր արժեքներ են սերմանում»,-ընդգծեց նա:

Գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանի խոսքով՝  միջոցառման նպատակը խորհրդանշական է այն իմաստով, որ հայ ժողովուրդը 20-րդ դարը սկսեց հերոսամարտով, ինչը  բացառիկ երևույթ էր այն պատճառով, որ հերոսամարտից մի քանի տարի առաջ տեղի էր ունեցել Հայոց ցեղասպանությունը:

«Չնայած դրան՝ մենք  պայքարելու և հաղթելու ուժ գտավ, քանի որ պարտվելու դեպքում հայերն ընդմիշտ կկորցնեին իրենց ազգային պատկանելությունը, ինքնությունը և հայ լինելու արժանապատվությունը: Ամենակարևորն այն է, որ այս հերոսամարտը հաղթանակների շղթա սկսեց: Դրանից հետո մեր պապերը հայրենական պատերազմում պայքարեցին ֆաշիզմի դեմ, ազատագրեցին Արցախը»,-շեշտեց գրողը:

Միջոցառումն իրականացվեց Հայաստանի գրողների միության և Սարդարապատի թանգարանի նախաձեռնությամբ: Մայիսի 24-ին և 25-ին միջոցառման շրջանակում գրողների միության անդամները կայցելեն Ապարան և Վանաձոր:

Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի առթիվ մի շարք միջոցառումներ կանցկացվեն: Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա համերգային խոշոր ծրագիր`հագեցված ձայնային, լուսային, 3D անիմացիոն աննախադեպ տեխնիկայով և սցենարային լուծումներով, որոնք հնարավորություն կտան տեղափոխվել անցյալ՝ 1918 թվական, տեսնել ներկան ու ոգեշնչվել՝ կառուցելու ապագան:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ