Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՏՏ ընկերությունները բարձրաձայնում են պետական տենդերների պահանջներին չբավարարելու խնդրի մասին

ՏՏ ընկերությունները բարձրաձայնում են պետական տենդերների պահանջներին 
չբավարարելու խնդրի մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները դժվարությամբ են մասնակցում պետական ապարատում համակարգերի ներդրման մրցույթներին: Ոլորտի մասնագետներն առաջարկում են գնումների գործընթացում առկա պահանջները մեղմացնել և հնարավոր դարձնել նաև արտասահմանում աշխատանքի փորձ չունեցող, բայց մեծ ներուժ ունեցող ընկերությունների մասնակցությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը: «Մենք բազմիցս բարձրաձայնել ենք այն մասին, որ մեր տեղական ընկերությունները դժվարությամբ են մասնակցում, այսպես ասած՝ պետական ապարատում համակարգերի ներդրման տենդերներին: Ցանկանում ենք բարելավումներ լինեն գնումների ընթացակարգերում, որպեսզի դրսի ընկերությունների փոխարեն Հայաստանի պետական տենդերներին մասնակցեն մեր տեղական ընկերությունները: Շատ պահանջներ է դրվում, օրինակ, ասվում է՝ պետք է մի քանի երկրներում այդ համակարգերը ներդնելու փորձ ունենան: Ընկերությունն ունի լավ փորձ, բոլոր հնարավորությունները մշակելու լավ լուծում, բայց չունի տարբեր երկրներում աշխատանքի փորձ»,-նշեց միության նախագահը: ԻՏՁՄ 18-րդ համագումարի ընթացքում խնդիրը ներկայացվեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ալեքսանդր Եսայանը նկատեց, որ մտավոր սեփականության պաշտպանության հարցը ևս խնդրահարույց է, հատկապես խոշոր ներդրումային ծրագրերի ժամանակ:  «Դա ներդրումային ոլորտին վերաբերող խնդիր է, շատ ընկերություններ, որոնք ներդրում են կատարում երկրում, առաջին հարցերից մեկը, որ բարձրացնում են, մտավոր սեփականության պաշտպանության մասին է»,-հավելեց նա:

Միության 18-րդ համագումարին մասնակցում էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ինչպես նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները, ԻՏՁՄ անդամ ընկերություններ, ՏՏ ոլորտի այլ ներկայացուցիչներ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ ոլորտն ունի կառավարության լիակատար աջակցությունը:

Լիագումարի ժամանակ կատարվեց նաև միության նախագահի ընտրությունը, այդ պաշտոնը կշարունակի ստանձնել Ալեքսանդր Եսայանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am