Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանն անձամբ հանդիպեց «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամներին ու անգամ պարեց նրանց հետ

Արմեն Սարգսյանն անձամբ հանդիպեց «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության 
անդամներին ու անգամ պարեց նրանց հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը բողոքի երթ անցկացրեց: Այն մեկնարկեց Մաշտոցի պուրակից, և մասնակիցները շարժվեցին դեպի  ՀՀ նախագահի նստավայր՝ Արմեն Սարգսյանին նամակ հանձնելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախաձեռնության անդամների կարծիքով, Հայաստանում հանքարդյունաբերությունն իրականացվում է բազմաթիվ խախտումներով, իր բացասական ազդեցությունն է թողել բնապահպանության և այլ ոլորտների վրա:

Երթի մասնակիցները նշեցին, որ իրենց ակցիան միան Ամուլսարի հանքի դեմ չէ, նրանք այս ակցիայով հասարակության, պատկան մարմինների ուշադրությունն են հրավիրում, ընդհանուր առմամբ, հանքարդյունաբերության խնդիրների վրա: Նրանք նոր փորձաքննությունների պահանջի հարցը բարձրացրեցին: Նախաձեռնությունը կարևորեց անկախ փորձագետներով խմբի ստեղծումը, որը կկատարի անկողմնակալ ուսումնասիրություն, այլ ոչ թե կծառայի այս կամ այն բիզնեսի շահերին:  

Նախաձեռնության անդամները նշեցին, որ երկու ամիս շարունակ նամակի բովանդակության վրա աշխատել են, այն պարունակում է հիմնավոր ապացույցներ՝ կապված Ամուլսարում հանքարդյունաբերության խնդիրների հետ: Նամակն ընդունարանում հանձնելուց հետո րոպեներ անց ակցիայի մասնակիցներին միացավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա լսեց ակցիայի մասնակիցներին և առանձնացրեց մի քանի խնդիրներ:

«Եթե դիտարկենք մեր երկրի կարևորագույն խնդիրները, իհարկե, ամեն ինչն էլ կարևոր է, սակայն ինձ համար և՛ որպես քաղաքացի, և՛ որպես նախագահ, 3 շատ կարևոր խնդիր կա: Մեկը մեր երկրի անվտանգությունն է: Անվտանգությունը լայն իմաստով, դա ոչ միայն բանակն է, ոչ միան  ռազմարդյունաբերական համալիրն է, այլև արտաքին հարաբերություններ են և այլն: Երկրորդը կրթությունն է, ի վերջո մեր երկրի ապագան կախված է լինելու նոր սերնդի մակարդակից: Եվ խոսքը ոչ միայն գիտական կրթության մասին է, այլև քաղաքացիականը, որը փողոցներում ստացան: Հույս ունեմ, որ էմոցիոնալ պոռթկում չէ և քաղաքացի լինելը կշարունակվի: Հույս ունեմ, որ այս սերունդը քաղաքացի է լինելու ամբողջ կյանքում»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Նախագահի համար երրորդ կարևոր խնդիրը բնապահպանությունն է, որտեղ բազմաթիվ չկարգավորված հարցեր կան:

«Եթե մեր ամբողջ խնդիրը միայն Ամուլսարը լիներ, ես ուրախ կլինեի, սակայն մեր բնապահպանական խնդիրները շատ մեծ են, մեկ հանք չէ, այլ հանքեր կան, որոնք ուսումնասիրության կարիք ունեն: Բնապահպանության ոլորտում ամենակարևոր խնդիրը ջուրն է, որը մեր հարստությունն է և պետք է պահպանել: Օրերս հանդիպեցի Էդուրադո Էռնեկյանի հետ, ով 400 հա տարածքում խաղող է աճեցնում, այնուհետև գինի արտադրում և արտահանում: Մարդն ասում է կարող է տարածքը կրկնապատկել, եթե ջրի հարցը լուծվի, այնինչ՝ ջրի մի զգալի հատվածը խողովակներում կորչում է: Հետևաբար` որևէ խնդիր, որն ազդելու է մեր ջրային բազայի վրա, պետք է շատ ուշադիր զննել: Վստահեցնում եմ, որ Ամուլսարը և մյուս խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են լինելու»,-ասաց Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահը ակցիայի մասնակիցներին խոստացավ իրենց նամակին շատ արագ պատասխանել:

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամների ակցիան ավարտվեց պարով, որին միացավ նաև  նախագահ Արմեն Սարգսյանը:

Մայիսի 22-ին Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբ»-ը, ի պատասխան շահագրգիռ կողմերի պահանջների, ներկայացրեց իր առաջին տարեկան հաշվետվությունը: Ամուլսարի «Անկախ խորհրդատվական խումբ»-ը ձևավորվել է 2017  թվականին Ամուլսարի ծրագրի սոցիալական և բնապահպանական պարտավորությունների կատարման մշտադիտարկման, ծրագիրը ֆինանսավորող «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության և ծրագրի տեղական ու ազգային շահագրգիռ կողմերի հետ համագործակցության, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի սկզբունքներին համահունչ գործելու նկատառումներով ընկերության ստանձնած պարտավորությունների իրագործման մասով հաշվետվողականությունն ապահովելու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]