Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանը գրավիչ ներդրումային դաշտ ունեցող քաղաք է. բարելավվել է գործարար միջավայրը

Երևանը գրավիչ ներդրումային դաշտ ունեցող քաղաք է. բարելավվել է գործարար 
միջավայրը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը 2018-2022 թվականների զարգացման ծրագրի շրջանակում փորձում է ստեղծել աշխատատեղեր, նպաստել նոր բիզնեսի և ենթակառուցվածքների զարգացմանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց մայրաքաղաքում ներդրումային և գործարար միջավայրների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Երևանի զարգացման ծրագրի գերակա ուղղությունները

Երևանի 2018-2022 թվականների զարգացման ծրագրի մշակման փուլում, որպես գերակա ուղղություն ֆիքսել ենք ներդրումային և գործարար միջավայրների բարելավումը: Նպատակ ունենք աշխատատեղեր ստեղծել, նպաստել նոր բիզնես նախագծերի իրականացմանը և, դրա հետ մեկտեղ, զարգացնել Երևանի ենթակառուցվածքներն ու քաղաքային տնտեսության մակարդակով խթանել համաչափ, կայուն զարգացումը: Երևանը Հայաստանի Հանրապետության տնտեսական, գիտական, մշակութային կենտրոնն է, և այս առումով մենք առաջնորդողի դերակատարում ունենք: Այն հաջողված ծրագրերը, որոնք իրականացվում են մայրաքաղաքում, լավ հնարավորություն են մարզերում նույնպես իրականացնելու համար: Կարծես թե մենք, որպես մայրաքաղաք, այդ պարտավորությունն ենք վերցրել մեզ վրա՝ իրականացնել ծրագրեր, որոնք հետագայում կրկնօրինակման ենթակա կլինեն մյուս քաղաքներում:

Երևանը գրավիչ ներդումային դաշտ ունեցող քաղաք է

Երևանն ունի մի քանի առավելություն, որն էլ թույլ է տալիս հանդես գալ որպես գրավիչ ներդումային դաշտ ունեցող քաղաք: Առաջինը՝ տնտեսական ակտիվությունն է, ինչը պայմանավորված է մայրաքաղաքի՝ ամենամեծ սպառողական շուկա լինելով: Այստեղ գործում են գրեթե բոլոր խոշոր կազմակերպությունների և ֆինանսական կառույցների գլխավոր գրասենյակները, և այս փաստը թույլ է տալիս բավականին ակտիվ աշխատել: Երևանի տնտեսությունը բազմաճյուղ է՝ սկսած վերամշակող արդյունաբերությունից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ: ՏՏ ոլորտում 20 տոկոսից ավելի աճ ենք արձանագրել՝ նոր startup-ների գրանցման, գործունեության և արտադրանքի առումով: Ակտիվության մեկ այլ բաղադրիչ է այն, որ հանրապետության բնակչության 1/3-ը Երևանում է ապրում: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ բացի մշտական բնակվողներից ամեն օր Երևան բազմաթիվ մարդիկ են այցելում՝ աշխատանքի և սովորելու, տնտեսական ակտիվության շատ լուրջ ազդեցություն է տեղի ունենում:

Երևանի քաղաքապետարանի հստակ գործունեությունը

Քաղաքապետարանը, որպեսզի նպաստի ներդրումների ներգրավմանը, Երևանում մի շարք գործողություններ է իրականացնում: Առաջինը` քաղաքապետի հանձնարարականով մշակվել է շուրջ հինգ տասնյակ ներդրումային առաջարկ` քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում մասնավոր ներդրումների ներգրավմամբ: Կան նաև ծրագրերի իրականացմանը վերաբերող առաջարկներ` քաղաքաշինության, զբոսաշրջության զարգացման ոլորտներում, երթևեկության բարելավմանը, պատմամշակութային ժառանգության արդիականացման, ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծմանն ուղղված և այլն: Այս ծրագրերը հանրայնացնելու համար դրանք թարգմանել ենք մի քանի լեզվով` անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և սկսել ենք իրազեկել սոցիալական ցանցերի, մեր կայքի միջոցով, փորձում ենք նաև տնտեսական ուղղվածություն ունեցող բոլոր ժողովներին, կոնֆերանսներին, կլոր սեղան-քննարկումներին, ցուցահանդեսներին ներկայացնել և հետաքրքրությունը բարձրացնել: Այս պահին քաղաքապետից հանձնարարական ունենք` հաշվի առնելով Երևան քաղաքի համաչափ զարգացման քաղաքականությունը, մշակում ենք ներդրումային առաջարկներ, ծրագրեր ըստ վարչական շրջանների:

Փակագծերը մի փոքր բացվում են

Մենք գիտենք, որ տարբեր վարչական շրջաններում հավասար կամ միևնույն իրավիճակը չի և ենթակառուցվածքների, և նորերը ստեղծելու առումով: Կան վարչական շրջաններ, որ վերջին տարիներին բազմաբնակարան շենքեր չեն կառուցվել կամ վայրեր կան, որտեղ նոր մարզական համալիրներ կառուցելու կարիք կա, կամ բիզնես կենտրոնների, նոր հյուրանոցային համալիրների և նմանատիպ կառույցների ստեղծման: Գույքագրում ենք, աշխատում ճարտարապետների, Երևանի գլխավոր ճարտարապետի հետ և փորձում հասկանալ, թե որտեղ ինչ նմանատիպ խնդիր կա և մասնավոր ներդրումների շնորհիվ նաև այդ ենթակառուցվածքների ստեղծման գործընթացը սկսել:

Պարզեցված համակարգ ներդրողների համար

Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին լայնածավալ աշխատանքներ է իրականացրել նաև քաղաքաշինական թույլտվությունների և փաստաթղթերի տրամադրման, պարզեցման և ժամկետների նվազեցման ուղղությամբ: Եթե որևէ ներդրող գործունեություն սկսելու համար ստիպված էր որոշակի ժամանակահատվածով դիմել և սպասել այդ ամենին, այժմ դրանց ժամկետները կրճատվել են՝ տևում է 5-15 օր: Այս ընթացքում մենք ճարտարապետահատակագծային նախագծերի հետ տրամադրում ենք նաև ջրի, գազի, հոսանքի բաժանորդ դառնալու բոլոր թույլտվությունները: Քաղաքացու, ներդրողի, կառուցապատողի կամ որևէ բիզնես իրականացնող ընկերության համար պարզ ուղեցույցների տեսքով տպագրված են բոլոր գործողությունները, և բոլորը կարող են իրազեկվել մատչելի տարբերակով: Այդ ուղեցույցները հնարավոր է ձեռք բերել և՛ մեկ պատուհանից, և՛ վարչական շրջաններից, և՛ էլեկտրոնային տարբերակով: Այս ամենն անմիջական կապ ունի գործարար միջավայրի բարելավման հետ: Այս աշխատանքների արդյունքում, երբ բարձրանա իրազեկվածությունը՝ որոշակիորեն կնվազեն քաղաքացիների դժգոհությունները, և ավելի հեշտ կլինի գործընթացը:

Հստակ ներդրումային ծրագրերի առաջարկներ

Մենք առաջարկում ենք հստակ հողատարածքներ, օգնում և աջակցում  ենք ներդրողներին կարգավիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար: Ցուցաբերում ենք նաև իրավական աջակցություն և կոնկրետ ծրագրի շրջանակում քննարկում հողատարածքի կամ այլ վարձավճարների արտոնյալ կարգերի և զեղչերի կիրառման մեխանիզմները: Համագործակցության ծրագրեր են մշակվում համայնք-մասնավոր հատվածում: Մենք շատ ենք կարևորում Երևանը միջազգային վարկանիշերում, որպեսզի կարողանանք ներկայացնել և բարելավել մեր դիրքերը: Ներդրումային կազմակերպությունների և միջազգային կառույցների կողմից դաշտի ուսումնասիրությունները շատ կարևոր ցուցանիշներ են կայունության գործընթացի շրջանակում: «Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալության մասնագետներն ուսումնասիրել են Երևանի ֆինանսական համակարգը, և, ելնելով նաև քաղաքի վերջին մի քանի տարվա բյուջեից ու պարտավորություններից, հանգել այն եզրակացության, որ Երևանն ունի B+ կայուն մակարդակ, որը դարձավ նաև դրական: Մենք նաև վերջերս ենք ուսումնասիրել, որ կա միջազգային խորհրդատվական ընկերություն, որն իրականացնում է քաղաքների վարկանիշավորում: 2016 թվականին մայրաքաղաքը զբաղեցրել է 182-րդ տեղը, իսկ այս տարվա մարտ ամսին իրականացրած մոնիթորինգի արդյունքում պարզ է դարձել, որ մենք դիրքերը բարելավել ենք և այժմ զբաղեցնում ենք 171-րդ հորիզոնականը: Մենք առաջ ենք ԱՊՀ մի շարք  երկրների մայրաքաղաքներից: Այդ խորհրդատվական ընկերությունը գնահատում է կրթության հնարավորությունները, հանցավորության մակարդակը, հանգստի կազմակերպումը, քաղաքական կայունությունը, տրանսպորտը և այլն: Ցանկացած ընկերություն ներդրում անելիս նաև հաշվի է առնում այս վարկանիշը, և դրա շրջանակում ուսումնասիրված ոլորտները:

 Լիլիթ Դեմուրյան

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]