Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կոմիտասի և Շոպենի ստեղծագործությունների կատարմամբ նշվեց Լեհաստանի և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը

Կոմիտասի և Շոպենի ստեղծագործությունների կատարմամբ նշվեց Լեհաստանի և 
Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Շոպենն ու Կոմիտասը՝ մեկ հարկի տակ» խորագրով միջոցառմանը ելույթ ունեցավ Հայաստանի վաստակավոր արտիստ,  դաշնակահար Հայկ Մելիքյանը: Նա կատարեց երկու կոմպոզիտորների հայտնի ստեղծագործությունները՝ մեծ բավականություն պատճառելով երաժշտասերներին:

Միջոցառումը տեղի ունեցավ մայիսի 21-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Այն անցկացվեց Հայաստանում Եվրոպայի օրերի շրջանակում, Լեհաստանի և Հայաստանի Առաջին Հանրապետությունների անկախության 100-ամյակի առթիվ:

«Առաջին անգամ եմ մեկ համերգային երեկոյի ընթացքում նվագելու բացառապես  Կոմիտասի և Շոպենի գործերը. առաջին անգամ են այս խոշորագույն կոմպոզիտորները հանդիպելու: Նրանց ստեղծագործություններն ինձ չափազանց հարազատ են: Կոմիտասի գործերում թախիծ կա, Շոպենը նույնպես տխուր մեղեդիներ ունի, բայց միևնույն է Կոմիտասին և՛ երաժիշտները, և՛ երաժշտասերներն այլ կերպ են ընկալում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայկ Մելիքյանը:

Միջոցառման շրջանակում Կոմիտասի և Շոպենի ստեղծագործական զուգահեռներին նվիրված սեմինար անցկացրեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Տաթևիկ Շախկուլյանը: 

Նրա խոսքով` այս երկու կոմպոզիտորներից յուրաքանչյուրն իր մշակույթի ամենահայտնի ներկայացուցիչն է:  Երկուսն էլ համաշխարհային երաժշտության մասշտաբով անկրկնելի են, ուրույն ոճ են ստեղծել: «Շոպենը ռոմանտիզմի ներկայացուցիչ է, և նրա գործերն անհնար է շփոթել այլ կոմպոզիտորի ստեղծագործությունների հետ: Կոմիտասն օտարի համար չափազանց մոդեռն է հնչում: Նրանցից յուրաքանչուրը կարևորել է իր ազգի պարը: Կոմիտասը գրառել ու մշակել է դրանք, իսկ Շոպենը՝ ստեղծել»,-ասաց Շախկուլյանը:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շեշտեց, որ երկու հեղինակներն էլ ներկայացնում են երկու ազգությունների ավանդույթները. նրանք Հայաստանի և Լեհաստանի թանկարժեք քարերն են:

«Այս նշանակալի օրը անդրադարձել ենք Կոմիտասին և Շոպենին, քանի որ նրանց ավանդը համաշխարհային մշակույթում թույլ է տալիս ասել, որ նրանք՝ հանճարները, հասել են այնպիսի բարձունքի, որ վեր են ազգային պատկանելությունից: Նրանք ընկալելի են և հասանելի բոլորին»,-նշեց Հայաստանում Լեհաստանի դեսպանատան մշակութային բաժնի կցորդ Մելինե Եղոյանը: 

Միջոցառումն անցկացվեց Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աջակցությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]