Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մենք ունենք աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն. Արմեն Գրիգորյանը պատասխանել է Վիգեն Սարգսյանի հայտարարությանը

Մենք ունենք աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն. Արմեն Գրիգորյանը 
պատասխանել է Վիգեն Սարգսյանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի միջև «Ազգ-բանակ» հայեցակարգի վերաբերյալ հրապարակային բանավեճը շարունակություն է ստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն արձագանքել է Վիգեն Սարգսյանի հայտարարությանը, որով վերջինս հակադարձել  էր «Ազգ-բանակ» հայեցակարգի վերաբերյալ Արմեն Գրիգորյանի հնչեցրած մտքերին: Արմեն Գրիգորյանն ընդգծում է՝  այդ հարցում իրենք ունեն աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն, և բանավեճի ակունքներն այդտեղ պետք է փնտրել։

«Ձեր ընկալումների արդյունք է 1000 դրամով հարկերի բարձրացումը, տարկետման հետ կապված օրենքի ընդունումը, սովորողների ռազմահայրենասիրական դաստիրակության ռազմավարությունը և նման մի շարք այլ ձախողումներ։ Այս ամենը Ձեր կողմից առաջ քաշված «Ազգ-բանակ» գաղափարի մաս են կազմել, որի մասին էլ ես իմ հարցազրույցում շեշտադրում եմ կատարել։ Ավելին, «Ազգ-բանակ» հայեցակարգ էդպես էլ չի եղել, չկա կոնկրետ մեկ փաստաթուղթ, որի անունը լինի «Ազգ-բանակ» հայեցակարգ, դրանք ցրված մտքեր են։ Դուք չեք ամբողջացրել այդ ցրված մտքերն ու թողել եք այդպես, որպեսզի ցանկացած պահի հղում կատարեք Ձեզ շահեկան կողմին»,- նշում է Արմեն Գրիգորյանը։

Նա շեշտում է, որ ուժեղ Հայաստանի հիմքը ոչ թե ռազմահայրենասիրական լոզունգներն ու պրոպագանդան է, այլ իրական աշխատանքը. «Իմ ընկալումներում պաշտպանության բարձրացումը կախված է ազատ, արդար ընտրություններից, կոռուպցիայի նվազեցումից, մարդու իրավունքների պաշտպանությունից և մրցակցային շուկայից, որի արդյունքում տնտեսությունը կզարգանա, քաղաքացիների բարեկեցությունը կբարձրանա»:

Արմեն Գրիգորյանը հավաստիացրել է, որ Հայաստանի անվտանգության նոր հայեցակարգում բանակը ամենաառանցքային դերն է ունենալու, և բանակի կայացման համար ինքը  ներդնելու  է իր  ամբողջ ներուժը։ «Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը հավաքական բարձր իմաստություն ունի, և ռազմահայրենասիրական հայեցակարգով չէ, որ ժողովրդին պետք է սովորեցնել հայրենիք սիրել։ Ժողովուրդը սիրում է հայրենիքը, պետք է ընդամենը պայմաններ ստեղծել, որպեսզի Հայաստանը զարգանա, ռեսուրսներն ավելանան, և ներդրվեն երկրի պաշտպանական համակարգի բարելավման գործում»,- եզրափակել է Արմեն  Գրիգորյանը։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ դեմ է «Ազգ-բանակ» հայեցակարգին, որովհետև հասարակությանը հայրենիքը սիրել սովորեցնելն անհրաժեշտ չէ: Պետք է ստեղծել պայմաններ, որ հայրենիքը սիրեն, հայրենիքում մնան: «Ես միշտ շատ վատ եմ վերաբերվել «Ազգ-բանակ» կոնցեպտին: Համոզված եմ, որ մեր հասարակությունը շատ գիտակից է, նրան անհրաժեշտ չէ առավոտից իրիկուն սովորեցնել ազգ սիրել: «Ազգ-բանակ» կոնցեպտն առաջարկողների հիմնական թեզն այն է եղել, որ քաղաքացիները չեն սիրում այս հայրենիքը, պետք է իրենց սովորեցնել»,- նշել է նա: Նա համոզված է, որ ժողովուրդը սիրում է իր հայրենիքը: Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ցանկացած ադեկվատ հասարակություն «Ազգ-բանակ»-ի անհրաժեշտություն չունի:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին զարմացրել են Արմեն Գրիգորյանի դիտարկումները: Նա, արձագանքելով Արմեն Գրիգորյանի դիտարկումներին, նշել է, որ «Ազգ-բանակ» հայեցակարգը ոչ թե հասարակությանը հայրենիք սիրել սովորեցնելու, այլ այն ավելի արդյունավետ պաշտպանելու կարողություն տալու մասին է: Վիգեն Սարգսյանի խոսքով, այն, ինչ Արմեն Գրիգորյանը ներկայացնում էր որպես այդ հայեցակարգի հիմնական թեզ, «Ազգ-բանակ»-ին վերաբերող որևէ փաստաթղթում, ելույթում և դրա շրջանակներում ներդրված որևէ ծրագրում չի կարողանա մատնանշել:Նա Արմեն Գրիգորյանին խորհուրդ է տվել չփորձել միավոր վաստակել՝ սևացնելով նախկինում արած աշխատանքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]