1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կոռուպցիայի դեմ պայքարը, հավասար մրցակցության ապահովումը պետք է լինեն կառավարության առաջնահերթությունները. տնտեսագետ

Կոռուպցիայի դեմ պայքարը, հավասար մրցակցության ապահովումը պետք է լինեն կառավարության առաջնահերթությունները. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոռուպցիայի դեմ պայքարը, հավասար մրցակցությունն ապահովելը, հարկաբյուջետային քաղաքականության վերանայումը  պետք է լինեն ՀՀ կառավարության առաջնահերթությունները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

«Կոռուպցիայի դեմ պայքարը շատ կարևոր գործոն է: Այս հարցում Հայաստանը չի բարելավել իր դիրքերը: Երբ գործարարները նայում են այդ ցուցանիշին, տեսնում են, որ երկրի ներսում հավասար մրցակցություն չկա, այդ դեպքում ինչպես ներդրումներ կանեն: Հետևաբար, այս ուղղությամբ լուրջ աշխատանք է պետք կատարել: Եվ կոռուպցիան միայն այն չէ, որ գումար են տալիս ինչ-որ գործարքի համար: Պետք է հաշվի առնել նաև այն դեպքերը, երբ որոշումները կայացվում են անձնական, խմբակային կուսակցական շահերից: Պատժիչ մեխանիզմները կան, բայց պետք է աշխատել նաև կանխարգելիչ ուղղությամբ»,-ասաց Աշոտ Թավադյանը:

Տնտեսագետը, աշխատելուց բացի, չափազանց կարևոր համարեց դրա հաշվետվողականությունը, գործունեության հրապարակայնության ապահովումը, պաշտոնյայի առջև հստակ խնդիրներ դնելը:

Աշոտ Թավադյանը դրական համարեց ֆինանսատնտեսական կառույցներում վերջին նշանակումները: Նա նկատեց, որ նոր պաշտոնյաները փորձառու են և հմուտ: Տնտեսագետը նշեց, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել կառավարությանը:

Տնտեսագետն անդրադարձավ նաև Հայաստանում որոշ ապրանքային շուկաներում գների նվազմանը: Նա նշեց, որ այս գործում իր ազդեցությունն ունի երկրում ստեղծված իրավիճակը, ՀՀ վարչապետի քաղաքական հայտարարությունները, ինչից հետո բիզնեսը գների վերանայում է կատարում: Աշոտ Թավադյանը նշեց, որ էներգակիրների գները վերանայելու տեղ կա, դա իր հերթին կնպաստի երկրի մրցունակության բարձրացմանը:

«Այն ինչ արվում է, առաջին քայլերն են, հասկանալի է, որ աշխատանքը պետք է շարունակվի: Մեր երկրում պետք է այնպիսի իրավիճակ լինի, որ ինստիտուտները լիարժեք ծառայեն ժողովրդին, խոսվի իրական ցուցանիշների մասին, այլ ոչ թե նախկինի պես, երբ որոշ պետական պաշտոնյաներ «համազգեստի պատիվ» էին պաշտպանում և դուրեկան թվեր ներկայացնում: Դա վերածվել էր աչքերին թոզ փչելու»,-հավելեց տնտեսագետը: Նրա խոսքով՝ մեր տնտեսությունում սաբոտաժ կազմակերպելու հավանականությունը շատ ցածր է, գրեթե զրոյական, քանզի բոլորն էլ հասկանում են երկրի տնտեսության վիճակը, մեզ շրջապատող որոշ հարևանների քաղաքականությունը:

Խոսելով Հայաստանի 2017 թվականի ցուցանիշների մասին՝ Աշոտ Թավադյանը նշեց, որ զգալի աճ է արձանագրվել, 5 տոկոսի սահմաններում: Արտահանումը կազմել է 22 տոկոս, դեպի Ռուսաստան արտահանումն աճել է 45 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ԵԱՏՄ-ին անդամակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]