1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գարո Փայլանը կմասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին

Գարո Փայլանը կմասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կրկին կառաջադրվի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Mezopotamya Ajansı գործակալությունը հայտնում է, որ Գարո Փայլանը կրկին ներառվել է քրդամետ կուսակցության թեկնածուների ցուցակում:

Ի տարբերություն, սակայն, 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների, որտեղ Փայլանն առաջադրվել էր Ստամբուլում, այս անգամ նրա թեկնածությունը կառաջադրվի Դիարբեքիրում:

Գարո Փայլանը պատգամավոր ընտրվելուց ի վեր աչքի է ընկել Թուրքիայի մեջլիսում իր համարձակ ելույթներով: Դրանցում նա բազմիցս բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին՝ կոչ անելով իշխանություններին առերեսվել սեփական պատմությանն ու ընդունել սեփական հանցանքը: Պատգամավորն անգամ համապատասխան առաջարկ էր ներկայացրել, որով նախատեսվում էր 1915 թվականի դեպքերը պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն: Առաջարկը, սակայն, մերժվել էր: Նա նաև պարբերաբար բարձրաձայնել է պոլսահայ համայնքին հուզող հարցերը, մասնավորապես Պոլսո Հայոց պատրիարք ընտրելու անհրաժեշտության հարցը:

Խորհրդարանի ամբիոնից ցեղասպանության մասին խոսելու համար նա անգամ ենթարկվել է կարգապահական տույժի: Բացի այդ, օրերս հայտնի դարձավ, որ նրա դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել: Հետաքննության շրջանակում կազմվել է նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջագիր:

Նախորդ՝ 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում թուրքական մեջլիսն ուներ 3 հայ պատգամավոր՝ Գարո Փայլանը, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից առաջադրված իրավաբան Սելինա Դողանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված հայ լրագրող Մարգար Եսայանը:

Հունիսի 24-ի ընտրություններին ընդառաջ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը հրապարակել էր իր թեկնածուների ցուցակը, որտեղ բացակայում է Սելինա Դողանի անունը:

Ինչ վերաբերում է Մարգար Եսայանի հնարավոր առաջադրմանը, ապա դա պարզ կլինի իշխող կուսակցության կողմից ցուցակների հրապարակումից հետո:

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը պետք է ամենաուշը մայիսի 21-ին բարձրագույն ընտրական խորհրդին ներկայացնեն իրենց թեկնածուների ցուցակները:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի: Ընտրություններից հետո նախկինում 550 պատգամավորական մանդատ ունեցող խորհրդարանում այսուհետ կլինեն 600 պատգամավորներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]