Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Նվիրիր կյանք»-ի տնօրենը հավաստիացնում է` հիմնադրամը կշարունակի գործունեությունը

«Նվիրիր կյանք»-ի տնօրենը հավաստիացնում է` հիմնադրամը կշարունակի 
գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը  կշարունակի գործել և  իր ներուժն ուղղել քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանը՝ անդրադառնալով հիմնադրամի գործունեության դադարեցման մասին լուրերին:

«Ներքաղաքական փոփոխություններից հետո տեխնիկական ինչ-որ բաներ փոխվեցին հիմնադրամի գործունեության մեջ: Մենք միայն ժամանակավորապես սառեցրինք մեր գործունեությունը: Դա չէր նշանակում, որ հիմնադրամի շահառու երեխաների համար ֆինանսավորումը դադարեցվելու էր, պարզապես երկու ամիս նոր շահառու չէինք վերցնելու: Սակայն դա բուռն արձագանք գտավ, շատ ծնողներ և երեխաներ խուճապի մատնվեցին: Եվ դա էր պատճառը, որ հոգաբարձուների խորհուրդը հավաքվեց և որոշեց, որ ոչինչ չի սառեցվելու»,-ասաց Վերժինե Ոսկանյանը:

Հարցին` եթե չլինի Առաջին տիկնոջ կարգավիճակով Հոգաբարձուների խորհրդի նախագահի խոսքը (հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը ՀՀ երրորդ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանն է), ֆինանսական հոսքերը կլինե՞ն նույն կերպ, խոշոր հարկատուները գումար կփոխանցե՞ն, նա պատասխանեց` ժամանակավոր սառեցումն արել էինք հենց այդ խնդիրները հասկանալու նպատակով: «Դա արել էինք, որ հասկանանք, թե ինչպես ենք հավաքելու գումարներն այսուհետ: Մենք նոր քաղաքականություն կորդեգրենք, կհասկանանք, թե ինչպես ենք ապահովելու հոսքերը: Սակայն ոչինչ չենք դադարեցնի, կլինեն ֆինանսական հոսքեր»,-ասաց Ոսկանյանն ու հավելեց, որ իրենք կդիմեն Ռիտա Սարգսյանին և կառաջարկեն մնալ հոգաբարձուների խորհրդում:

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ մայիսի 17-ին տեղի էր ունեցել հրատապ աշխատանքային հանդիպում մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների և մասնագետների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների հետ կապված հիմնախնդիրները և դրանց լուծման կարճաժամկետ ու երկարաժամկետ ուղիները: «Նվիրիր կյանք» հիմնադրամը հրավիրված չի եղել հանդիպմանը: Հոգաբարձուների խորհրդի անդամ Շուշանիկ Արևշատյանի կարծիքով՝ չեն հրավիրվել հավանաբար տարածված այն լուրի պատճառով, թե հիմնադրամը փակվել է: Հարցին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը կընգրկվի՞ խորհրդի կազմում, Արևշատյանն ասաց, որ իրենք առկա կազմով դեռ բավական են: «Այդ հանդիպման ժամանակ Աննա Հակոբյանն ասել էր, որ նախագահ դառնալու մտադրություն չունի, սակայն պատրաստակամություն է հայտնել աջակցել, եթե կարիքը լինի»,-նկատեց Արևշատյանը:

Նա կոչ արեց չքաղաքականացնել բարեգործությունը: Շատ ընտանիքներ դրանից խուճապի են մատնվում: «Նախկինում Առաջին տիկնոջ կարգավիճակով Ռիտա Սարգսյանը նամակներ էր գրում գործարարներին՝ հիվանդ երեխաներին աջակցելու նպատակով: Ստանում էինք գումարներ, որոնք կազմում էին հիմնադրամի հանգանակած գումարի 20-30 տոկոսը: Հիմա, եթե նույն նամակները գրվեն, չգիտենք, թե ինչ պատասխան կստացվի: Այդ նպատակով որոշեցինք գործունեությունը որոշ ժամանակով սառեցնել»,-պարզաբանեց Արևշատյանը:

Նրա խոսքով` կդիմեն բժշկական դրամաշնորհներ ստանալու համար, կփորձեն հայթայթել շատ ֆինանսական միջոցներ:

«Նվիրիր կյանք» հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին ռուսաստանյան համանուն հիմնադրամի աջակցությամբ:

2010-ին հիմնադիրների խնդրանքով հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ է դարձել ՀՀ 3-րդ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը: Խորհրդի կազմն ընդլայնվել է` դառնալով 13: Հիմնադրամի առաքելությունն է օգնության ձեռք մեկնել երեխաներին: Այն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով եւ արյան հիվանդությամբ տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը: Բարեգործական հիմնադրամը դիմել էր Մուրացան համալսարանական կլինիկա, Յոլյանի անվան արյունաբանական արյունաբանական ինստիտուտ և Ֆանարջյանի անվան օնկոլոգիական կենտրոն` խնդրանքով ստեղծել փորձագետների խորհուրդ: Բարեգործական հիմնադրամի ֆինանսական մասը ապահովվել է հետևյալ կերպ` երկու տարին մեկ նամակներ են ուղարկվել հազար խոշոր հարկատուներին, կազմակերպվել են բարեգործական համերգներ, նկարների ցուցահանդես վաճառքներ: Հիմնադրամը ունեցել է նաև մշտական հովանավորներ:

Հիմնադրամի աջակցությամբ 150 երեխա լիարժեք առողջացել է:  Միջազգային փորձագետների գնահատմամբ՝ այն շատ լավ ցուցանիշ է: 465-ն այս պահին շարունակում են բուժումը: Հիմնադրամի շահառու երեխաների ընդհանուր թիվն է 685: Ֆինանսական հոսքերը մոտ 2 մլրդ դրամ են եղել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]