Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմն ազգի տոկունության մասին է  

Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմն ազգի տոկունության մասին է

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմը Նյու Յորքի Սոցիալապես նշանակալից ֆիլմերի միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն խաղարկային ֆիլմ» և «Լավագույն դերասանուհի» մրցանակներին։

«Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմը «28:94. տեղական ժամանակի» կրճատ տարբերակն է։

Ֆիլմը, որն այս մրցանակներից բացի բազմաթիվ այլ միջազգային պարգևների է արժանացել, պատմում է 90-ականներին հայաստանյան ճգնաժամային պայմաններում սոցիալապես և հոգեպես ծանր կացության մեջ հայտնված ամուսնական զույգի, նրա հույզերի, հուշերի, երազանքների մասին:

«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ԱՄՆ-ից վերջերս վերադարձած Դավիթ Սաֆարյանի հետ:

«Շատերն ասում են, որ ես երկար եմ աշխատում: Այդպես չէ, երկար չեմ աշխատում. երկար պայքարում եմ, երկար սպասում: Առաջին երկու նկարահանման օրից հետո, երեք ու կես տարի դադար եմ ունեցել։ Վերսկսելով, մեկ շաբաթ նկարահանումներից հետո, ստիպված եմ եղել երկու և կես տարի սպասել։ Հետո ևս մեկ ու կես տարի։ Ապա՝ բազմաթիվ կարճատև ու երկարատև դադարներ։ Հիմա հաշվեք։ Բայց երբ ֆիլմն ավարտելուց հետո ողջ թղթարարությունն ի մի էի բերում, քանզի հանգամանքների բերումով, դարձել էի նաև ֆիլմի պրոդյուսերը, պարզվեց, որ ընդամենը 48 նկարահանման օր եմ ունեցել։ Ամենախիստ միջազգային չափանիշներով նույնիսկ սա շատ սեղմ ժամկետ է 2 ժամ 10 րոպե տևողություն ունեցող խաղարկային ֆիլմի նկարաhանման համար։ Բայց այս սակավաթիվ օրերն իրարից հեռացել, ձգվել, դարձել էին տարիներ։ Ֆիլմի ստեղծման հետ կապված աշխատանքները տևել են ավելի քան 20 տարի: Դա մի թիվ չէ, որով կարելի է պարծենալ, դա ուղղակի մի իրողություն է, որն իր դրական և բացասական կողմերն ունի: Առավել ստույգ՝ 23 տարի իմ կյանքը կապված է եղել այս կինոնկարի հետ:

«Տաք երկիր, ցուրտ ձմեռ»-ի  հիմնական ասելիքը ֆիլմում բարձրաձայնում է Տիգրանը՝ գլխավոր հերոսներից մեկը, որի կերպարն անզուգականորեն կերտել է դերասան Աշոտ Ադամյանը. «Երբ ապրելու պայմաններն անտանելի են դառնում, մարդը շատ արագ կորցնում է իր դեմքը: Մենք տարիներ ապրեցինք անմարդկային պայմաններում, փառք Աստծո, մարդ մնացինք։ Դա՛ է կարևորը»:

1993 թվականին ես դա դեռ չէի կարող ասել, քանի որ պարզ չէր՝ կդիմանա՞նք,  արդյոք։ Այսօր, հատկապես այսօր, ես դրանում համոզված եմ: Վերջին շրջանում մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները դրա վառ ապացույցն են: Այո՛, մենք կարողացել ենք պահպանել մեր մարդկային դեմքն ու դիմագիծը, մենք կարողացել ենք մարդ մնալ անմարդկային պայմաններում։ Ես ուրախ եմ, որ այս իրողությունը համոզված կանխատեսել եմ տարիներ առաջ։ Ֆիլմի ռեժիսորական տարբերակը, որում և ոչ մի տեքստային փոփոխություն հետագայում չի կատարվել, պատրաստ է եղել 2014 թվականին։

Այսօրվա իմ ամենամեծ իղձն է, որ հայ հանդիսատեսը, որի համար էլ կատարվել է այս ամբողջ աշխատանքը և որին, առաջին հերթին, ուղղված է ֆիլմը, վերջապես տեսնի այն։ Ես ոչինչ չեմ շփոթում. խոսքը այն սակավաթիվ հանդիսատեսի մասին չէ, որին բախտ է վիճակվել տեսնել կինոժապավենը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում, Երևանի որոշ կինոթատրոններում առանց պատշաճ գովազդի մի քանի ցուցադրումների մասին չէ։ Խոսքը լայն հանդիսատեսի, իսկապես մեծ էկրանի վրա ցուցադրումների մասին է։ Երևանը, չգիտեմ ինչ-ինչ պատճառներով, խլեց ինձնից իմ հանդիսատեսին։ Նյու Յորքը կարողացավ վերադարձնել ինձ նրան։ Սեպտեմբերին Բենիլյուքսի երկրներում սկսվում է «Տաք երկիր, ցուրտ ձմեռ»-ի ցուցադրումը կինոթատրոններում։ Հետո… չթվարկեմ։ Հուսամ, որ այս միջազգային մրցանակները և ցուցադրումներն արտասահմանում, խթան կհանդիսանան մեկ անգամ ևս փորձելու ծանոթացնել մեր հանդիսատեսին իր մասին և իր համար ստեղծված կինոնկարին։

Ֆիլմում, բացի Աշոտ Ադամյանից, ով արվեստասերներին առավել հայտնի է «Կտոր մը երկինք»-ում Թորիկի դերակատարմամբ, և Յանա Դրուզից, ում մեր հանդիսատեսը նույնպես քաջ ծանոթ է խորհրդային շրջանի մի շարք ֆիլմերից և հատկապես առայսօր մեծ ժողովրդականություն վայելող «Հավերժական կանչ» հեռուստատեսային սերիալից, հանդես են գալիս Վիգեն Ստեփանյանը, Հրաչյա Հարությունյանը և մի շարք այլ հայտնի դերասաններ։ Իսկ Կարեն Ջանիբեկյանի և Հեղինե Հովհաննիսյանի՝ ֆիլմում կերտած վառ կերպարներն, ավաղ, նրանց վերջին աշխատանքները եղան: Իրոք, մեծ ու փոքր դերեր չկան։ Նույնիսկ ամենակարճ դրվագում հայտնված դերասանը կատարել է մի անգնահատելի աշխատանք։ Խորապես շնորհակալ եմ դերասանական ողջ կազմին։ Նաև նկարահանող խմբի բոլոր անդամներին, հատկապես, բեմադրող-օպերատոր Արմեն Խաչատրյանին, բեմադրող-նկարիչներ Միքայել Անտոնյանին և Վարդան Սեդրակյանին։

Սաֆարյանի խոսքով, երբ ֆիլմն ավարտին է հասցրել, ինքն իրեն հարցրել է, թե ի՞նչ է անելու հիմա: «Այնպիսի տպավորություն էր, որ կողակիցդ հեռացել է քեզնից, մենակ ես մնացել: Այո, այդ ժապավենն ինձ համար կողակցի պես մոտ է եղել տարիներ շարունակ։ Իհարկե, բաժանվելը դժվար պիտի լիներ։ Բայց հիմա հասկանում եմ, որ չենք բաժանվել, նա վերադարձել է»,-խոստովանեց նա։

Ռեժիսորն ընդգծեց, որ կինոնկարը նաև իր անձնական պատմությունն է: Այն ինքնակենսագրական չէ, բայց շատ պատմություններ իրենն են, իր ընտանիքինը, մերն են: Սաֆարյանը շեշտեց, որ ֆիլմը նվիրված է Սարգիս Սաֆարյանին, իր պապին, որը, Համո Բեկնազարյանի հետ գալով Երևան, «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիրներից մեկն է դարձել։ «Այսօր կորցրել ենք «Հայֆիլմը»։ Այդ առումով ես նաև անձնական պատասխանատվություն եմ զգում։ Հուսամ` մի օր կկարողանանք այն վերածնել»,-եզրափակեց Սաֆարյանը:

Խոսելով  իր հաջորդ ֆիլմի մասին՝ ռեժիսորը նշեց միայն, որ այն հեքիաթ է լինելու, հեքիաթ՝ հիմնված մի իրական կենսագրության վրա:

«Տաք երկիր, ցուրտ ձմեռ» («28:94. տեղական ժամանակ») կինոնկարի պրեմիերան կայացել է Էստոնիայում, Տալլինի «Սև գիշերներ» Ա-կարգի միջազգային կինոփառատոնում: Ցուցադրվել է մեկ այլ Ա-կարգի՝ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրում։ Արժանացել է մոսկովյան «Լուսաշող հրեշտակ» միջազգային կինոփառատոնի նույնանուն մրցանակին, Երևանի 13-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Հրանտ Մաթևոսյանի անվան «Լավագույն սցենար» և ժյուրիի հատուկ մրցանակին: Հայաստանի ազգային կինոակադեմիան ֆիլմին շնորհել է երկու կարևոր մրցանակ՝ «Լավագույն կին դերակատար» (Յանա Դրուզ) և «Լավագույն բեմադրող-նկարիչ» (Մ. Անտոնյան և Վ. Սեդրակյան): Ֆիլմը ներառվել է Նիդեռլանդների կինոթանգարանի հավաքածուի մեջ:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]