Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տարածաշրջանում միակ «Սիթիզեն» մանկական քաղաքը հյուրընկալեց ԶԼՄ ներկայացուցիչներին և նրանց երեխաներին

Տարածաշրջանում միակ «Սիթիզեն» մանկական քաղաքը հյուրընկալեց ԶԼՄ 
ներկայացուցիչներին և նրանց երեխաներին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքը հյուրընկալեց ԶԼՄ-ի ներկայացուցիչներին և նրանց երեխաներին` հետաքրքիր և զվարճալի օր անցկացնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`միջոցառման ընթացքում ԶԼՄ-ների ներկայացուցիչները և նրանց երեխաները շրջեցին մասնագիտությունների քաղաքով, ինչից հետո երեխաները հնարավորություն ունեցան դերային խաղերի միջոցով մասնագիտությունների տաղավարներում կերպարանափոխվել և բացահայտել ամենահետաքրքիր մասնագիտությունների գաղտնիքները, ձեռք բերել օգտակար հմտություններ, նոր գիտելիքներ, որոնք հաջողությամբ կարող են օգտագործել առօրյա կյանքում:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Հյուրերին ներկայացնելով «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաք նախագծի կոնցեպտը՝ նախագծի ղեկավար Արեն Ափիկյանն ասաց. «Մեր նախագծի հիմքում կրթության և զվարճանքի համատեղելիության կոնցեպտն է, որը նոր չէ և շատ ընդունված է ամբողջ աշխարհում: Նմանատիպ ամենամեծ կենտրոնը՝ Քիդզանիան հիմնվել է 20 տարի առաջ Մեքսիկայում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում: Կա Մոսկվա, Դուբայ մեգապոլիսներում: Մենք ստեղծեցինք մեր քաղաքի մասշտաբներին համապատասխան կենտրոն, որի աշխատանքները տևեցին 2 տարի»:

Արեն Ափիկյանը նշեց, որ համագործակցում են հիմնադրամների հետ և իրականացնում տարբեր ծրագրեր, որոնց միջոցով  խոցելի խմբերի անապահով, սահմանափակ կարողություններով երեխաներին հնարավորություն են տալիս այցելել մասնագիտությունների քաղաք:

«Մենք ամեն ամիս մոտավորապես 150 երեխայի անվճար հյուրընկալում ենք մեզ մոտ: Այժմ նոր ծրագիր ենք պատրաստվում իրականացնել, որը կսկսենք հաջորդ ուսումնական տարվանից՝ սեպտեմբերից: Աշխատելու ենք դպրոցների հետ, մարզպետարանների, քաղաքապետարանների միջոցով, որպեսզի ամեն դպրոցից՝ հատկապես գյուղական համայնքների դպրոցներից, անպայման 7-10 տարեկան երեխաները  գոնե 1 անգամ հնարավորություն ունենան այցելելու «Սիթիզեն», -հավելեց  մանկական քաղաք-նախագծի ղեկավար Արեն Ափիկյանը:

Խոսելով նախագծի առանձնահատկությունների մասին՝ «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքի տնօրեն Նատելլա Ղազարյանն ասաց, որ նախագիծը ստեղծելիս ուսումնասիրվել է միջազգային փորձը և ընտրվել լավագույն տարբերակն ու այն տեղայնացվել: «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքը տարածաշրջանում առաջինն ու դեռևս միակն է իր տեսակի մեջ: Այն իրական քաղաքի մոդել է, որն ունի հրապարակ, փողոցներ, շենքեր, հաստատություններ և բոլոր քաղաքներին բնորոշ այլ ենթակառուցվածքներ՝ ոստիկանություն, փրկարար ծառայություն, բանկ, սրճարան, հիվանդանոց և այլն»,-նշեց նա:

 «Սիթիզենը» նախատեսված է 4-14 տարեկան երեխաների համար: Մանկական քաղաքն ունի իր կանոնակարգը, որը պարտադիր է այցելուների համար։ Այն հարմարեցված է շարժողական խնդիրներ ունեցող այցելուների ազատ տեղաշարժման համար։ Այստեղ կան թեքահարթակներ, ավտոկայանատեղի, վերելակ ու սանհանգույցներ: 

Նատելլա Ղազարյանը հավելեց, որ նախագիծը ստեղծվել է նպատակ  ունենալով երեխաների մեջ զարգացնել ինքնուրույնություն, որոշումներ ընդունելու և թիմում հարաբերություններ կառուցելու կարողություն։

«Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքում ներկայացված են 23 հաստատություն։ Երեխաներն այստեղ խաղային միջավայրում ծանոթանում են 60-ից ավելի մասնագիտությունների և ընթացքում հաղթահարում մարտահրավերները՝ դառնալով ավելի ինքնավստահ և դրսեւորելով ստեղծագործական մտածողություն։

Մինչ երեխաները «Սիթիզենում» փորձեցին իրենց ուժերը տարբեր մասնագիտական ոլորտներում, այդ ընթացքում ծնողները «Փլեյ Սիթի»-ում մասնակցեցին «Կարտինգ մեդիաների համար» հատուկ մրցարշավին՝ կարտերով սլանալով 1000 մ երկարությամբ կարտինգի երթուղով:

«Գործունեության 16 տարում «Փլեյ Սիթի»-ում գործում են բազմապիսի զվարճանքներ թե´ երեխաների, թե´ մեծահասակների համար: Ամենապահանջվածն  է կարտինգի վազքուղին իր մեքենաներով։ Մեր կարտոդրոմը համապատասխանում է միջազգային ստանդարտներին և հագեցած է անհրաժեշտ  բոլոր պարագաներով, որոնք բավարարում են ինչպես սկսնակ, այնպես էլ հմուտ և պրոֆեսիոնալ վարողների պահանջները։ Այս տարի մրցուղում իրականացվել են բարեկարգման և տեխնիկական վերազինման աշխատանքներ, ինչպես նաև ամբողջովին նորացվել է կարտինգի մեքենաների պարկը: Այսուհետ այցելուների տրամադրության տակ են բոլորովին նոր գերմանական Rimo Alpha կարտերը, որոնց շարժիչներն ունեն 9,5 ձիաուժ հզորություն և կարող են զարգացնել մինչև 80 կմ/ժ արագություն»-, ասաց «Փլեյ Սիթի»-ի մարքեթինգի ղեկավար Նարեկ Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ մրցուղում խստագույնս պահպանվում են անվտանգության կանոնները, բոլոր այցելուները մինչ մեկնարկը անցնում են անվտանգության կանոնների պահպանման հրահանգավորում, ստանում մրցարշավորդի համազգեստ և սաղավարտ, ինչպես այսօր իրենց փորձով համոզվեցին լրատվամիջոցների ներկայացուցիչները:

 «Փլեյ Սիթի»-ի կարտինգի մրցուղու երկարությունը 1 կմ է, գրանցված ռեկորդը՝ 1ր 03 վրկ, ստանդարտ կարտերից բացի, այստեղ առկա են նաև երկու տեղանոց մանկական և մարզական տարբերակներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]