Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ֆագոտահար-դիրիժորի երաժշտական ոդիսականը. Նիկոլայ Պողոսյանի «Նորամուտը»  

Ֆագոտահար-դիրիժորի երաժշտական ոդիսականը. Նիկոլայ Պողոսյանի «Նորամուտը»

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նորամուտ»-ի այսօրվա հերոս Նիկոլայ Պողոսյանը յուրահատուկ երաժշտական ճանապարհ է անցել: Սկզբում նվագելով սաքսոֆոն՝ Նիկոլայը սիրահարվել է ֆագոտին,  իսկ վերջին տարիներին այդ գործիքին զուգահեռ իր ձեռքն է վերցրել դիրիժորական փայտիկը: «Արմենպրես»-ի հեղինակային  «Նորամուտ» նախագծում ֆագոտահար-դիրիժոր Նիկոլայ Պողոսյանը պատմում է մասնագիտության ընտրության, ժամանակակից կոմպոզիտորների գործեր նվագելու և պրոֆեսիոնալ հանդիսատես կրթելու կարևորության մասին:

Սաքսոֆոնն ու ֆագոտը

Երաժշտությամբ սկսեցի զբաղվել ավանդական տարիքից մի փոքր ավելի ուշ: Քույրիկս փոքր տարիքից դաշնամուրի դասերի էր հաճախում: Ես 13 տարեկան էի, սաքսոֆոն էի ուզում նվագել, և այնպես ստացվեց, որ ընդունվեցի երաժշտական դպրոց: Երկու տարի սաքսոֆոն նվագելուց հետո ինձ համար հայտնաբերեցի ֆագոտը: Մեր ծանոթներից մեկի երեխան ֆագոտի դասերի էր հաճախում: Գործիքն ինձ շատ հետաքրքրեց:  Ինձ նաև շատ դուր եկավ ֆագոտի ուսուցիչը՝ Գարրի Մալյանը. շատ հետաքրքիր անձնավորություն էր, իմ մեջ մեծ սեր առաջացրեց գործիքի նկատմամբ: Ընդամենը մեկ տարի ֆագոտ նվագելուց հետո կոնսերվատորիա ընդունվեցի: Այդ ժամանակ 16 տարեկան էի:

Համագործակցություն նվագախմբերի հետ

Կոնսերվատորիա ընդունվելու տարում օպերային ստուդիայում մրցույթ հայտարարվեց, և ինձ աշխատանքի ընդունեցին: Երկրորդ կուրսում էի, Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային–սիմֆոնիկ նվագախմբում մրցույթ հայտարարվեց, ինձ վերցրին որպես առաջին ֆագոտ: Այնտեղ մեկ տարի աշխատելուց հետո տեղափոխվեցի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, 2003 թվականից մինչ օրս որոշակի ընդմիջմամբ աշխատում եմ թատրոնի նվագախմբում:

Կոնսերվատորիան ավարտել էի, երբ իմացա, որ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նվագախումբ է հավաքում: Հիմնադրման օրվանից մինչ օրս նվագում եմ Հայաստանի պետական երիտասարդական՝ այժմ սիմֆոնիկ նվագախմբում: 2015 թ. արժանացել եմ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին՝ երաժշտության մեջ ունեցած ավանդի և Երիտասարդական նվագախմբի 10-ամյակի կապակցությամբ:

2007-2015 թթ. նաև նվագել եմ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում:

Արդեն 14 տարի շրջագայում եմ տարբեր նվագախմբերի, անսամբլների հետ, մասնակցել եմ հեղինակավոր փառատոնների, եղել եմ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված 24/04 նվագախմբի անդամ. նվագախումբ, որը բաղկացած էր 40 երկրների երաժիշտներից: Նաև ֆագոտ եմ դասավանդում Երևանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում, դեռ մեկ աշակերտ ունեմ… Ամբողջ աշխարհում ֆագոտ նվագողները քիչ են:

Դիրիժորական վահանակի առջև

Վերջին տարիներին դիրիժորություն եմ սովորում ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի մոտ: 2017 թ. Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի՝ Չինաստանի հյուրախաղերին հանդես եմ եկել որպես դիրիժոր:

Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի հիմնում

Քառյակի անդամներով՝ ես, դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանը, կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը, ֆլեյտահար Գևորգ Ավետիսյանը, երկար տարիներ միասին նվագում ենք, աշխատանքից դուրս ընկերություն անում: Քառյակ ստեղծելու միտքը Լիլիթինն էր. ցանկություն կար ոչ ստանդարտ անսամբլ ստեղծել: Աշխարհում, երևի, մշտական գործող, համերգային գործունեություն ծավալող եզակի անսամբլներից է՝ եզակի գործիքների համադրությամբ: 2017 թ. Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը «Ծիծեռնակ» մրցանակաբաշխությանը ճանաչվեց «Տարվա լավագույն երաժշտախումբ»:

Մեր առաջին իսկ ելույթից հետո որոշ հայ կոմպոզիտորներ մեզ համար գործեր գրելու և նվիրելու ցանկություն հայտնեցին: Մենք արդեն 7 հայ ժամանակակից կոմպոզիտորի գործեր ենք կատարել, որոնք հատուկ մեզ համար են  գրված: Օրինակ՝ կոմպոզիտորներ Էդուարդ Հայրապետյանը, Սուրեն Զաքարյանը, Միխայիլ Կոկժաևը, Ժիրայր Շահրիմանյանը, Կարեն Անանյանը գործեր են գրել հատուկ Հարությունյան քառյակի համար:

Ժամանակակից կոմպոզիտորների գործեր կատարելու դժվար ու հեշտ կողմերը

Ժամանակակից կոմպոզիտորների գործերը մի կողմից շատ հեշտ է կատարել, մյուս կողմից՝ շատ դժվար: Մոտեցումը նույնն է, ստեղծագործությունը պետք է պրոֆեսիոնալ մակարդակով կատարել, իսկ հեշտ է այն առումով, որ գործն առաջին անգամ է կատարվում, երևի թե բոլորի համար նորություն է: Ավելի հեշտ է մատուցել նոր գործը, քան ավելի հայտնի գործեր: Հեղինակների հետ խորհրդակցում ենք, համագործակցում ենք. կոմպոզիտորն ասում է, ինչի մասին է գործը, ինչ է զգացել այն գրելիս, օգնում է փորձերի ժամանակ: Շատ հետաքրքիր աշխատանք է:

Սիրված ստեղծագործություններ

Կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանի «Սոնատն» առաջինն ես եմ կատարել: Երիտասարդական նվագախմբի հետ նվագել եմ նույն հեղինակի Ֆագոտի կոնցերտը: Իմ սիրելի երկերից են Տանցմանի «Սոնատինան», Սեն-Սանսի «Սոնատը», Մոցարտի և Վեբերի Ֆագոտի կոնցերտները, որոնք յուրահատուկ գործեր են:

 Պրոֆեսիոնալ հանդիսատեսի կարիք

Ոլորտում ամենամեծ խնդիրն է հանդիսատես կրթելը: Դասական երաժշտության համերգներին համեմատաբար ավելի քիչ հանդիսատես է ներկա գտնվում: Արտասահմանում հենց դպրոցներից զբաղվում են երաժշտական կրթությամբ: Հանրակրթական դպրոցներում պարտադիր որևէ գործիք են նվագում: Եթե պրոֆեսիոնալ երաժիշտներ էլ չեն դառնում, պրոֆեսիոնալ հանդիսատես է մեծանում, ինչը շատ հարցեր է լուծում: Նման վառ օրինակներից է Գերմանիան: Երաժշտի համար, երևի թե, ամենանպաստավոր միջավայրն ունեցող երկիրն է:

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Ֆելիքս Առուստամյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]