Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Նոյեմբեր

ՀՀ վարչապետը և նախագահը ներկա են եղել սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Արարատ գյուղում մայիսի 20-ի երեկոյան սպարապետ Վազգեն Սարգսյանի և ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգիստն է։

Գրետա Սարգսյանին, ում ժողովուրդը Գրետա մայրիկ է անվանում, վերջին հրաժեշտը տալու են եկել ընտանիքի բարեկամները, ընկերները, ներկա և նախկին իշխանությունների ներկայացուցիչներ:  

Գրետա Սարգսյանը 81 տարեկան էր, մահացել է երկարատև հիվանդությունից հետո, նա նաև ուղեղի կաթված է տարել: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Շանթ» հեռուստաընկերության նորությունների կայքից, Արարատ գյուղում, սպարապետի տանը եղել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները:

Գրետա մայրիկի հոգեհանգստի արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ: Նա իր ցավակցություն է հայտնել Գրետա մայրիկի որդիներին՝ Արամ և Արմեն Սարգսյաններին և խոնարհվելով՝ իր հարգանքի տուրքը մատուցել Գրետա մայրիկին:

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսn իր ցավակցություններն է բերել Գրետա մայրիկի ամուսնուն, զավակներին և հարազատներին: «Հոգելույս տիկին Գրետա Սարգսյանին Մենք ճանաչում ենք արցախյան հերոսական ազատամարտի տարիներից, երբ մեր ժողովրդին ներկայացավ հայուհու իր բարի ու ազնիվ նկարագրով և վեհ ու խրոխտ կեցվածքով՝ որպես հայ կնոջ օրինակելի կերպար: Հայրենասիրության ու ազգասիրության իր ոգին տիկին Գրետա Սարգսյանը փոխանցեց իր սիրելի զավակներին, ովքեր ծառայանվիրումով, հայրենիքի հանդեպ հավատարմությամբ, յուրաքանչյուրն իր հանձնառության մեջ բարի ավանդ ունեն ազգային ու հայրենական անդաստանում: Այդ ոգին էր, որ շողարձակեց հոգելույս սպարապետ, ազգային հերոս Վազգեն Սարգսյանի հայրենանվեր կյանքի ու գործունեության մեջ և նրա անունը անմահացրեց հայոց նորագույն պատմության մեջ: Բոլոր մեծ ու երախտարժան մարդկանց առաքինի կերպարում շողում է հերոս մայրերի լուսավոր ու պայծառ պատկերը, ովքեր կերտել են որդիներին՝ որպես հայրենյաց պաշտպաններ ու զինվորներ, ազգի նախանձախնդիր մշակներ, հանձնառու գործիչներ ու սպասավորներ՝ նրանց ընծայելով հարազատ ժողովրդին, Մայր հայրենիքին: Լուսահոգի Գրետա մայրիկը ավագ որդու՝ Վազգեն Սարգսյանի եղերական մահվան անամոք վիշտը սրտում՝ իր խոսքերով ու գործերով, ապրված ողջ կյանքով միշտ վառ պահեց հոգելույս սպարապետի հիշատակը և այսօր փոխադրվեց հավիտնեություն՝ միանալու սիրելի իր զավակին: Սիրելի սգակիր անդամներ Սարգսյան ընտանիքի, երկրավոր կյանքում սիրելիից բաժանումի սուգի և տրտմության մեջ մխիթարական է Հիսուս Քրիստոսի խոսքը, թե` Իրեն հավատացողները երանության պիտի արժանանան երկնքի արքայության մեջ, և նրանք չեն կորչի հավիտյան (Հովհ. 10.28): Այսօր երախտիքի և հարգանքի մեր տուրքը մատուցելով հոգելույս Գրետա մայրիկի վառ հիշատակին՝ մխիթարություն ենք ապրում, որ իր թողած բարի անունը և մշտապես դրսևորած մայրական քնքուշ սիրո ջերմությունը, հավատավոր ընթացքը փոխհատուցվելու են երկնային երանությամբ, քանզի «ով հավատում է, ընդունում է հավիտենական կյանքը», - ասաց Նորին Սրբությունը։

Գրետա Սարգսյանի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21-ին, ժամը 14։00֊ին՝ Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցուց։

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ