Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

Ամասիայում ազդարարվեց «ԵՄ-ն Շիրակի մարզին։ Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի  մեկնարկը


ԳՅՈՒՄՐԻ, 20  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Եվրամիության օրերի շրջանականում, Ամասիայում մայիսի 20-ին ազդարարվեց Եվրամիության  Տարածքային զարգացման պիլոտային ծրագրի կողմից համաֆինանսավորվող «ԵՄ-ն Շիրակի մարզին։ Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի  մեկնարկը:

Ծրագիրն իրականացվում է  «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության (ՄԿՄ), Ամասիայի համայնքապետարանի, Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի և Կանանց զարգացման ռեսուրսային կենտրոնի հետ։ Միջոցառմանը ներկա էին  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարար  Սուրեն  Պապիկյանը, ՀՀ  գյուղատնտեսության նախարար Արթուր  Խաչատրյանը, մարզային կառույցի և համայնքապետարանի պատասխանատուներ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ծրագրի նպատակն է աջակցել Շիրակի մարզում բրդի արժեշղթայի ձևավորմանը և զարգացմանը՝ գործող և նորաստեղծ ձեռնարկությունների մրցունակության բարձրացման և նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով: Ծրագրի շրջանակներում Ամասիա համայնքում կհիմնադրվի բրդի վերամշակման գործարան՝ 23 նոր աշխատատեղի ստեղծման հնարավորությամբ։

Նոր աշխատատեղեր ստեղծելու, տնտեսական զարգացմանը նպաստելու համար ծրագիրը կֆինանսավորի ՓՄՁ-ների կողմից առաջարկված 14 լավագույն բիզնես-առաջարկները՝ ապահովելով նվազագույնը 44 նոր աշխատատեղ: Ծրագրի ընթացքում զբաղվածության կենտրոններում հաշվառված շուրջ 150 աշխատանք փնտրողներ դասընթացների շնորհիվ կզարգացնեն իրենց հմտությունները՝ բարձրացնելով իրենց մրցունակությունը աշխատաշուկայում։ Եվրամիության կողմից համաֆինանսավորվող այս ծրագիրը կնպաստի նաև տարածաշրջանում ոչխարաբուծության զարգացմանը՝ կայուն եկամուտ ապահովելով տեղի ֆերմերների համար։

«Տնտեսական զարգացման կայունությունն ապահովված է, երբ իշխանությունները համագործակցում են մասնավոր, պետական և քաղաքացիական հասարակության կառույցների հետ՝ բարելավելու համար գործարար միջավայրը, պայմաններ ստեղծելով մասնավոր ոլորտի տնտեսական աճի ապահովման և աշխատատեղերի ստեղծման նպատակով: Այս  մոտեցումն է որդեգրել Եվրոպական միության և  ՀՀ  կառավարության կողմից իրականացվող տարածքային զարգացման պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում արդեն արձանագրել ենք  դրական արդյունքներ  ՏՏ  ոլորտում»,- նշեց դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարարությունը կարևորում է մարզերի համաչափ  զարգացումը:Այս  ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Շիրակի  մարզում բրդի արժեշղթայի  զարգացմանը, գործող և նորաստեղծ ձեռնարկությունների մրցունակության բարձրացման և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ծրագրի շրջանակներում Ամասիայում կհիմնադրվի բրդի վերամշակման գործարան՝ նոր աշխատատեղերի ստեղծմամբ: Ծրագիրը կնպաստի նաև  ոչխարաբուծության զարգացմանը՝ կայուն եկամուտ ապահովելով տեղի ֆերմերներին»,- ասաց  ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարար  Սուրեն  Պապիկյանը՝  հույս հայտնելով, որ գործընկեր կազմակերպությունների և  Եվրամիության հետ  հնարավոր կլինի նոր ծրագրերի իրականացումը, և այս ծրագիրը  հիմք կհանդիսանա  հանրապետությունում ոչխարաբուծության և գորգագործության զարգացման համար:

«Ամասիա  համայնքում բրդի վերամշակման գործարանի գործարկումը տարածաշրջանում տնտեսական զարգացման նոր հնարավորություններ  է ստեղծում: Փոքր  ու  միջին բիզնեսի մրցունակության բարձրացման և նոր  ստեղծվող աշխատատեղերի  շնորհիվ մարզում մրցունակության բարձրացման և  նոր  ստեղծվող աշխատատեղերի շնորհիվ կկրճատվի  աղքատության և  միգրացիայի ցուցանիշը: Ծրագիրը լավ հնարավորություն է ստեղծում նաև մարզում գործող փոքր  ու միջին ձեռնարկությունների համարԾրագրի արդյունքում մարզում կստեղծվի 60  և ավելի նոր  աշխատատեղ»,-իր խոսքում նշեց «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար  Վարդուհի Դադունցը։

Բացման պաշտոնական մասին հետևեց ծրագրի ներկայացումը՝ բրդի արժեշղթայի բաղադրիչների ինտերակտիվ ցուցադրության միջոցով։

 

Արմենուհի Մխոյան

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ