Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի միջազգային օրը Գյումրիում տեղեկատվական ակցիա և մոմավառություն են անցկացրել


ԳՅՈՒՄՐԻ, 20  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի միջազգային օրն այս տարի նշվում է մայիսի 20-ին: Մայիսի երրորդ կիրակի նշվող օրվա խորհրդով պայմանավորված, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը հետխորհրդային երկրներում» ծրագրի շրջանակներում Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ տեղեկատվական ակցիա և մոմավառություն՝ նվիրված ՁԻԱՀ-ից  մահացածների հիշատակին: Միջոցառման ընթացքում ծրագրում ընդգրկված երիտասարդները կազմակերպեցին վիկտորինա, ֆլեշմոբ՝ քվիլտի (մահացածներն խորհրդանշող  կտոր) շուրջ, իսկ ավելի ուշ  տեղի ունեցավ մոմավառություն, որին միացան նաև անցորդները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի համակարգող Աննա Հակոբյանը,  Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ-ով վարակված է  3400 մարդ, նրանց  միայն 60%-ը գիտի իր կարգավիճակի մասին:  100 000 բնակչի հաշվով ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Շիրակի մարզում։ ‹‹Հենց  այդ  փաստը հաշվի առնելով՝  ծրագիրը խիստ կարևորում է  ՄԻԱՎ-ի մասին իրազեկումը՝ հատկապես աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքի անդամների շրջանում։  Միջոցառման գլխավոր դերում ծրագրի ‹‹Երիտասարդական ակումբն›› էր, որն առանցքային նշանակություն ունի ծրագրի իրականացման մեջ։  Այսօր աշխարհում կա մոտ 37 միլիոն ՄԻԱՎ-ով ապրող մարդ, և ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին նվիրված մոմավառությունը մեծ կարևորություն ունի գլոբալ համերաշխության և խտրականության արգելքները ոչնչացնելու և նոր սերունդներին լավատեսորեն հուսադրելու մեջ»,-նշեց Աննա Հակոբյանը։

‹‹ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը գյուղական համայնքներում» ծրագիրն իրականացվում է դեռևս 2012 թվականից, որի շրջանակներում Շիրակի մարզի 60 գյուղական համայնքներում կատարվել են ՄԻԱՎ-ի և վերարտադրողական առողջության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքներ, ինչպես նաև գյուղաբնակներին տրվել է ՄԻԱՎ-ի և հարակից հիվանդությունների անվճար և անանուն հետազոտության հնարավորություն։ ‹‹ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը հետխորհրդային երկրներում» ծրագիրը նախորդի տրամաբանական շարունակությունն է։ Վերջինս համատեղ իրականացվող ծրագիր է Վրաստանի և «Կարիտաս Օդեսայի» հետ և ընդգրկում է Շիրակի մարզի ևս 60 գյուղական համայնք։ Այս ծրագրում նաև իրազեկման աշխատանք է տարվում 60 համայնքների դպրոցների հետ։ 

Ծրագիրը ֆինանսավորվում է «Կարիտաս Ավստրիայի» և «Ավստրիայի զարգացման գործակալության» կողմից:

 

 Արմենուհի Մխոյան




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ