Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

«Երևան 2800» գորգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակում ներկա է գտնվել «Մեգերյան կարպետ» ընկերության կողմից պատրաստված «Երևան 2800» գորգի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ «Մեգերյան կարպետ» ընկերության հետ համատեղ «Երևան 2800» գորգի ստեղծման մեկնարկը տրվեց ուղիղ մեկ տարի առաջ, որն ինքնատիպ նվեր պետք է դառնար մայրաքաղաքի հոբելյանին: 

«Մեգերյան կարպետ» ընկերության գլխավոր տնօրեն Րաֆֆի Մեգերյանը, շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին գորգի ստեղծման առաջին իսկ օրվանից ընկերությանն աջակցելու համար, նկատել է, որ «Երևան 2800» գորգն իսկապես կարևոր նվեր է Երևանին:

«Պարոն քաղաքապետ, գորգի ստեղծման առաջին իսկ օրվանից, Դուք մեզ հետ միասին արեցիք հնարավորը, որ ամեն ինչ համահունչ ու գեղեցիկ լինի, ինչպես Երևանն է այսօր: Այս գորգն իսկապես կարևոր նշանակություն կունենա Երևանի հազարամյակների պատմությունը մեր սերունդներին ներկայացնելու գործում», - նշել է Րաֆֆի Մեգերյանը:

Այնուհետ տեղի է ունեցել «Երևան 2800» գորգի հանդիսավոր բացումը, որի պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և «Մեգերյան կարպետ» ընկերության գլխավոր տնօրեն Րաֆֆի Մեգերյանին:

Իր հերթին ողջունելով ներկաներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Մեգերյան ընտանիքին և գորգագործ բոլոր վարպետներին՝ նվիրված աշխատանքի և նախաձեռնությունը կյանքի կոչելու համար:  

«Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ մենք բազմաթիվ միջոցառումներ ունենք, որի մի մասն էր կազմում նաև «Երևան 2800» գորգի ստեղծումն ու հանձնումը Երևանի պատմության թանգարանին: Շնորհակալություն եմ հայտնում Մեգերյան ընտանիքին, ընկերության գորգագործներին, բոլոր աշխատակիցներին, որ կարողացան ժամանակին ավարտել Երևանի 2800-ամյակին նվիրված այս աշխատանքը: Այսօր մեր սերունդներին ենք փոխանցում ինքնատիպ մի գորգ, որում ներկայացված են Հայաստանի բոլոր 12 մայրաքաղաքները: Եվ, ընդհանրապես, բոլորիս համար իսկապես հպարտություն է, որ մասնակիցն ենք դառնում Երևանի հիմնադրման 2800-ամյակի թե՛ այս և թե՛ բոլոր միջոցառումներին ու նախաձեռնություններին», - նշել է քաղաքապետը:

Հանդիսավոր արարողության ժամանակ, Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ, գորգագործության մշակույթի պահպանման, զարգացման և տարածման, ինչպես նաև ձեռագործ գորգերի արտադրության գործում ներդրած ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Մեգերյան կարպետ» ընկերությանը պարգևատրել է Երևանի 2800-ամյակի հուշամեդալով:

«Երևան 2800» հոբելյանական միջոցառումների ծրագրով «Երևան 2800» գորգի ստեղծման աշխատանքների իրականացման, գորգագործության մշակույթի պահպանման, զարգացման և տարածման համար «Մեգերյան կարպետ» ընկերության դիզայներ Նաիրա Մխիթարյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրով:

«Մեգերյան կարպետ» ընկերության գորգագործներ Լիլիթ Վարդանյանը, Ռոզա Սարգսյանը, Սուսաննա Ասատրյանը, Գոհար Թութխարյանը, Աննա Բադալյանը և Ջուլիետա Սեխլեյանն էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրով: 

Նշենք, որ բնական հումքով, բրդյա թելերով գործված գորգի լայնությունը 4մ է, երկարությունը՝ 7մ: Հոբելյանական գորգի կենտրոնական դաշտում պատկերված է Երևանի ծննդյան վկայականը՝ ուրարտական շրջանի սեպագիր արձանագրությունը: Գորգի հիմնական խորհրդանշական տարրերն են կենտրոնական դաշտի աջ և ձախ կողմերում գտնվող  կերպարները՝ Էրեբունի բերդաքաղաքի հիմնադիր Արգիշտի արքան և նոր Երևանի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Կենտրոնական դաշտն ամփոփում է նաև Կենաց ծառ խորհրդանշական պատկերը, որը ճյուղավորվում և շարունակվում է՝ վերևում դառնալով սոսու տերև: Դրանք երկուսն էլ խորհրդանշում են կյանքի շարունակականության գաղափարը: Կենտրոնական դաշտում պատկերված են նաև տասներկու մայրաքաղաքները ներկայացնող զարդանախշ տարրեր, որոնք թվագրվում են ըստ իրենց ժամանակաշրջանների: Բացի այդ, գորգի վրա պատկերված են նաև ներկայիս Երևանի կարևորագույն՝ պետական, մշակութային, հոգևոր խորհրդանիշ շենքերը:

Հավելենք, որ «Երևան 2800» գորգը մեկ տարի շարունակ ցուցադրված կլինի Երևանի պատմության թանգարանի նախասրահում»:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ