1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում մայիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հարաբերական կայուն իրադրությունը մնացել է անփոփոխ:
Նշված ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց

ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վարչապետը տեսակցել է ՊԲ զինծառայող Շամխալ Սեյրանի Պետրոսյանին:

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հյուսիս։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությանը: «Արցախի հարցը ոչ թե տարածքային վեճ է, այլ պայքար ինքնորոշման եւ ազատության համար»,-ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Մինսկի խմբի համանախագահներն ակնկալում են Հայաստանի ղեկավարությանը հանդիպել հունիսին: Այս մասին տեղեկացրին ԵԱՀԿ լրատվական ծառայությունից: Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին: Կողմերը քննարկել են խաղաղ գործընթացի առաջմղման ուղիները: Անձնական ներկայացուցիչը տեղեկացրել է շփման գծում հարաբերական կայունության մասին: Ադրբեջանի ԱԳ նախարարը արտահայտել է իր երկրի պատրաստակամությունը, որքան հնարավոր է շուտ, վերսկսելու ակտիվ բանակցությունները:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Հայաստանի ԱԳ նախարարին ներկայացրեց Փարիզում Ադրբեջանի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպումների արդյունքները։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել նոր հայտարարությամբ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմ լինելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ավելի վաղ հնչեցված դիրքորոշումներին:  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանել է ԼՂ հակամարտության կողմ լինելու մասին իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի արձագանքին: «Երբեք չեմ տառապել այն մոլուցքով, որ պետք է ինչ-որ բանի «հայր» համարվեմ, հատկապես` դարերի խորքից եկած մեր Ազգ-բանակ հայեցակարգի: Միշտ ասել եմ այդ մասին իմ հանրային ելույթներում: Պարզապես արել եմ ինչ իմ ուժերի մեջ էր ազգ-բանակ լինելու իրողությունն արդյունավետ քաղաքաականության վերածելու համար: Հպարտ եմ, որ շատ բաներում հաջողել եմ»,- նշել է Վիգեն Սարգսյանը։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական 2rd.am կայքն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որում վերջինս  մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին Արցախը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններից դուրս թողնելու մեջ:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել են ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի` նախիջևանյան ուղղությամբ տեղակայված հենակետ։ Տեղում ծանոթանալով օպերատիվ իրավիճակին` ՀՀ պաշտպանության և ԱԳ նախարարները բանակային զորամիավորման հրամանատարության հետ քննարկել են սահմանային ծառայության առանձնահատկությունները։  Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության և գորոծողությունների համադրման շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 18-ին աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:

ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի ներկայացուցիչների պալատը մայիսի 17-ին միաձայն՝ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ բանաձև է ընդունել։ Բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ Ռոդ Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը ոգեկոչում է Սումգայիթի ողբերգական իրադարձությունների 30-րդ տարելիցը, ինչպես նաև ողջունում է Արցախի Հանրապետության ձգտումը՝ ի հեճուկս Ադրբեջանի ագրեսիայի, շարունակել իր ժողովրդավարական ուղին և զարգանալ որպես միջազգային հանրության վստահելի անդամ։

ՌԴ ԱԳ նախարարությունը պատասխանել է Ադրբեջանի ԱԳՆ կողմից հնչեցված բողոքին այն առնչությամբ, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: «Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը երբեք չի ենթադրել հրաժարվել կոնկրետ միջազգային միջոցառումների մասնակցությունից միայն այն պատճառով, որ այնտեղ կարելի է պատահաբար «դեմ առ դեմ» հանդիպել Ղարաբաղի ներկայացուցիչների հետ»,- ասել են ՌԴ արտգործնախարարությունից:

Հայոց ցեղասպանության դատապարտում

Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին: Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էին նաև Հայաստանի Ազգային ժողովում ազգային փոքրամասնությունները ներկայացնող պատգամավորները` քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը, ասորական համայնքի ղեկավար Արսեն Միխայլովը, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը:

Գերմանացի պատմաբան, հայտնի ցեղասպանագետ Հիլմար Կայզերը, ով առավելագույնս հետազոտել է թուրքական արխիվները, հավաստիացնում է, որ Հայոց ցեղասպանության մասին քննարկումները ներկայում ընթանում են միայն քաղաքական հարթակներում: 2009 թվականից հարցի շուրջ գիտական քննարկումերն իրենց վերջնակետին են հասել, այլևս դրանց կարիքը չկա: Կայզերը Հայոց ցեղասպանության փոխարեն հաճախ է օգտագործում լիակատար բնաջնջում տերմինը: «Հակառակ այն բանի, որ թուրքական կառավարությունն անընդհատ ժխտում է կատարվածը,արխիվներում գտնվող փաստաթղթերը հակառակն են ապացուցում: Տեղեկագրերն ամենայն մանրամասնություններով փաստարկում են հայերի զանգվածային բնաջնջումը: Ընդ որում` տարբեր պետությունների արխիվներ նույն պատմությունների մասին են խոսում»,-ընդգծեց նա:

Գազայի հատվածում տեղի ունեցած դեպքերից հետո Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների լարման ֆոնին կրկին Կնեսետի օրակարգում է հայտնվում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման հարցը: Կնեսետի պատգամավորներ Իցիկ Շմուլին և Ամիր Օհանան հայտարարել են, որ ներկայացնելու են Օսմանյան կայսրությունում շուրջ 1.5 մլն հայերի սպանությունը որպես ցեղասպանություն ճանաչող օրինագիծ: Իսրայելի հետախուզության նախարար Իսրայել Կացը բարոյական և պատմական ոչ մի պատճառ չի տեսնում, որպեսզի Իսրայելը չճանաչի Հայոց ցեղասպանությունը: Կացն ընդգծել է, որ կառավարությունը պետք է աջակցի 20-րդ դարի սկզբին Օսմանյան Կայսրությունում 1.5 միլիոն հայերի կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչելու և դատապարտելու մասին օրինագծին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն հայտարարել է, որ Թուրքիան պատասխանատվություն է կրում Հայոց ցեղասպանության համար: Իսրայելի վարչապետի որդին նման գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն օրակարգ բերելը քաղաքական քայլ է` ուղղված Թուրքիայի դեմ: Այս մասին նշեց Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի անդամ Նոյեմի Նալբանդյանը՝ նշելով, որ հայ համայնքն այդ կապակցությամբ ոգևորված չէ:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանի դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել: Հետաքննության շրջանակում կազմվել է նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջագիր: 

Հայաստան և աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:  «Ակնկալում եմ աշխատել ձեզ հետ մեր երկրների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում, այդ թվում՝ ամրացնել առևտրային կապերը, ժողովրդավարական ինստիտուտները և տարածաշրջանային անվտանգությունը: Կոռուպցիայի դեմ պայքարում, քաղաքական կուսակցություններին միավորելու գործում առաջընթացը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կօգնեն այս ջանքերին ու կապահովեն Հայաստանի պայծառ ապագան»,- նշել է ԱՄՆ նախագահը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կառավարության կազմավորման գործընթացին և հայ-բրիտանական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Իրանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում: Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին քննարկել են հայ-իրանական բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր: 

Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում է ունեցել ԵԱՏՄ-ում դիտորդ-պետության կարգավիճակ ունեցող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ: Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Ղրղզստանի առաջնորդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել ու ամրապնդվել: 

Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես կարևոր գործընկեր ու դաշնակից տարածաշրջանում։ Այս մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Սոչիում կայացած հանդիպմանը: Պուտինը նշեց, որ ՌԴ-ն ՀՀ գլխավոր տնտեսական գործընկերն է և հույս հայտնեց, որ այդ կապերը ոչ միայն կպահպանվեն, այլև կբազմապատկվեն։ «Ես հույս ունեմ, որ մեր հարաբերությունները նույն կերպ կզարգանան, ինչպես մինչ այժմ են եղել, մենք կշարունակենք աշխատել միջազգային հարթակներում՝ սկսած ՄԱԿ-ից, որտեղ Հայաստանն ու Ռուսաստանը միշտ իրար աջակցել են, ավարտած տարածաշրջանային հարությունում՝ թե տնտեսական, թե անվտանգային հարցերում»,- ասաց ՌԴ նախագահը։ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ինչ վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային և ռազմավարական հարաբերություններինքննարկման ենթակա չէՍկզբունքորեն կարող եմ վստահեցնելոր այդ հարցում Հայաստանում կա կոնսեսնուսև հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը ոչ ոք երբևէ չի դրելև կարծում եմչի դնի կասկածի տակՄենք տրամադրված ենք և լի էներգիայով՝ նոր թափ հաղորդել մեր հարաբերություններին և՛ քաղաքականև՛ առևտրատնտեսական ոլորտներում»:

Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Նա իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Հաստատում եմ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին լիակատար հանձնառությունը, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Մենք տրամադրված ենք ակտիվ փոխգործակցության ԵԱՏՄ գործընկերների հետ՝ ելնելով ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի գործնական շահերից, ինչպես նաև տնտեսական համագործակցության արտոնյալ ռեժիմների ներդրումից, ինչը կարգավորվում է միության օրենքով»:

Ներհայաստանյան զարգացումներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության նորանշանակ նախարարները: Վարչապետը շնորհավորել է նրանց՝ կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ և նշել.  «Խնդրում եմ ձեզ հենց այսօրվանից անցնել աշխատանքիծանոթանալ ընթացիկ վիճակինորպեսզի  ընդհանրապես ժամանակ չկորցնենքորովհետև կան օպերատիվ խնդիրներորոնք անհրաժեշտ է ժամ առաջ լուծել»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ խորհրդարանական մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը հավանություն կտա իր կառավարության ներկայացրած ծրագրին: «Կարծում եմ՝ այո, հավանություն կտա, ու մենք բնականոն կաշխատենք: Որևէ մեկը չպետք է քաղաքական իրավիճակը սխալ գնահատելու գայթակղությանը տրվի»,-ասաց վարչապետը։ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ  վերջին օրերին շրջանառվող խոսակցություններին՝ ՀՀԿ-ի կողմից նոր ձևավորված կառավարության նկատմամբ ռևանշի հասնելու, հակահեղափոխություն իրականացնելու ցանկության վերաբերյալ: «Ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եղել և մնում է բացարձակապես որպես քաղաքական միավոր: Մենք քաղաքական կուսակցություն ենք: Մենք ոչ հեղափոխական ենք, ոչ էլ հակահեղափոխական: Եվ նման եզրույթներ օգտագործելը իրականության հետ որևէ կապ չունի: Եվ խնդրում եմ բոլոր նրանք, ովքեր մեր մեջ տեսնում են հեղափոխականներ կամ հակահեղափոխականներ կամ ռևանշիստներ, նման եզրույթներ չօգտագործել: Մենք ոչ մենշևիկ ենք, ոչ էլ բոլշևիկ: Այդ ժամանակաշրջանն անցել է: Մենք քաղաքական կուսակցություն ենք, զբաղվել և զբաղվելու ենք քաղաքական գործունեությամբ»,- ասաց Շարմազանովը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Ատոմ Ջանջուղազյանին, ով մինչ գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելը նախարարի առաջին տեղակալ, գլխավոր գանձապետն էր: Հանդիպմանը ներկա էր նաև նախկին նախարար Վարդան Արամյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն և գերատեսչության աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի ղեկավար կազմին է  ներկայացրել ԱԽ նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանին: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը սեփական դիմումի համաձայն ազատվեց պաշտոնից: Կառավարության մեկ այլ որոշմամբ ՊԵԿ նախագահ նշանակվեց Ֆինանսների արդեն նախկին փոխնախարար Դավիթ Անանյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալների խնդրի հետ կապված կոչ է արել գործերը տարանջատել՝ քաղաքականության հետ առնչվող գործեր, որտեղ չկան զոհեր, և գործեր, որտեղ կան զոհեր: Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Սասնա ծռերի» գործին: Այս մասին նա խոսել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ միացման ժամանակ: «Այն գործերը, որտեղ մենք զոհեր չունենք, այդտեղ հարցեր չկան և շատ հեշտ այդ մարդիկ պետք է դուրս գան բանտերից՝ օրենքով սահմանված գործիքի կիրառմամբ: Եթե մարդու դատավճիռն ուժի մեջ է մտել, որոշակի ժամկետով դատապարտվել է ազատազրկման, ապա պետք է նայենք, թե արդյոք նրա պայմանական վաղաժամկետ ազատելու ժամանակը լրացել է, և տեսնենք, թե ինչ օրինական ճանապարհներ կան, որ այդ խնդիր լուծենք: Եթե նման հնարավորություն չկա՝ մտածենք համաներմամբ ազատ արձակելու մասին: Եթե պարզվի, որ այդ գործիքն էլ հնարավոր չէ կիրառել, ապա պետք է կիրառել ներման ինստիտուտը»,-ասաց նա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ պետք է հստակ ձևակերպում լինի, թե ում դեմ է ուղղված ՊՊԾ գնդի գրավման գործով ճանապարհ փակող քաղաքացիներին ակցիան: Վարչապետը նկատեց. «Ես կարծում եմ, որ ընդհանրապես պետք է հստակ ձևակերպվի՝ ում դեմ է արվում այդ ամեն ինչը: Ես հստակ հայտնել եմ իմ դիրքորոշումը հանրային համերաշխությունը վերականգնելու անհրաժեշտության մասին: Վատն այն է, որ ձևակերպված չէ, թե ում դեմ է արվում այդ ակցիան: Կան գործընթացներ, եթե որևէ մեկն ակնկալում է, որ ես պետք է մտնեմ ու Քրեակատարողական հիմնարկի դռները բացեմ, դա ճիշտ մոտեցում չէ. կան ընթացակարգեր, կան մարմիններ, իրավիճակներ: Բոլոր հարցերը կլուծվեն»: Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարում է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արթուր Դավթյանն ընդգծեց, որ վերջին տարիներին բազմաթիվ հեղինակավոր միջազգային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ դեսպանատներ, ամենատարբեր իրավապաշտպան կազմակերպություններ իրականացրել են մոնիթորինգ և իրենց մինչև այսօր հայտնի չէ փաստ, որ միջազգային որևէ կառույցի կամ գործընկեր որևէ պետության կողմից Հայաստանում որևէ մեկը ճանաչված լինի քաղաքական բանտարկյալ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում կայացրեց մի շարք որոշումներ՝ մանդատներ հանձնելով նոր պատգամավորներին՝ Հովիկ Աղազարյանին, Հրաչյա Հակոբյանին և Ալեն Սիմոնյանին, Հայկ Կոնջորյանին՝ «Ելք»-ից, Հակոբ Հակոբյանին՝ ՀՀԿ-ից, Ռուզաննա Առաքելյանին՝ ՀՅԴ-ից:

Ծանոթանալով զինկոմիսարիատների օպտիմալացման հայեցակարգի իրականացմանն ուղղված աշխատանքներին և առկա խնդիրներին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է ՀՀ ՊՆ, Զինված ուժերի և ԶՈւ գլխավոր շտաբի համապատասխան վարչություններին որոշումների վերջնական կայացումը հետաձգել մինչև հունիսի 21-ը:  ՀՀ պաշտպանության նախարար  Դավիթ Տոնոյանի հանձնարարականով՝ 2018 թ երկրորդ կիսամյակում ՀՀ զինված ուժերում  շարքային կազմի համար ձեռք կբերվի նոր, որակյալ, բամբակե, բազմակի օգտագործման ներքնազգեստ։ 

Գյումրու համայնքի ավագանիները դեմ քվեարկեցին քաղաքապետին անվստահություն հայտնող նախաձեռնության խմբի թեկնածուին՝ Տիգրան Հովհաննիսյանին: Քվեարկությանը մասնակցեց 18 ավագանի, որից 15-ը «Բալասանյան» դաշինքից, 2-ը՝ ԲՀԿ-ից, 1-ը՝ ՕԵԿ-ից: Բոլորն էլ միաձայն դեմ քվերակեցին, այդ թվում՝ Տիգրան Հովհաննիսյանը:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով` Արցախն արձանագրել է 16.1 տոկոս տնտեսական աճ, որի գերակշիռ մասն ապահովել են հանքարդյունաբերությունից ստացված լրացուցիչ եկամուտները: 

Բազմաթիվ դրվագներով խաբեության եղանակով զինվորական ծառայության պարտականությունները ժամանակավորապես դադարեցնելուն օժանդակելու և կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Պաշտպանության բանակի N զորամասի շտաբի օպերատիվ բաժնի կառավարման կետերի բաժանմունքի օպերատիվ հերթապահ մայոր:

Հայաստանում վերջին օրերին ոստիկանության բաժիններ ու ստորաբաժանումներ են տարվել բազմաթիվ, այսպես կոչված, քրեական «հեղինակություններ» ու «օրենքով գողեր»: Գործողությունը օպերատիվ տեղեկություններ ստուգելու, ինչպես և կանխարգելիչ բնույթ ու քրեածին իրավիճակի վերահսկելիությունը բարձրացնելու նպատակ ունի:

Ազգային անվտանգության ծառայությունն իրականացնում է աշխատանք՝ կոռուպցիոն շղթաների հայտնաբերման ուղղությամբ, հայտնել է ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում մոտ 350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ իրենց անունով գրանցված է կազմակերպություն, որն իրականացնում է տնեսական գործունեություն և չի վճարում հարկեր: «Նրանք տեղյակ չեն, ծանր սոցիալական վիճակում գտնվող մարդիկ են, որոնցից անձնագրերը վերցրել են 5, 10, 20 հազար դրամով և նրանց անունով գրանցել են անհատ ձեռնարկություններ, ԱՊԸ-ներ և այլն»,-ասաց Վանեցյանը՝ խոստանալով բացահայտումները հանրությանը ներկայացնել շուտով:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել՝ 2017-2018 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգում  և  ժամանակացույցում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:  Մասնավորապես, փոփոխվել են 9-րդ և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների՝ նախկինում հաստատված  օրերը:

Սփյուռք

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ, բարերար տիկին Լուիզ Սիմոն Մանուկյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ։ Ուղերձում ասված է․ «Հայաստանում, Արցախում և սփյուռքում Ձեզ ճանաչում ու գնահատում են որպես արժանապատիվ բարերարի ու հայրենասեր մարդու: Հավատարիմ ընտանեկան ավանդույթներին, Ձեր ազգանվեր ծնողների՝ Հայաստանի Ազգային հերոս Ալեք Մանուկյանի և տիկին Մարի Մանուկյանի նման Դուք ևս մշտապես զորավիգ եք Հայրենիքին, հայ եկեղեցուն ու ժողովրդին: Ձեր անձնական ծառայությունները բազմապատկվել են ՀԲԸՄ-ի ներսում Ձեր հայրենաշեն գործունությամբ»:

Միջազգային խճանկար

Կուբայի Հավանա քաղաքից դեպի Օլգին ուղևորված և կործանված ինքնաթիռի 110 ուղևորներից երեքը ողջ են մնացել: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Հանրապետության Պետական խորհրդի նախագահ և Նախարարների խորհրդի նախագահ պարոն Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսին՝ Հավանայի օդանավակայանի մերձա­կայ­­քում օդանավի ողբերգական կործանման կապակցությամբ։

Եվրասիական տնտեսական միությունը եւ Իրանն Աստանայի տնտեսական համաժողովում ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել ազատ առեւտրի գոտու վերաբերյալ: Եվրասիական տնտեսական միությունը եւ Չինաստանը առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել:

Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրություններին գրանցված թեկնածուների վերջնական ցուցակը. երկրի նախագահի պաշտոնի համար կմրցեն վեց թեկնածուներ:

Մեծ Բրիտանիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանի եռօրյա այցելությունն ուղեկցվել է բողոքի մեծ ակցիաներով:

Գազայի հատվածում իսրայելական զորքերի հետ տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել Է 59-ի: Նրանց թվում Է ութամսական մի երեխա, որը զոհվել Է գազից: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ ընդամենը ընդհարումների հետեւանքով տուժել Է ավելի քան 1,6 հազար մարդ: Գազայի հատվածում Իսրայելի բանակի ու պաղեստինցիների բախման հետևանքով 59 պաղեստինցու զոհ գնալու փաստի առնչությամբ պաշտոնական Անկարան որոշում է կայացրել խորհրդակցությունների համար հետ կանչել Թել Ավիվում և Վաշինգտոնում իր դեսպաններին: Պաշտոնական Անկարան որոշում է կայացրել հետ ուղարկել երկրում Իսրայելի դեսպանին և գլխավոր հյուպատոսին: Պաշտոնական Անկարայի կողմից նման քայլի գնալուց հետո Իսրայելի ԱԳՆ է կանչվել Երուսաղեմում Թուրքիայի դեսպան Հյուսնու Գյուրջանը: Նրանից պահանջել են «որոշ ժամանակով բանակցությունների համար» վերադառնալ Թուրքիա:

ԵՄ-ի գագաթնաժողովի մասնակիցները որոշում են ընդունել պաշտպանել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքը եւ եվրոպական ձեռնարկությունները պաշտպանել ԱՄՆ-ի գործողություններից: Եվրահանձնաժողովը միջոցառումների առաջին փաթեթն Է ընդունել Իրանում ԱՄՆ-ի պատժամիջոցներից ԵՄ-ի ընկերությունների պաշտպանության վերաբերյալ՝ իրավաբանորեն դրանք լուծարելով Եվրամիության տարածքում: 

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անկախ հանձնաժողովը, որը հետաքննություն էր իրականացնում Ադրբեջանի կոռուպցիոն գործունեության վերաբերյալ, որոշում է կայացրել խիստ պատժամիջոցներ կիրառել չորս պատգամավորների, այդ թվում և ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի նկատմամբ. նրանք զրկվել են ձայնի իրավունքից: 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել Է Կերչի նեղուցի վրա կառուցվող կամրջի ավտոմոբիլային մասի հանդիսավոր բացմանը։

Մշակույթ

26-ամյա գրող Արմեն Սարգսյանը «Արմենպրես»-ի հեղինակային  «Նորամուտ» նախագծում պատմում է գրականություն մուտք գործելու, սիրելի հեղինակների, ստեղծագործական ոլորտի խնդիրների ու այլ թեմաների մասին: Ի դեպ, հատուկ «Արմենպրես»-ի համար Արմենը տեսանյութում ընթերցել է իր նոր և դեռևս չհրապարակված բանաստեղծություններից:

Մասիս քաղաքի «Նոր սերունդ» թատերական ստուդիայի սաները Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում հանդես են եկել անկախ երիտասարդ թատրոնների 9-րդ միջազգային «Պատանիների տարածություն» մրցույթ-փառատոնին: Պատանիներն արժանացել են երկու հատուկ մրցանակի:

«Արմենպրես»-ի #CultTalk մշակութային նախագծի հյուր Հակոբ Ղազանչյանը պատմում է միության գործունեության, Չապլինի դստեր ներկայացման, երիտասարդ թատերական գործիչների և այլ ծրագրերի մասին:

«Ռուսական կինոյի շաբաթը» Հայաստանում միջոցառման շրջանակում կցուցադրվեն գեղարվեստական նոր ֆիլմեր, որոնք ներկայացնում են ժամանակակից Ռուսաստանը, դրա պատմական անցյալը: Կինոնկարները կմատուցեն  դրանց ստեղծողները` պրոդյուսերներ, ռեժիսորներ, դերասաններ: Ֆիլմերի ցուցադրությունից հետո նախատեսվում են քննարկումներ հանդիսատեսի հետ: Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Ցուցադրվեց «Դեպի վեր» կինոժապավենը:

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի 2017/2018 գավաթի խաղարկության հաղթողը առաջին անգամ «Գանձասար-Կապան»-ն է:

Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ Մերուժան Սարգսյանը դարձել է Եվրոպայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր:

Ազատ ոճի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Ռաֆայել Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Նարեկ Հարությունյանը երրորդ տեղի համար պայքարում 14:4 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Լուկա Մարիամիձեին: Հայաստանի մյուս ներկայացուցիչ 51 կգ քաշային Մանվել Խնձրցյանը հասել էր եզրափակիչ, որտեղ 0:10 հաշվով պարտվեց թուրք Ադեմ Բուրակ Ուզուին և դարձավ արծաթե մեդալակիր:

Բեյրութի Հայ մարմնակրթական ընդհանուր միության տղամարդկանց բասկետբոլի թիմը  դարձավ Լիբանանի չեմպիոն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]