Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գերմանա-հայկական մեղեդիները հայաստանյան բեմում. Անի Աղաբեկյան, Մարիա- Էլիզաբեթ Լոթ և Վաչե Հովեյան

Գերմանա-հայկական մեղեդիները հայաստանյան բեմում. Անի Աղաբեկյան, Մարիա-
Էլիզաբեթ Լոթ և Վաչե Հովեյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանա-հայկական երաժշտական միության նախաձեռնությամբ մայիսի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ելույթ կունենան ջութակահար Անի Աղաբեկյանը, Գերմանիայից Հայաստան ժամանած ջութակահար, պրոֆեսոր Մարիա-Էլիզաբեթ Լոթը և ալտահար Վաչե Հովեյանը: Կհնչեն Յ. Ս. Բախի կրկնակի կոնցերտը, Վ. Ա. Մոցարտի «Գիշերային սերենադ»-ը և Վարդ Մանուկյանի կոնցերտը: Համերգային ծրագիրը կանցկացվի Հայաստանի պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանա-հայկական երաժշտական միության նախաձեռնությամբ Հայաստանում կիրականացվեն նաև ջութակի վարպետության դասեր, որոնք ուսանողներին հնարավորություն կտան պատրաստվել համերգների, մրցույթների, քննությունների, բարձրացնել իրենց վարպետությունը՝ ծրագրի ազատ ընտրությամբ: Դասերը կանցկացվեն մայիսի 21-24-ը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Մի քանի տարի է Հայաստանում կազմակերպում ենք վարպետության դասընթաց՝ Գերմանիայից հրավիրելով հայտնի երաժիշտների: Դրանց մասնակցելու համար ընտրվել է 13-25 տարեկան 12 ուսանող: Երկու աղջիկ ժամանել է Գերմանիայից, մնացյալը Հայաստանից են: Նրանցից լավագույնները հնարավորություն կունենան մասնակցել  մայիսի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգային ծրագրին»,-նշեց Աղաբեկյանը:

Ջութակահարը հավելեց, որ շատ ուրախ է կրկին ելույթ ունենալ Վաչե Հովեյանի հետ:

Մարիա-Էլիզաբեթ Լոթն ասաց, որ հետաքրքրվել է հայ կոմպոզիտորների երաժշտությամբ իր հայ ընկերների շնորհիվ: Նվագել է Խաչատրյանի, Հայրապետյանի, Մանուկյանի ստեղծագործությունները, որոնցից յուրաքանչյուրն իրեն հոգեհարազատ է: «Շատ եմ հավանում Վարդ Մանուկյանի կոնցերտը, շատ լավ եմ զգում այն»,-նշեց երաժիշտը:

Խոսելով առաջիկա վարպետության դասի մասին՝ Մարիան խոստովանեց, որ պատրաստվում է լսել ուսանողներին և նրանց ուղղորդել, իր տեսակետն արտահայտել մատուցվող նյութի վերաբերյալ: Նա հույս հայտնեց, որ ուսանողները մեծ եռանդով կմասնակցեն` պատրաստ կլանելու իրենց տրվող տեղեկությունը:

Կոմպոզիտոր Վարդ Մանուկյանի խոսքով՝ Անին է իրեն խնդրել գրել կոնցերտը, որն առաջին անգամ կատարվել է Գերմանիայում և մեծ ոգևորությամբ ընդունվել ինչպես հայերի, այնպես էլ օտարազգի երաժշտասերների կողմից: «Կոնցերտն ազգագրական երգերի մոտիվներ ունի, և ինձ հետաքրքիր է, թե ինչպե՞ս է այն կատարելու  գերմանուհին: Ըստ իս` յուրաքանչյուր երաժիշտ իր ազգի հնչյունաբանությունն ու մոտեցումն է բերում»,-նշեց Մանուկյանը:

Համերգային ծրագրերի մուտքն ազատ է:

Գերմանա-Հայկական երաժշտական միությունը հիմնադրվել է 2011 թվականին: 2012 թվականից ի վեր միությունն ամեն տարի համերգային ծրագիր է իրականացնում Գերմանիայում, որին ներկայացվում են հայ և գերմանացի կոմպոզիտորների գործեր: Ելույթ են ունենում տարբեր ազգերի երաժիշտներ:

Միության նպատակը հայկական երաժշտությունը Գերմանիայում տարածելն ու երկու երկրների միջև նոր մշակութային կապեր ստեղծելն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]