1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նիկոլ Փաշինյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումը և ողջունել պաշտոնական Վաշինգտոնի հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը նոր թափ հաղորդելու ուղղությամբ: «ՀՀ կառավարությունը շահագրգռված է և մեծ նշանակություն է տալիս ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումների գործընթացում ամերիկյան կողմի հետ փոխգործակցությունն ու հնարավոր օժանդակությունը: Մենք լի ենք էներգիայով՝ հասնելու մեր նպատակներին և կոնկրետ արդյունքների` հաշվի առնելով նաև այն դրական մթնոլորտը, որն այսօր առկա է երկրում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ կառավարությունը վճռական է առաջ մղել աշխատանքները վերոնշյալ ուղղություններով:

Ռիչարդ Միլսը, շնորհավորելով վարչապետ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, փոխանցել է ԱՄՆ կառավարության պատրաստակամությունը՝ օժանդակելու Հայաստանին նախանշված նպատակների իրականացման գործում: «Միացյալ Նահանգների կառավարությունը հանձնառու է աջակցել ժողովրդավարության, մարդու իրավունքների, թափանցիկության և հաշվետվողականության հռչակված նպատակների հարցում, որոնք կբարելավեն Հայաստանի գործարար միջավայրն ու երկիրն առավել գրավիչ կդարձնեն ամերիկյան ներդրողների համար: Մենք երկխոսության և համագործակցության մի շարք հնարավորություններ ենք տեսնում, այդ թվում՝ հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքների ձևաչափում»,- ասել է դեսպան Միլսը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, տարածաշրջանային ընթացիկ հարցերին, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]