Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Տարոն Մարգարյանը ծանոթացել է Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների կառուցման ընթացքին

Տարոն Մարգարյանը ծանոթացել է Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ 
ճանապարհահատվածների կառուցման ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի մասը կազմող Դավթաշեն - Աշտարակ և Բաբաջանյան - Աշտարակ ճանապարհահատվածների կառուցման ծրագրի ընթացքին: Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում կառուցվող մասնավորապես Դավթաշեն - Աշտարակ անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթևեկելի գոտի՝ միջինը 28 մետր լայնությամբ, շուրջ 5.4 կմ երկարությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով աշխատանքների ընթացքը՝ պատասխանատուները նշել են, որ այսպիսով Դավթաշեն վարչական շրջանը կմիանա Աջափնյակ վարչական շրջանի Երևանի արևմտյան մուտքին՝ Աշտարակի խճուղուն։ Ճանապարհահատվածը ուղիղ կապ կհաստատի Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցների միջև և կապահովի անընդհատ երթևեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման: Անընդհատ երթևեկությունն ապահովելու նպատակով Չաուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցներում կառուցվում են երկմակարդակ տրանսպորտային հանգույցներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև Երևանի շրջանցիկ ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակի խճուղի անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհահատվածի շինարարության ընթացքին, որը կունենա 9,4 կմ երկարություն, 6 երթևեկելի գոտի՝ միջինը 24մ լայնությամբ: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածը կազմված կլինի 3 ուղեանցից՝ Օհանով, Տիչինա փողոցներում, ևս մեկն էլ տեղ կգտնի Չաուշ-Նոր Սիլիկյան փողոցների խաչմերուկում: Ճանապարհի երկայնքով կկառուցվեն նաև 3 անցումներ՝ երկրորդային փողոցների համար, ինչպես նաև տրանսպորտային մեկ հանգույց՝ նոր կառուցվող ճանապարհի և Նոր Սիլիկյան փողոցի հատման վայրում: Նշվել է նաև, որ շինարարության ընթացքում երթևեկելի գոտուց ամբողջությամբ տեղափոխվում են անհրաժեշտ հաղորդուղիները, իսկ ճանապարհի արտաքին լուսավորությունը կապահովվի լուսադիոդային (LED) լուսատուներով:

Պատասխանելով լրագրողների հարցերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ հիշեցրել է, որ Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի կառուցումը, որը տասնամյակների երազանք էր, մեկնարկեց 2014 թվականից:

«Մեկնարկը տվեցինք 2014 թվականի հունվարին և 2016-ի դեկտեմբերին արդեն շահագործման հանձնեցինք Արշակունյաց պողոտա-Շիրակի փողոց-Արտաշատի խճուղի 5 կիլոմետրանոց միջազգային չափորոշիչներին համապատասխան նորակառույց ճանապարհը, այդպիսով նաև ապահովելով Երևանի հարավային պատշաճ մուտքը, ինչը ռազմավարական կարևոր նշանակություն ուներ և, իրոք, տասնամյակների երազանք էր երևանցիների համար: Ասիական զարգացման բանկի հետ համատեղ շարունակելով Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի կառուցման ծրագրի փուլ առ փուլ կյանքի կոչումը` մենք անցյալ տարի ապրիլին մեկնարկեցինք Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհի շինարարությունը, որը, ինչպես արդեն համոզվեցիք, լայն թափով ընթանում է և մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի: Ի դեպ, նշեմ, որ Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ճանապարհի կառուցման շրջանակում մենք հնարավորություն ունեցանք լուծելու ևս մեկ շատ կարևոր խնդիր: Այս ճանապարհին հարակից Դավթաշենի սեփական տնատիրությունների հատվածում կառուցվել է կոյուղատար նոր համակարգ, որը երբևէ գոյություն չի ունեցել և լուրջ խնդիր է եղել բնակիչների համար», - նշել է քաղաքապետը: 
Անդրադառնալով Բաբաջանյան փողոց - Աշտարակի խճուղի նոր ճանապարհահատվածի շինարարությանը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այս հատվածի կառուցումն էլ նախատեսվում է ամբողջությամբ ավարտել երկու տարի անց: 

«Այս տարվա հունվարին տվեցինք շրջանցիկ ճանապարհի ամենաերկար և կարևոր հատվածներից մեկի՝ Բաբաջանյան փողոց - Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մեկնարկը: Այս աշխատանքներն էլ նախատեսվում է ավարտել երկու տարի անց, ընդ որում, կարող ենք նաև ասել, որ այդ նույն ժամանակահատվածում ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող շուրջ 23 կմ երկարությամբ շրջանցիկ ողջ ճանապարհի շինարարությունը», - ընդգծել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է առանձնակի ուշադրություն դարձնել նաև ճանապարհահատվածի հարակից տարածքների բարեկարգմանն ու կանաչապատմանը, այդ թվում նաև ոռոգման ցանցի անցկացմանը՝ կանաչ գոտիների պահպանման և խնամքն ապահովելու նպատակով:
Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ արդեն 2020 թվականի սկզբին կունենանք մայրաքաղաքի կենտրոնը շրջանցող, միջազգային չափորոշիչներին համապատասխան ճանապարհ, որն իրար կկապի Երևանի հյուսիսային և հարավային մուտքերը՝ տրանսպորտային հոսքերից զգալիորեն բեռնաթափելով քաղաքի կենտրոնն ու գլխավոր փողոցները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]