Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Մայիս

ՀՔԾ-ն փորձում է պարզել ապրիլի 22-ին բերման ենթարկվող քաղաքացու ինքնությունը


ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Հանրապետության հրապարակից ոստիկանության աշխատակիցների կողմից 22.04.2018թ.-ին բերման ենթարկվող քաղաքացու ինքնությունը` տուժող ճանաչելու և այլ դատավարական գործողություններ կատարելու, ինչպես նաև քրեական գործի բոլոր հանգամանքները բացահայտելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով դեռևս ապրիլի 22-ին քրեական գործ է հարուցվել 2018 թվականի ապրիլի 13-ից Երևան քաղաքի փողոցներում և հրապարակներում անցկացված հավաքների ընթացքում ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ:

Մասնավորապես, նախաքննություն է իրականացվում ՀՀ ոստիկանության և իրավապահ մարմինների այլ պաշտոնատար անձանց կողմից վերոհիշյալ դեպքերի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների, այդ թվում` լրագրողների և փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրելու ավելի քան 70 դրվագով:

Քրեական գործով քննության ենթակա դրվագներից է նաև համացանցում տարածված «կարմիրբերետավորը բերման ենթարկելիս փորձում է կոտրել քաղաքացու ոտքը» վերտառությամբ տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները Հանրապետության հրապարակից 22.04.2018թ.-ին ուժի գործադրմամբ բերման ենթարկում քաղաքացուն:

Տեսագրության մեջ երևացող քաղաքացուն կամ նրան ճանաչող անձանց ՀՔԾ-ն խնդրում է ներկայանալ Հատուկ քննչական ծառայություն կամ զանգահարել 099 060266 հեռախոսահամարով` դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելուն ուղղված քննությանն աջակցելու նպատակով: 

 Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ