Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի նոր կառավարությունն ամբողջական աջակցությունն է հայտնել Երևանում ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացմանը

Հայաստանի նոր կառավարությունն ամբողջական աջակցությունն է հայտնել Երևանում 
ՏՏ համաշխարհային համաժողովի անցկացմանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նոր կառավարությունն ամբողջական աջակցությունն է հայտնել Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացմանը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, համաժողովի իրականացման նախապատրաստական աշխատանքները բնականոն հունով ընթանում են, այս ընթացքում որևէ խոչընդոտ չի եղել:

«Օրերս այստեղ էին Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չուին և գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթին: Նրանք հանդիպում են ունեցել ՀՀ նախագահի և վարչապետի հետ: Այս հանդիպումը կարևորվում էր նրանով, որ այն Հայաստանի նոր իշխանությունների հետ առաջինն էր: Բավական արդյունավետ քննարկում եղավ, մանրամասն խոսակցություն ծավալվեց միջոցառման ձևաչափի, խնդիրների վերաբերյալ: Երկրի ղեկավարներն ամբողջական աջակցություն հայտնեցին Երևանում համաժողովի անցկացմանը»,- ասաց Կարեն Վարդանյանը:

Կարեն Վարդանյանը նշեց, որ միջոցառման նախապատրաստման կարևոր փուլում են, մանրամասն քննարկում են մարկետինգային ծրագիրը:

«Մարկետինգային ծրագիրը ճիշտ շեշտադրումներով ունենալը չափազանց կարևոր է: Դրանով է որոշվում, թե մեր մեսիջը որքանով է տեղ հասնում մասնակիցներին, ինչպես են դրան արձագանքում: Նոր իշխանությունների կողմից աջակցության պատրաստակամությունը կա, և ես լիահույս եմ, որ մենք բավական բարձր մակարդակի համաժողով ենք անցկացնելու»,-հավելեց Կարեն Վարդանյանը:

Խոսելով նոր կառավարությունից ունեցած ակնկալիքներից՝ Կարեն Վարդանյանը նշեց, որ նկատում է պատրաստակամություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին նոր թափ հաղորդելու գործում: Կարեն Վարդանյանը կարևորեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնում Հակոբ Արշակյանի նշանակվելը: Նա տեղեկացրեց, որ արդեն հասցրել են հանդիպել նախարարի նորանշանակ տեղակալի հետ:

«Շատ գոհ ենք այս նշանակումից, Հակոբ Արշակյանը մեծ փորձ ունի բարձր տեխնոլոգիական ոլորտում թե ինժեներական, թե բիզնես զարգացման ուղղություններով: Շատ բարձր մակարադակի պրոֆեսիոնալ է: Դրական ազդակները կան, պատրաստակամությունը կա, հիմա քննարկվում են առաջիկա անելիքները՝ ոլորտի զարգացման ուղղությամբ»,-հավելեց նա:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել են Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չունին և գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2019 թվականին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (World Congress on Information Technologies-WCIT) կազմակերպմանն առնչվող հարցեր: Երկրի ղեկավարները կարևորել են համաժողովի անցկացումը մեր երկրում և ընդգծել, որ կառավարությունը կգործադրի բոլոր ջանքերը այն բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019-ին անցկացվելու է Հայաստանում: Համաժողովն անցկացվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից 1978 թվականից: Այն ներկայացնում է աշխարհի ՏՀՏ ինդուստրիայի 90 տոկոսը: WITSA-ին 2004 թվականից անդամակցում է նաև ԻՏՁՄ-ն: Հայաստանում կայանալիք համաժողովին ակնկալվում է 80 երկրից 2000-2500 պատվիրակության մասնակցություն: 

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]