Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Շարմազանովը ժամանակավրեպ է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսելը

Շարմազանովը ժամանակավրեպ է համարում արտահերթ խորհրդարանական 
ընտրությունների մասին խոսելը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարց չի քննարկել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ավելին՝ արտահերթ ընտրությունների համար անհրաժեշտ են իրավական և քաղաքական պայմաններ: Որքան ես տեղյակ եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Ազգային ժողովի դատին ներկայացնել գոնե իրենց տպավորությամբ հավակնոտ ծրագիր: Իսկ Սահմանադրությունը հստակ տալիս է այն ուղիները, երբ կարող է արձակվել Ազգային ժողովը: Եթե մենք կողմ ենք քվեարկում կառավարության ծրագրին, բնականաբար, այս փուլում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման հարց դեռևս դրված չէ: Իշխանության ներկայացուցիչներն ասել են, որ սա քննարկման հարց է: Կքննարկենք, կտեսնենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Շարմազանովը նաև հավելեց, որ քաղաքական իրադարձությունները շատ արագ են զարգանում, և որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի երկու, երեք կամ չորս ամիս հետո: «Դրա համար ես կարծում եմ, որ ժամանակավրեպ է, որ մենք խոսենք մի բանի մասին, որը կարող է արդիական լինել մի քանի ամսից կամ ընդհանրապես չլինել»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նա ընդգծեց, որ իրենք չեն պատրաստվում արհեստականորեն խոչընդոտել կառավարության գործունեությունը: «Մենք արցախյան հիմնահարցի կարգավորման հարցում հետքայլ չենք անելու, Ցեղասպանության ճանաչման հարցում հետքայլ չենք անելու, մեր ազգային արժեքներն ամրապնդելու հարցում հետքայլ չենք անելու և պատրաստ ենք աշխատել նոր կառավարության հետ հանուն Հայաստանի Հանրապետության ժողովրդի: Պատրաստ ենք քննարկել ցանկացած օրենսդրական նախաձեռնության ընդունում, որը կբխի Հայաստանի քաղաքացիների շահերից»,- ասաց նա:

Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ արտահերթ ընտրությունների մասին խոսելը ժամանակավրեպ է, քանի որ այս պահին նման հարց նաև գործող իշխանությունների օրակարգում չկա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]