Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս

Նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձներ է ստանում

Նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական ուղերձներ 
է ստանում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորանքներ է ստանում արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նորանշանակ ԱԳ նախարարին շնորհավորել են Արցախի, Ռուսաստանի, Չինաստանի, Վրաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Լիտվայի, Լատվիայի պաշտոնակիցները, Եվրոպայի խորհրդի և  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարները:

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, շնորհավորելով ՀՀ ԱԳ նորանշանակ նախարարին, համոզմունք է հայտնում, որ ՀՀ և ԱՀ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված փոխգործակցությունը կշարունակվի և առավել կամրապնդվի:

Զոհրաբ Մնացականյանին ուղղված շնորհավորական ուղերձում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշում է, որ ակնկալում է սերտ համագործակցություն հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման և տարածաշրջանային ու միջազգային հարցերում արդյունավետ փոխգործակցության ուղղությամբ:

Չինաստանի ԱԳ նախարարը, շնորհավորելով Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նշում է, որ վերջին տարիներին հայ-չինական բարեկամական հարաբերություներում առկա է կայուն և շարունակական զարգացում:

Հաջողություն մաղթելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն իր շնորհավորական ուղերձում հույս է հայտնում, որ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարությունների միջև ձևավորված հաջող համագործակցությունն առավել կզարգանա և կամրապնդվի:

Մոլդովայի ԱԳ նախարար Տուդոր Ուլյանովսկին իր շնորահվորական նամակում հույս է հայտնում, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ ջանքերը հետագայում ևս կնպաստեն երկու երկրների ավանդապես բարեկամական կապերի և փոխշահավետ համագործակցության զարգացմանը:

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը, բարեմաղթանքներ հղելով ՀՀ նորանշանակ արտգործնախարարին, նշում է, որ հայաստանյան վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացված բարեփոխումները կյանքի են կոչվում՝ հայտնելով ԵԽ պատրաստակամությունն այս ուղղությամբ Հայաստանին հետագա աջակցություն ցուցաբերելու հարցում:

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը Զոհրաբ Մնացականյանին ուղղված շնորհավորական ուղերձում հույս է հայտնում, որ երկու երկրների արտգործնախարարությունների համագործակցությունը և միջազգային հարթակներում փոխգործակցությունը կկրեն շարունակական բնույթ:

Բարեմաղթանքներ հղելով Հայաստանի իր գործընկերոջը՝ Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսն իր շնորհավորական ուղերձում արժևորվում է Հայաստանի մասնակցությունն Արևելյան գործընկերության շրջանակներում և կարևորում ՀՀ և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչը, շնորհակալություն հայտնելով նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին համատեղ աշխատանքի համար, շնորհավորում է Զորհրաբ Մնացականյանին և ակնկալում սերտ համագործակցության երկկողմ, Հայաստան-Եվրամիություն և Արևելյան գործընկերության ձևաչափերով:

Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով հույս է հայտնել, որ Հայաստանն իր կարևոր նախաձեռնություններով կշարունակի հանդիսանալ կազմակերպության ամենաակտիվ անդամ պետություններից մեկը:

Շնորհավորական ուղերձներ են ստացվել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գլխավոր տնօրեն Արա Վարդանյանից, Հայ բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանից, Հայ օգնության միության կենտրոնական վարչության ատենապետուհի Կարոլին Շմավոնյանից: 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ