Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս

Զեյնալյանը խնդիր է առաջադրել գտնել ՊՊԾ գնդի գործով մեղադրյալների հարցի լուծման օրինական ճանապարհներ


ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՊՊԾ գնդի գրավման գործը պետք է լուծում ստանա դատարանի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ խնդիր է առաջադրել ուսումնասիրել ու գտնել խնդրի լուծման օրինական ճանապարհներ ու մեթոդներ: «Կդիտարկվեն բոլոր այն մեթոդները, որոնք կլինեն օրինական, արդար՝ հաշվի առնելով դատական իշխանության անկախության բացարձակ սկզբունքը: Ընդհանրապես ապստամբության իրավունքը իրացնողները, երբ մտնում են այդ գործընթացի մեջ, հաշվարկում են բոլոր հնարավոր ելքերը»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով համաներման մասին խոսակցություններին՝ Արտակ Զեյնալյանը նշեց, որ դրա մասին միշտ է խոսվում, իսկ ընդհանրապես համաներման փաստաթուղթը ճիշտ կլինի վաղօրոք չհանրայնացնել: «Ճիշտ չէ այն հրապարակել: Որևէ մեկը չի կարող տալ տեղեկատվություն՝ արվում է, թե չի արվում: Քննարկման նախապատրաստման փաստն ինքնին գաղտնի է»,-հավելեց Զեյնալյանը:

ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների աջակիցները երկու օր է փողոցներ են փակում՝ պահանջելով խափանման միջոց կալանքը փոխել: Մայիսի 16-ին դատարանը մերժել էր խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղբանտարկյալների խնդրի հետ կապված կոչ է արել գործերը տարանջատել՝ քաղաքականության հետ առնչվող գործեր, որտեղ չկան զոհեր, և գործեր, որտեղ կան զոհեր: «Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Սասնա ծռերի» գործին: Ես հույս ունեմ, որ որևէ քաղաքացի չի ակնկալում, որ ես պետք է մտնեմ բանտերը դռները բացեմ, ասեմ՝ տղե՛րք, դուրս եկեք: Դա ճիշտ ճանապարհ չէ: «Սասնա ծռերի» գործը հասկանալիորեն մի փոքր այլ է, և ես ինձ հաշիվ եմ տալիս, որ այս գործի հանգուցալուծումը կարևոր է Հայաստանում համերաշխության մթնոլորտի համար»,-ասել է նա:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ