Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Օգոստոս

Երևանի Մատենադարանը համալրվեց 27 արժեքավոր ձեռագրերով

Երևանի Մատենադարանը համալրվեց 27 արժեքավոր ձեռագրերով

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համազգային հայ կրթական և մշակութային միությունը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեց 14-20-րդ դարերի 27 արժեքավոր ձեռագրեր: Դրանց թվում են Ծիսական գրքեր, ժողովածուներ, Սաղմոսարան, Գանձարան, Ավետարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանձնման արարողությունը կայացավ մայիսի 17-ին:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

«Հանրապետության 100-ամյակը լավագույն առիթն էր, որ այս ձեռագրերը գային իրենց «նստավայր»՝ Մատենադարան: Ձեռագրերը մինչ այժմ պահպանվել են Բեյրութի Նշան Փալանճյան ճեմարանում: Ամեն ձեռագիր իր պատմությունն ունի: Սրանք հայ մտքի և արվեստի լավագույն նմուշներն են: Մատենադարանին հանձնած այդ գրքերն ունեն 600 տարվա կենսագրություն՝ 14-րդ դարից մինչև 20-րդ դար: Դրանք արձանագրում են մեր ծիսակատարություններն ու կանոնակարգերը, ավանդություններն ու դավանանքը»,-ասաց  Համազգային հայ կրթական և մշակութային միության ներկայացուցիչ Մկրտիչ Մկրտչյանն ու հավելեց, որ Մատենադարանը ցուցանմուշների ներկայացման սովորական վայր չէ: Այստեղ հայության ազգային գանձարանը ոչ միայն պահպանվում, այլ նաև ուսումնասիրվում է:

Մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանի խոսքով՝ այս նվիրատվությունն առանձնանում է նրանով, որ բոլոր ձեռագրերը զուտ հայերեն են և առավելապես միջնադարյան ձեռագրերի արժեքավոր նմուշներ: «Ստացել ենք 27 ձեռագիր և 1 փոքրիկ ձեռագրացուցակ: Հնագույն ձեռագիրը 1430 թվականին Աղթամարում Թովմա գրչի ձեռքով գրված մանրուսմունքն է՝ Կացրդարանը: Թեկուզ այն վնասված է, բայց բարեբախտաբար գլխավոր Հիշատակարանն ամբողջապես պահպանված է: Հիշատակարանի որևէ տեղեկություն մինչ այժմ գիտական գրականության մեջ օգտագործված չի եղել: Տեղեկությունները թե պատմական են, թե ազգային խնդիրներին վերաբերող»,-ասաց նա:

Ժամանակագրորեն երկրորդը 1489 թվականի Սարգիս Շնորհալու «Մեկնություն Կաթողիկա թղթոց» երկի հսկայածավալ ձեռագիրն է, այնուհետև՝ 15-րդ դարի Գանձարանը, 1574 թվականի մի Ավետարան, 1663 թվականի Սաղմոսարան, 17-րդ դարի երեք ձեռագրեր և այլն:  Ձեռագրերը տարբեր տեղերից են հասել Բեյրութ: Որոշ դեպքերում առանձին մտավորականներ են եղել նվիրողները: Դրանք ուսումնասիրված չեն: Գևորգ Տեր-Վարդանյանի կարծիքով՝ լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Ապահովության համար դրանք ախտահանել են, իսկ վերականգնման աշխատանքներն ըստ անհրաժեշտության անպայման կարվեն առաջիկայում:

Տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի փաստմամբ՝ Մատենադարանը վերջին 60-70 տարիների ընթացքում իր ձեռագրական ժառանգությունը եռապատկել և քառապատկել է: Եվ այս ամենը նվիրատուների, բարերարների, ազգային կազմակերպությունների շնորհիվ: Ձեռագրահավաքին մասնակցել են բազմաթիվ մեր հայրենակիցներ՝ աշխարհի տարբեր անկյուններից: Եվ դրանք կենտրոնացրել են ամենաապահով վայրում՝ Մատենադարանում: Այստեղ այդ ձեռագրերը շատ ապահով ձևով պահվում են, ըստ անհրաժեշտության խնամվում և վերականգնում: Բացի այդ, դրանք ուսումնասիրում են լավագույն մասնագետները: Տեր-Ղևոնդյանն այս նվիրատվությունը որակեց վերջին 15 տարիների ամենամեծ միանվագ նվիրատվությունը: Վստահեցրեց՝ դրանք իրենց պատվավոր տեղն են գտնելու Մատենադարանի հարուստ ժառանգության մեջ:   

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ