Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հուլիս

Իրանագետը ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր համաձայնագրում տեսնում է նաև Հայաստանի շահը


ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը և հարաբերությունների սերտացումը Հայաստանի շահերից է բխում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանը ձգտում է բավական սերտ հարաբերություններ ունենալ ԵԱՏՄ-ի հետ` Իրան-ԵԱՏՄ ժամանակավոր համաձայնագրի ստորագրումը շատ կարևոր է: Բացի այդ, հաշվի առնելով Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների կիրառումը, կարծում եմ, լրացուցիչ հնարավորություն է Իրանի համար`ստեղծել տնտեսական գործակցության նոր դաշտ Եվրասիական տնտեսական երկրների շրջանակում»,- ընդգծեց իրանագետը:

Նրա խոսքով՝ Իրան-ԵԱՏՄ հարաբերությունների սերտացումը բխում է նաև Հայաստանի շահերից` առաջին հերթին, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և երկրորդ` այդ միության շրջանակում միակ երկիրն է, որն Իրանի հետ ցամաքային սահման ունի:

«Այդ ցամաքային սահմանը չափազանց կարևոր է: Իրանի Իսլամական Հանրապետությունում «Արազ» ազատ տնտեսական գոտին արդեն բավականին երկար ժամանակ է, որ գործում է, և մեր կողմում ստեղծված «Մեղրու» ազատ տնտեսական գոտին կարիք կա հնարավորինս արագ շահագործման հանձնել: Այդ հանգամանքը կօգնի, որպեսզի կարողանանք օգտագործել այն ամբողջ ներուժը, որն առկա է տվյալ ոլորտում թե՛ երկկողմ Հայաստան-Իրան և թե՛ ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների մակարդակով»,- ընդգծեց Ոսկանյանը:

Անդրադառնալով Իրանի դեմ գործարկվող պատժամիջոցներին և այդ երկրի շուկայի հանդեպ ԵԱՏՄ հետաքրքրությանը` նա նշեց ԵԱՏՄ-ի շուկայի հսկայական ծավալների փաստը և 80-միլիոնանոց իրանական շուկան:

«Իրանական  այդ մեծ շուկան չափազանց հետաքրքիր է ԵԱՏՄ գրեթե բոլոր երկրների համար: Այս իմաստով այդ շուկան առանձնահատուկ հետաքրքրություն ունի Հայաստանի համար և աշխարհագրական դիրքն էլ նպաստում է, որպեսզի համապատասխան աշխատանքի դեպքում, կարողանանք հանդիսանալ լրջագույն կապող օղակ Իրանի և ԵԱՏՄ երկրների հետ: Այս դաշտում, կարծես թե, զգալի տարաձայնություններ չկան: Անշուշտ, Իրանը կփորձի շարունակել սեփական շուկայի հանդեպ հովանավորչության քաղաքականությունը, բայց համաձայնագրի կնքումով, ըստ էության, այդ շուկայի բավական նկատելի մասը, կարծես թե, բացվում է»,- շեշտեց Վարդան Ոսկանյանը: 

Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովում ազատ առևտրի գոտու վերաբերյալ ժամանակավոր համաձայնագիր են ստորագրել: 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ