Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հուլիս

ՀՀ քննչական կոմիտեն որոնում է Երևանում գործող խաղասրահից գողություն կատարած անձանց


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող խաղասրահից գողություն կատարած անձանց ինքնությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «Նախնական տվյալներով՝ 2018թ. ապրիլի 26-ի՝ ժամը 04:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Կենտրոն վարչական շրջանում գործող խաղասրահներից մեկի դուռը և հափշտակել «Փլեյսթեյշն 4» տեսակի 3 համակարգիչ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում ստացվել են խաղասրահի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության: Տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես են 3 երիտասարդ մուտք գործում սրահ, շրջում, վերցնում ինչ-որ իրեր և դրսում կայանված ավտոմեքենայով հեռանում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ