Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

Զինկոմիսարիատների օպտիմալացման խնդրին անդրադարձ կկատարվի կառավարության նիստում


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքող աշխատակիցներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միրզոյանը նշել է, որ լուծումն այնպիսին պետք է լինի, որից կշահի թե պետությունը, և թե զինկոմիսարիատների աշխատակիցները: «Այդ բարեփոխումը բանակաշինությանը միայն օգնելու է, դրանից  բանակն ու պետությունը շահելու է և  դա օգուտ է մեզ բոլորիս: Եկեք այդ գործընթացին բացասաբար չվերաբերվենք»,-աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է փոխվարչապետը:

Արարատ Միրզոյանը հավաստիացրել է, որ խնդրի լուծումները լինելու են փոխզիջումային: «Հարցը կքննարկվի նաև կառավարության նիստի ընթացքում»,-տեղեկացրեց Միրզոյանը:

Կառավարության շենքի դիմաց վաղ առավոտից բողոքի ակցիա իրականացնող զինկոմիսարիատի աշխատակիցներին ընդունել է նաև ՀՀ կառավարության՝ քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը:

Ապա նրանց հետ հանդիպել են գլխավոր զինվորական կոմիսարն ու պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն էլ հանձնարարել է շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները: Նախարարը հանձնարարել է մեկ շաբաթյա ժամկետում նրան ներկայացնել համապատասխան առաջարկներ և լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ:

«Պաշտպանության մասին» նոր օրենքով՝ զինկոմիսարիատների կառավարումը ԶՈՒ գլխավոր շտաբից փոխանցվում է ՊՆ-ին: Զինկոմիսարիատների օպտիմալացման պարագայում 44 զինկոմիսարիատներից մնալու է 14-ը, իսկ յուրաքանչյուրում՝ 20 աշխատողներից՝ երկուսը։

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ