Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Նաիրիտցիները կսպասեն վարչապետի արձագանքին, մինչ այդ՝ վաղը կհավաքվեն կառավարության շենքի դիմաց


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները հանդիպել են վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ և ներկայացրել իրենց հուզող հարցերը: Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը, ով ևս երկու աշխատակիցների հետ ներկա էր եղել հանդիպմանը, իրենք ներկայացրել են 116 անձի խնդիրը, որոնց աշխատանքային պայմանագիրը Արտակարգ իրավիճակների նախարարության հետ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին լրացել է և նրանք մնացել են «օդի մեջ»: «Արդեն 5-րդ ամիսն է, որ այդ մարդկանց ստատուսի հարցը որոշված չէ: Մենք ասացինք, որ հարցը պետք է լուծվի, աշխատավարձի վճարման մեթոդները գտնվի: Խնդրել ենք, որ այդ մարդկանց չթողնեն սնանկության կառավարիչի վրա, որովհետև դա ավտոմատ կնշանակի, որ սնանկության կառավարիչի ֆինանսական բեռը բարձրանալու է, և այն սարքերը, նյութերը, որ հույս ունենք Նաիրիտի վերագործարկման ժամանակ օգտագործել, կառավարիչը ստիպված կլինի վաճառելու, օտարելու՝ պատճառաբանելով աշխատողների աշխատավարձը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հրաչ Թադևոսյանը:  

Նաիրիտցու խոսքով՝ այդ խնդրից խուսափելու համար իրենք առաջարկել են պարտավորությունները թողնել ԱԻՆ-ի վրա, քանի որ գումարը մեծ չէ՝ ամսական 8 միլիոն դրամ: Նրանք վերահաստատել են, որ ակնկալում են «Նաիրիտի» վերագործարկումը: «Մեզ հարցրեցին, թե մյուս խումբը, որ հանդիպել է ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանին, մեզանից առանձի՞ն է գործում, թե՞ ոչ: Ես հստակ նշել եմ, որ առանձին չենք, նույն գործարանի ներկայացուցիչներն ենք: Մենք դե ֆատկո գործարանի աշխատող ենք, իսկ նրանք արդեն 3 տարի ազատված են, բայց բոլորս միասին պայքարել ենք այս ամբողջ ընթացքում»,-հավելեց Հրաչ Թադևոսյանը:

Վարչապետի աշխատակազմից տեղեկացրել են, որ խնդրի մասին կզեկուցեն Նիկոլ Փաշինյանին: Հրաչ Թադևոսյանը ավելացրեց, որ կսպասեն նրա արձագանքին, իսկ մինչ այդ կվերսկսեն իրենց բողոքի ակցիաները կառավարության շենքի դիմաց ամեն նիստի օր:

Մայիսի 16-ի առավոտյան «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները բողոքի ակցիա էին սկսել Բաղրամյան 26-ի դիմաց, նրանցից երեքին հրավիրեցին վարչապետի նստավայր:

Նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էր հանդիպել «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրաելյանի, նաիրիտցիների համակարգող խմբի անդամների և աշխատակիցների փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ: Նախագահի հետ տեղի ունեցած հանդիպմանը նաիրիտցիների փաստաբանը ներկայացրել էր գործարանի նախկին աշխատակիցների դժգոհությունը դատական համակարգի աշխատանքից՝ կողմնակալ համարելով «Նաիրիտի» գործին առնչվող դատավորների վերաբերմունքը: Նաիրիտցիների ներկայացուցիչները բարձրացրել էին նաև գործարանի վերագործարկման հարցը, դրա վերաբերյալ ներկայացրել իրենց տեսակետները: Արձագանքելով հանդիպման մասնակիցների բարձրացրած հարցերին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ երկրում ձևավորված նոր միջավայրում դատաիրավական համակարգը ևս քայլ առ քայլ պետք է անցնի փոփոխությունների միջով, իսկ ոչ անաչառ դատավորները չպետք է տեղ ունենան համակարգում: Նա տեղեկացրել է, որ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակում այդ հարցերը քննարկել է նաև համակարգի ղեկավարության հետ:

Հանրապետության նախագահը կարևորել է այս խնդիրների քննարկումը կառավարության հետ: Արմեն Սարգսյանը առաջնային խնդիր է դիտարկել գործարանի առկա վիճակի և վերագործարկման հնարավորությունների մասնագիտական վերագնահատումը, ինչպես նաև այդ ուղղությամբ ներդրողների հնարավոր հետաքրքրությունը:  




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ