Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

Արփինե Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել ԵԽԽՎ 4 պատգամավորի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշման վերաբերյալ


ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնում Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի գործով վեհաժողովի 4 պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ Արփինե Հովհաննիսյանը հիշեցրել է, որ ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի ընթացքում վեհաժողովում կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ անկախ հետաքննող մարմինը ներկայացրել էր իր զեկույցը:

«Հետաքննությունը կազմվել է ԵԽԽՎ քարտուղարության աշխատակիցների, ԵԽԽՎ պատվիրակների, ԵԽ–ում անդամ երկրների մի շարք դեսպանների վկայությունների, միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, լրատվամիջոցների բացահայտումների հիման վրա։ 

Զեկույցն անդրադառնում է ԵԽԽՎ-ում լոբբինգի, Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու դեպքերին: Ոչ օրինական գործունեություն ծավալած անդամների շարքում են ԵԽԽՎ գործող և նախկին պատվիրակներ։ Զեկույցի բացահայտումների արդյունքում ռումինացի պատգամավոր, վեհաժողովում ԵԺԿ քաղաքական խմբի նախագահ Չեզար Պրեդան ներկայացրեց իր հրաժարականը խմբի ղեկավարի պաշտոնից»,- գրել է Հովհաննիսյանը:

Անկախ մարմնի զեկույցի հիման վրա ԵԽԽՎ-ում ընդունվել է համապատասխան բանաձև, որում, այլ առաջարկությունների և սահմանած հետագա գործողությունների հետ մեկտեղ, կոչ է արվել կոռուպցիոն գործարքներում ներգրավված ԵԽԽՎ գործող պատվիրակներին հրաժարական տալ:

«Մայիսի 15-ին տեղի ունեցած Վեհաժողովի Կանոնակարգի հարցերի հանձնաժողովը շարունակել է հարցի քննարկումը` անդրադառնալով չորս անդամի գործերին՝ Պեդրո Ագրամունտի /Իսպանիայի պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ նախկին նախագահ, EPP խմբի անդամ/, Խորդի Չուկլայի /Իսպանիայի պատվիրակության անդամ, ALDE խմբի անդամ/, Սամադ Սեիդովի /Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, EC խմբի անդամ/, Չեզար Պրեդայի /Ռումինիայի պատվիրակության անդամ, EPP խմբի անդամ/:

Համաձայն հանձնաժողովի որոշման՝ նշված պատգամավորները կոպտորեն խախտել են Վեհաժողովի անդամի կանոնակարգը և զրկվում են կազմակերպությունում որևէ պաշտոն զբաղեցնելու, զեկուցող նշանակվելու, անդամ երկրներում ընտրություններ դիտարկելու, վեհաժողովն այլ մարմիններում ներկայացնելու և այլ իրավունքներից:
Ագրամունտի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են 10 տարով, իսկ մնացած 3 պատգամավորների նկատմամբ՝ 2 տարով»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ