ԵԽԽՎ Ադրբեջանի հարցերով համազեկուցողների հունիսյան այցը կարող է չկայանալ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգային հանձնաժողովի Ադրբեջանի հարցերով համազեկուցողների այցն Ադրբեջան, որը նախատեսված էր ընթացիկ տարվա հունիսին, հավանաբար չի կայանա կամ կլինի այլ կազմով:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Պատճառն այն է, որ ԵԽԽՎ անկախ հանձնաժողովի կողմից պատժամիջոցների ենթարկված 4 պատգամավորներից մեկը՝ Սեզար Պրեդան (Ռումինիա), ում 2 տարով արգելվել է զբաղվել դիտորդական առաքելությամբ և ԵԽԽՎ-ում հանդես գալ որպես զեկուցող, Ադրբեջանի հարցերով համազեկուցողներից մեկն է:
Ռումինիայի պատգամավոր Սեզար Պրեդայի՝ որպես Ադրբեջանի հարցերով համազեկուցողի լիազորությունները դադարեցնելու պահանջով դեռևս 2017-ին հանդես էին եկել մի շարք հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ:
Իրավապաշտպան կազմակերպությունները պնդում էին, որ Պրեդայի պաշտոնավարման ընթացքում ԵԽԽՎ-ում չեն քննարկվել և չեն ընդունվել Ադրբեջանում ժողովրդավարական իրավիճակի հետ կապված բանաձևեր:
Հասարակական կազմակերպությունները նաև նշել էին, որ 2017 թ. սեպտեմբերին Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Ստեֆան Շեննակի և Սեզար Պրեդայի կողմից ներկայացված «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» թեմայով բանաձևում հստակ նկատվել են Շեննակի և Պրեդայի տեսակետների միջև առկա հակասությունները:
Առհասարակ, Սեզար Պրեդայի գործունեությունը ցույց է տվել, որ նրան կամ չի հետաքրքրում, թե Բաքուն ինչպես է կատարում ԵԽ-ին անդամակցությունից հետո իր ստանձնած պարտավորությունները, կամ նա չի ցանկանում ներկայացնել Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների ծանր իրավիճակի և առհասարակ ժողովրդավարության բացակայության վերաբերյալ ճշմարտությունը:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում ապրիլի 26-ին բուռն քննարկումներից հետո ընդունվել էր կոռուպցիոն գործարքների վերաբերյալ անկախ հետաքննչական մարմնի կողմից ներկայացված 219-էջանոց զեկույցը:
ԵԽԽՎ պատգամավորների հետ կոռուպցիոն սկանդալների մեջ ներքաշված գլխավոր ֆիգուրները Ադրբեջանի իշխանություններն են:
Փաստաթուղթը վերաբերում էր ԵԽԽՎ մի շարք պատգամավորների համակարգված կաշառակերությանը, տարիներ շարունակ Ադրբեջանի կառավարությունը տարբեր երկրների քաղաքական գործիչներին և պաշտոնյաներին առատորեն թանկարժեք նվերներ է մատուցել՝ մետաքսից գորգեր, ոսկի, արծաթ, խավիար, կանխիկ դրամ և բոլոր ծախսերի վճարմամբ ուղևորություններ՝ Ադրբեջանի օգտին և Հայաստանի ու Արցախի դեմ նրանց ձայների դիմաց: Այս անօրինական գործունեությունը այնքան մեծ տարածում է գտել, որ եվրոպացիներն այն նկարագրում են որպես «խավիարային դիվանագիտություն»:
Անկախ հանձնաժողովը, որը հետաքննություն էր իրականացնում Ադրբեջանի կոռուպցիոն գործունեության վերաբերյալ, որոշում է կայացրել խիստ պատժամիջոցներ կիրառել չորս պատգամավորների, այդ թվում՝ նաև ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի նկատմամբ. նրանք զրկվել են ձայնի իրավունքից:
ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության անդամ Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնել է, որ պատժամիջոցները Ագրամունտի դեմ կգործեն 10, իսկ մյուս երեք պատգամավորների դեմ՝ 2-ական տարով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում