Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հոկտեմբեր

«Մունդիալ-2018»-ից առաջ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության ոչ ֆավորիտ տան տերերը` ՌՈՒՍԱՍՏԱՆ


ԵՐԵՎԱՆ, 16  ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Մունդիալ-2018»-ի մեկնարկային խաղում կազմակերպիչ երկրի ներկայացուցիչները` Ռուսաստանի հավաքականը, կխաղա Սաուդյան Արաբիայի ընտրանու դեմ: Ռուսների համար 21-րդ աշխարհի առաջնության առաջին խաղում հաղթելը անխոս, հեղինակության հարց կլինի, քանի որ Սաուդյան Արաբիան ոչ Մունդիալի ֆավորիտներից է, ոչ էլ վարկանիշով մոտ է ռուսներին: Աշխարհի այս առաջնությանը ռուսներն ունեն հնարավորություն առաջ շարժվելու և ապացուցելու ֆուտբոլային հանրությանը, որ, բացի հոկեյից, իրենք նաև ֆուտբոլի լավ ընտրանի ունեն:

Պատմական ակնարկ

Խորհրդային միության անկումից հետո ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի բոլոր նվաճումները վերագրվեցին Ռուսաստանի հավաքականին, թեպետ խորհրդային հավաքականի ձեռքբերումները սխալ կլինի համարել բացառապես ռուսներինը:

ԽՍՀՄ հավաքականն առաջին անգամ մունդիալի մասնակցել է 1958 թվականին և հասել մինչև քառորդ եզրափակիչ: Այսպիսի արդյունք է գրանցվել նաև 1962 թվականին: Իսկ 1966 թվականին, երբ ֆուտբոլային «տոնն» անցկացվում էր Անգլիայում, ԽՍՀՄ հավաքականը հաղթեց բոլոր երեք խաղերում` կիսաեզրափակիչում պարտվելով գերմանացիներին: ԽՍՀՄ թիմը երրորդ տեղի համար պայքարեց Պորտուգալիայի հավաքականի հետ և զիջեց 1-2 հաշվով: Մունդիալ-70-ը կայացավ Մեքսիկայում, որտեղ ԽՍՀՄ թիմը հասավ մինչև քառորդ եզրափակիչ:  Բաց թողնելով հաջորդ երկու ԱԱ-ները` 1982 թվականի իսպանական մունդիալում նրանք  դարձյալ շատ առաջ չգնացին: 1990-ականներին,  երբ ԽՍՀՄ-ը փլուզվել էր, և Ռուսաստանն արդեն ազգային ընտրանի ուներ, մունդիալներում նրանց չէր հաջողվում դուրս գալ խմբային փուլից: 2002 թվականի կորեա-ճապոնական մունդիալում ռուսները հայտնվել էին H խմբում, այստեղ նրանք տոնեցին մեկ հաղթանակ, բայց կրեցին երկու պարտություն: Հետագա երկու` 2006 և 2010 ԱԱ-ներում Ռուսաստանը բացակայում էր, բայց բրազիլական առաջնությանը 2014 թվականին ընդգրկվեց H խմբում և երեք խաղերից երկուսն ավարտեց ոչ-ոքի, իսկ մեկում պատվեց և խմբային փուլում հավաքելով միայն 2 միավոր գրավեց 3-րդ տեղը` դուրս մնալով հետագա պայքարից:

Որպես հյուրընկալող երկիր Ռուսաստանն ազատվեց աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերին մասնակցելուց և անցկացրեց միայն ընկերական հանդիպումներ:

Ռուսաստանի հավաքականում, որպես այսպիսին, ընդգծված առաջատար չկա: Ռուսները փորձում են թիմային խաղի միջոցով արդյունքի հասնել: Բայց իր ուրույն տեղը և դիրքն ունի Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Իգոր Ակինֆեևը: 32-ամյա դարպասապահն ազգային ընտրանու կազմում անցկացրել է 100 ավելի հանդիպում և արդեն միջազգային հանդիպումների մեծ փորձ ունի: Եվ հենց Ակինֆեևն էլ Ռուսաստանի հավաքականի ավագն է: Հավաքականի կազմում կայուն խաղ են ցուցադրում նաև Կուդրյաշովը և Սամոդովը, ովքեր ընտրանու կազմում 1000 րոպեից ավել են խաղացել: Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովն է, ով թիմի ղեկը ստանձնեց 2016 թվականին:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները

Ռուսաստանի հավաքականն ընդգրկված է A խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Ուրուգվայի ընտրանիները: Առաջին ենթախմբից դուրս գալու հնարավորություն ռուսներն ունեն: Ֆավորիտներից են նաև Ուրուգվայը և Եգիպտոսն իր նոր աստղով` Մուհամեդ Սալահով: «Ռուսական արջերը» հունիսի 14-ին` բացման պաշտոնական արարողությունից հետո կմրցեն Սաուդյան Արաբիայի, հունիսի 19-ին` Եգիպտոսի և հունիսի 25-ին` Ուրուգվայի թիմերի հետ:

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Ռուսաստանի հավաքականը միայն 66-րդ տեղում է:

Կազմեց` Վարվառա Հայրապետյանը

 

 Մունդիալ-1930 




Այս թեմայով

... վերջին լուր "«Մունդիալ-2018»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ