Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հուլիս

Դամասկոսում մայիսյան հերոսամարտերի և Առաջին Հանրապետության հիմնադրման 100 ամյակին նվիրված միջոցառում է անցկացվել


ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսի Ասադի անվան օպերայում մայիսի 14-ին Սիրիայի մշակույթի նախարար Մուհամմադ ալ-Ահմադի և Սիրիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի է ունեցել Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման հարյուրամյակին նվիրված միջոցառումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառմանը ներկա են գտնվել  ՍԱՀ մշակույթի նախարար Մուհամմադ ալ-Ահմադը, ՍԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Այման Սուսանը, ՍԱՀ կազմակերպությունների և միությունների գծով պետնախարար Սալվա Աբդալլահը, ՍԱՀ Ժողովրդական Ժողովի անդամ, Սիրիա-հայկական բարեկամության խմբի ղեկավար Նորա Արիսյանը, Դամասկոսի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Դամասկոսի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր առաջնորդ Հովսեփ եպիսկոպոս Արտաությանը, Սիրիայում հավատարմագրված դեսպաններ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրոնական առաջնորդներ, ցեղապետեր, Սիրիայի հասարակական-մշակութային, կուսակցական կազմակերպությունների, գիտության և ուսումնական հաստատությունների, լրատվամիջոցների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառումը բաղկացած է եղել երկու մասից՝ պաշտոնական և մշակությային: Առաջին մասում միջոցառման պատվո հյուրերը հանդես են եկել  շնորհավորական ուղերձներով: 

Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փլադյանը ներկաներին ուղղված բացման խոսքում նշել է, որ 1918թ.-ի մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնումը պատմական անհրաժեշտություն էր ավելի քան 550 տարի պետականությունը կորցրած հայ ժողովրդի համար: Դեսպանը հավելել է, որ Առաջին Հանրապետության կայացումը դարձավ հնարավոր Մայիսյան հերոսամարտերում սեփական գոյությունն ու հավատքը պաշտպանելու դուրս եկած հայ ժողովրդի անձնազոհ սխրանքի շնորհիվ: Դեսպան Փոլադյանն ընդգծել է, որ հերոսամարտերը Հայոց պատմության մեջ հավերժացրեցին հայ ազգի հարատև մնայունության վճռականությունը: 

Միջոցառմանը ելույթներով հանդես են  եկել ՍԱՀ մշակույթի նախարար Մուհամմադ ալ-Ահմադը, ՍԱՀ Ժողովրդական Ժողովի Սիրիա-հայկական բարեկամության խմբի ղեկավար Նորա Արիսյանը, ՍԱՀ ԺԺ պատգամավոր Նաբիլ Տոոմեն և Դամասկոսի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Իրենց ելույթներում նրանք ընդգծել են, որ սիրիացիները պատմականորեն միշտ կանգնած են եղել հայերի կողքին և որ հայ և սիրիացի ժողովուրդների հարաբերությունները եղել են և կմնան փոխադարձ հարգանքի և վհստահության օրինակելի հարաբերություններ՝ կառուցված մշակութային ընդհանրության և խոր արմատներ ունեցող համատեղ պատմության հիմքի վրա: Երկու ժողովուրդները Օսմանյան տիրապետության ժամանակաշրջանում ազատագրական մարտեր մղեցին ազատ և անկախ ապրելու համար: Ելույթ ունեցողները առանձնահատուկ ընդգծել են  Հայաստանի Հանրապետության անփոփոխ հավասարակշռված դիրքորոշումները բարեկամ Սիրիայում ավելի քան յոթ տարի չդադարող պատերազմի կապակցությամբ:

Միջոցառման շրջանակներում ցուցադրվել է Առաջին Հանրապետության մասին պատմող վավերագրական կարճամետրաժ կինոֆիլմ արաբերեն լեզվով, որը պատրաստվել էր ՀՀ դեսպանության և սիրիացի անվանի ռեժիսոր Բասել ալ-Խատիբի համագործակցությամբ։ Ֆիլմը հանգամանալից կերպով պատմում է Առաջին Հանրապետության կայացման ողջ պատմությունը՝ սկսած Հայոց մեծ Եղեռնից և անկախության համար մղած գոյամարտերից, մինչև Առաջին Հանրապետության անկումը և Հայաստանի խորհրդայնացումը: 

Միջոցառման երկրորդ մասում Սիրիայի կոնսերվատորիայի “Կորալ” երգչախումբը՝ Սիրիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Միսակ Բաղբուդարյանի ղեկավարությամբ կատարել  է Կոմիտասի երգերը, Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան» երգը և այլն։ Ապա հադիսատեսին ներկայացվել է հայկական ազգային պարեր՝ Դամասկոսի Նոր սերունդ մշակութային միության “Մեղրի” պարախմբի կատարմամբ:

Միջոցառումը մեծ արձագանք է ստացել սիրիական մամուլում, այն հեռարձակվել է Սիրիայի արբանյակային հեռուստաալիքի ուղիղ եթերով:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ