Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Նոյեմբեր

Իրանի հետ հարաբերությունները ՀՀ-ի համար ունեն կենսական նշանակություն. Վարդան Ոսկանյան


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալով՝ ԱՄՆ-ն փորձում է Մերձավոր Արևելքում Իրանի դիրքերը սահմանափակել, նրան չեզոքացնել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը:

«ԱՄՆ-ն իր բոլոր հնարավորություններն օգտագործում է Իրանի վրա ճնշում գործադրելու համար: Արդեն մի քանի տարի է Իրանի միջուկային համաձայնագրի կնքումից հետո Իրանը ոչ միայն կարողացել է հաջողությամբ կարգավորել իր խնդիրները տարածաշրջանում, այլև ներկայություն ապահովել Մերձավոր Արևելքի տարածաշրջանի գրեթե ողջ հատվածով: Մասնավորապես, Սիրիայում իրանական դիրքերն ամրապնդվել են ի վնաս Իսրայելի տարածաշրջանային անվտանգության, և այս խնդիրն անհանգստացնում է Իսրայելին»,-ասաց Վարդան Ոսկանյանը:

Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը ենթադրում է պատժամիջոցներ Իրանի նկատմամբ: Վարդան Ոսկանյանը նկատեց, որ ԱՄՆ-ն փորձելու է Իրանի տնտեսությունը հասցնել քայքայման՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

«Ակնհայտ է մի բան, որ Իրանի համար ստեղծված իրավիճակը սովորական է, այն է՝ մի քանի ճակատով պետք է պատերազմի: Իրանցիները համարում են, որ իրենց պետության համար շարքային երկրի կարգավիճակն անընդունելի է: Իրանը պետք է լինի Մերձավոր Արևելքում գերտերություն»,-ասաց Վարդան Ոսկանյանը:

Իրանագետի խոսքով՝ Հայաստանն Իրանի հետ աշխատել է, աշխատում է և պետք է աշխատի անկախ պատժամիջոցների առկայությունից կամ բացակայությունից: ԱՄՆ-ն հայտարարում է, որ ուղղակիորեն պատժամիջոցներ կարող է կիրառել այն ընկերութունների նկատմամբ, որոնք աշխատում են Իրանում՝ անկախ նրանից ամերիկյան, թե եվրոպական, թե այլ ընկերություններ են: Դա որոշակի վախ կարող է առաջացնել հայաստանյան ընկերությունների շրջանում:

«Ցանկացած պարագայում, Հայաստանը պետք է հստակորեն հասկացնի բոլոր կողմերին՝ անկախ նրանից, թե ով է այդ կողմը, որ Հայաստան-Իրան հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն, որևէ մեկը չպետք է Հայաստանի վրա ճնշում գործադրի, որը կխաթարի հարաբերությունները իր հարևանի հետ, լինի Իրանը, թե Վրաստանը: Մենք նույնպես այս պետությունների համար ունենք կարևոր նշանակություն»,-հավելեց Վարդան Ոսկանյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ