Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Մայիս

Սփյուռքի նորանշանակ նախարարը հաշված օրերի ընթացքում կներկայացնի իր առաջիկա քայլերը


ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը առաջիկա օրերին պատրաստվում է ընդհանրական ձևով ներկայացնել մոտ ապագայում իրականացնելիք իր առաջին քայլերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթար Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռ առաջին անգամ է նախարարություն եկել, բայց արդեն մի քանի օր է, ինչ աշխատանք է տանում թե Հայաստանի ներսում, թե երկրից դուրս՝ ոլորտի խնդիրներին տիրապետող անձանց հետ և նրանց հետ մշտական խորհրդատվական հանդիպումներ է ունենում:

«Առաջիկայում ես կծանոթանամ նախարարությունում առկա խնդիրներին և հստակ գնահատականներ կտամ բոլոր հարցերին: Մենք պետք է շատ արագ լծվենք նաև Կառավարության ծրագրի ներկայացմանը, քանի որ մեր նախարարության առումով նույնպես շատ անելիք կա»,- ասաց Հայրապետյանը:

Անդրադառնալով սփյուռքում գտնվող հայրենակիցներին՝ նա ընդգծեց, որ իրենք փորձելու են ներառական գործընթացներ կազմակերպել, որպեսզի վերջինները ներգրավվեն քաղաքական որոշումների մի մասին:

«Ներդրումների առումով մենք մեծ հույսեր ենք կապում սփյուռքում ապրող մեր բարերարների հետ, բայց ցանկանում ենք ավելի սերտացնել կապերը նաև որոշումներ կայացնելու գործընթացում: Ես առավել քան վստահ եմ, որ միլիոնավոր հայերի մեծ հայրենադարձություն կազմակերպելը շատ իրատեսական է: Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ կա ետ վերադառնալու կամք և ցանկություն, բայց դեռևս չկա համապատասխան մթնոլորտ, որտեղ նրանք կարողանան իրացնել իրենց ներուժը, կարողանան հարմարվել պայմաններին»,- շեշտեց նորանշանակ նախարարը:

Նրա խոսքով՝ այդ հարցում միայն այս գերատեսչությունը չէ, որ անելիքներ ունի, քանի որ երկրում հարկավոր է հաստատել օրինականություն, անողոք պայքար մղել կոռուպցիայի դեմ:

«Հայաստանում պետք է պաշտպանվեն ներդրողների, գործարարների շահերը, պետք է հավասար մրցակցային պայմաններ ստեղծվեն բոլոր «խաղացողների» համար, պետք է վերացվի մոնոպոլիան, և այսպես շարունակ: Մենք կարող ենք իրականացնել մեծ ներգաղթ, սակայն դա կլինի եռանդուն և ամենօրյա ռեժիմով աշխատանքի արդյունք»,- ասաց Հայրապետյանը և հավելեց, որ մթնոլորտը ստեղծելուց հետո կարող են առաջարկել հայրենակիցներին գալ և ապրել Հայաստանում:

Գերատեսչության նորանշանակ ղեկավարը դեռևս չի հանդիպել սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, հնարավոր է, որ այդ հանդիպումը տեղի ունենա մայիսի 15-ին, քանի որ օրենքով սահմանված կարգով պետք է ներկայացման արարողություն լինի:

Խոսելով նախարարության կողմից նախկինում իրականացված ծրագրերից՝ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ գերատեսչության կարևոր գաղափարախոսությունը պետք է լինի, նախևառաջ, հայրենադարձության կազմակերպումը:

«Արի տուն» ծրագիրը ևս նման նպատակ է հետապնդել, սակայն հնարավոր է, որ որոշակի ձևաչափեր փոփոխվեն: Չեմ բացառում, որ հնարավոր է լինեն նոր, մի քանի նմանատիպ ծրագրեր, և, կարծում եմ, որ այստեղ կան շատ բաներ, որ պետք է փոխել և շատ բաներ, որոնք պետք է պահպանել: Պետք է փոփոխել հայ համայնքների հետ կապի, հարաբերվելու որակն ու մակարդակը և, առհասարակ, ամբողջ փիլիսոփայությունը: Ըստ իս հայ համայնքները չեն արժանացել այն ուշադրությանը, որին պետք է արժանանային: Մամուլի հետ կապերը նույնպես պետք է փոխվեն և ավելի բարիդրացիական հարաբերություններ ստեղծվեն»,- նշեց նախարարը:

Եզրափակելով խոսքը՝ նա շեշտեց, որ հավատում է հայ ժողովրդին, և, երբ պահը գա, կարվի քայլ, և մի շարք փոփոխություններ իրականություն կդառնան:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ