Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Սեպտեմբեր

Փաշինյանն անհրաժեշտություն է համարում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին Արցախի մասնակցությունը


ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ամենակարևոր կոմպոնենտը համարում է ճիշտ ձևաչափով բանակցությունները, որոնց պետք է անպայման մասնակցություն ունենա նաև Արցախը: ՀՀ վարչապետը նման հայտարարությամբ հանդես եկավ Արցախում մեկնարկած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է հստակ պատասխանենք մի հարցի` ուզո՞ւմ ենք լուծել այս հակամարտությունը, թե՞ չենք ուզում: Եթե միջազգային հանրությունը, ինչպես նաև Ադրբեջանը, ցանկանում են  լուծել այս հարցը, անտրամաբանական է, որ խնդիրը քննարկվում է մի ֆորմատով, որով չի կարող լուծվել: Ինչպե՞ս կարող է բանակցային այս ֆորմատը լուծել մի հարց, որի առանցքային մասնակիցների մեկը ներգրավված չէ բանակցություններում: Այսինքն, սա էմոցիաների խնդիր չէ, սա պրագմատիկ խնդիր է: Արցախի անունից կարող է խոսել Արցախի իշխանությունը:  Հայաստանը նույնպես բանակցությունների կողմ է և ինքը լիարժեք կխոսի իր անունից, իսկ Արցախի անունից պետք է խոսի Արցախի իշխանությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ հայկական կողմերը միշտ էլ հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու դիրքերից, սակայն փաստն այն է, որ Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս ռազմատենչ հռետորաբանությամբ: «Ես կարծում եմ, որ և Ադրբեջանը, և միջազգային հանրությունը պետք է հստակ արձանագրեն, որ Հայաստանն ու   Արցախը Ադրբեջանի ռազմաշունչ հռետորիկայի առաջ չեն ընկրկի, առավել ևս հիմա, երբ մեր ժողովուրդն ու ազգը միասնական է առավել քան երբևէ:

Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Արցախը պետք է լինի հակամարտության կարգավորման բանակցությունների մաս` շեշտելով, որ ինքը պատրաստ է բանակցություններն անցկացել Հայաստանի անունից, իսկ Արցախի անունից պետք է խոսեն Արցախի իշխանությունները:

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ