1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հերոսների օրինակով դաստիարակվել են բազմաթիվ սերունդներ. Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը

 Հերոսների օրինակով դաստիարակվել են բազմաթիվ սերունդներ. Նախագահ Արմեն 
Սարգսյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել  Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ նախագահի պաշտոնական կայքը, ուղերձում նշվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հաղթանակի եւ խաղաղության տոնի ու Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ:

Այս պահին ես հատկապես մտածում եմ Երկրորդ աշխարհամարտի փառապանծ վետերանների մասին, նրանց՝ որոնք, ի ուրախություն բոլորիս, այսօր մեր շարքերում են, եւ որոնց ես մաղթում եմ քաջառողջություն եւ երկար տարիների կյանք:

Նրանք մեզ են փոխանցում պայքարի ոգին եւ հաղթանակի բերկրանքը:

Մտածում են նաեւ բոլոր նրանց մասին՝ մեր ծնողների եւ պապերի, որոնք իրենց ուսերի վրա կրեցին պատերազմի դաժանություններն ու ծանրությունները. բլոկադա, սով, գերություն, համակենտրոնացման ճամբարներ ու գուլագ, որբություն ու անապաստանություն: Նրանք մեզ սովորեցրին տոկալ, հուսալ եւ վերապրել:

Գլուխ եմ խոնարհում այն հազարավոր հերոսների հիշատակի առջեւ, որոնք իրենց կյանքը նվիրեցին ազատությանը: Ցեղասպանությունից դեռեւս արնածոր հայ ժողովուրդը մեծ գին վճարեց ֆաշիզմի դեմ պայքարում, որի զավակներն իրենց փառքով պսակեցին բոլոր ճակատներում:

Այդ հերոսների օրինակով դաստիարակվել են բազմաթիվ սերունդներ: Հենց այդ հերոսների ժառանգներն էին, որոնք տասնամյակներ անց հանուն ազատության մարտի ելան եւ ազատագրեցին Շուշին՝ կերտելով մեր նորօրյա հաղթանակները:

Քաջության, հերոսության եւ հանուն Հայրենիքի ինքնազոհության այդ ոգին այսօր ամուր նստած է Հայրենիքի պաշտպանի՝ հայ զինվորի մեջ: Այդ նա էր՝ հաղթական զինվորը, որ 2016-ի ապրիլին անօրինակ սխրանքով պաշտպանեց հող հայրենին:

Եվ այսօր մեր պայծառ պատանիներն ու երիտասարդներն են կանգնել հերթափոխի, ստեղծարար եռանդով, նպատակասլացությամբ եւ հայրենասիրությամբ լծվել Հայրենիքի վերաշինման գործին:

Փառք ու պատիվ բոլոր քաջերին եւ հավերժ հիշատակ հանուն Հայրենիքի ընկածներին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]