Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սահմանադրագետը ճգնաժամից դուրս գալու ուղին քաղաքական ուժերի ողջախոհության մեջ է տեսնում

Սահմանադրագետը ճգնաժամից դուրս գալու ուղին քաղաքական ուժերի 
ողջախոհության մեջ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրագետ Վարդան Այվազյանը ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու ուղին տեսնում է քաղաքական ուժերի ողջախոհության մեջ: Մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ անհրաժեշտ է ներկուսակցական ամբիցիաները ստորադասել պետության շահերին: Նրա դիտարկմամբ՝ մայիսի 8-ին վարչապետ կընտրվի, բայց արդյոք նոր կառավարության ծրագիրը կհաստատվի, թե ոչ, դժվարացավ ասել: «Հստակ չեմ կարող ասել 15 օրվա ընթացքում կառավարություն ձևավորելու, հետո 20-օրյա ժամկետում ծրագիր ներկայացնելու պարագայում այդ ծրագիրը կհաստատվի, թե ոչ: Եթե ծրագիրը չհաստատվեց, սահմանադրական ընթացակարգերով հետևում է կառավարության հրաժարական: Զրոյից նոր գործընթացներ՝ վարչապետի ընտրություն. պատկերացրեք առաջին անգամ չընտրեն, երկրորդ անգամ ընտրեն, հետո էլի հասնենք կառավարության ծրագրին: Իհարկե, սա Սահմանադրության բացն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց սահմանադրագետը:

Ծրագիրը հաստատելու դեպքում էլ ճգնաժամերի ռիսկ կա, քանի որ ստացվում է կառավարության ղեկավարը մի քաղաքական ուժից է, խորհրդարանական մեծամասնությունը մեկ այլ ուժ է, որը կարող է խոչընդոտել տարբեր օրենքների ընդունումը: Ըստ Վարդան Այվազյանի՝ այն դեպքում, երբ նոր ձևավորվելիք կառավարության ծրագիրը հաստատվի, կառավարությունն ու վարչապետը չեն կարող ազատորեն իրագործել իրենց ծրագրերը, ի վերջո կառավարության ձևավորումից մեկ տարի հետո միայն խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել կառավարությանը:

Ըստ սահմանադրագետի՝ ճգնաժամի պատասխանատուն հավասարապես պետք է լինեն ընտրված վարչապետն ու խորհրդարանական մեծամասնությունը:

Վարդան Այվազյանը իրավական հարցերից զատ խնդրահարույց է համարում նաև կառավարության անդամների աշխատանքը, որոնք անորոշության պայմաններում հոգեբանորեն ճամպրուկային տրամադրությամբ են ու լավ չեն աշխատում: Այս պայմաններում, ըստ բանախոսի, բարձրանում է հանրապետության նախագահի դերակատարությունը:

Այս պայմաններում Վարդան Այվազյանը կարևորում է այն, որ Նիկոլ Փաշինյանն անընդհատ շեշտում է՝ իր ղեկավարած կառավարությունը պետք է ժամանակավոր բնույթ ունենա, դա անհրաժեշտ է միայն գործող օրենսդրության կատարելագործման ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատշաճ կազմակերպման համար: «Բայց այստեղ շատ լուրջ խնդիր ունենք: Ընտրական օրենսգիրքը համարվում է սահմանադրական օրենք, որի փոփոխությունը պահանջում է խորհրդարանի 3/5 ձայները: Բացառված չէ, որ մեծամասնությունը թույլ չտա Ընտրական օրենսգրքի կատարելագործման աշխատանքները»,-ընդգծեց սահմանադրագետը:

Բանախոսի դիտարկմամբ՝ տարբեր երկրներ քաղաքական ճգնաժամերից դուրս գալու իրենց փորձն ունեն: «Օրինակ, Բուլղարիայում նախագահը ազատ է արձակում խորհրդարանը, ձևավորում է ծառայողական կառավարություն: Ժամանակավոր կառավարության անդամները պետք է լինեն անկուսակցական պրոֆեսիոնալներ, որոնք պետք է շարունակեն գործադիր իշխանության գործունեությունը, մինչև խորհրդարանական ընտրություններից հետո հստակ ուրվագծվեն քաղաքական մեծամասնության շրջանակները, նոր արդեն մշտական հիմունքներով կառավարությունը կփոխարինի նրանց»,-հավելեց Վարդան Այվազյանը: Նրա խոսքով՝ սակայն, Հայաստանում նախագահը նման լիազորություններ չունի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]