Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փաշինյանի վարչապետ ընտրվելու դեպքում կառավարության կազմում օլիգարխներ չեն լինելու

Փաշինյանի վարչապետ ընտրվելու դեպքում կառավարության կազմում օլիգարխներ չեն 
լինելու

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ իր ընտրվելու դեպքում կառավարության կազմում օլիգարխներ չեն լինելու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով վարչապետ ընտրվելու դեպքում գործարար Խաչատուր Սուքիասյանին առաջին փոխվարչապետի պաշտոնում նշանակելու մասին խոսակցություններին և դժգոհություններին, թե գործարարները կրկին վերադառնալու են իշխանություն, ասաց. «Ես կարող եմ հավաստիացնել, որ կառավարության կազմում օլիգարխներ չեն լինելու»:

Նա հավելեց, որ իր վարչապետ ընտրվելու դեպքում խաղի նոր կանոնները բոլորի համար պետք է պարզ լինեն: «Խաղի կանոնն օրինականությունն է:  Բայց ես կրկնում եմ, որ վենդետաներ մեր երկրում չեն լինելու: Հայաստանում քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը փակված է, և մենք խնդիր ունենք համերաշխության մթնոլորտ ձևավորելու: Վենդետաներ չեն լինելու ոչ մի հարցով»,- նշեց ՀՀ վարչապետի թեկնածուն:

Փաշինյանը վստահեցրեց, որ առաջիկայում հանրությունը ստանալու է իրեն հուզող բոլոր հարցերի պատասխանները և առկա խնդիրների լուծման ուղիները: «Ես ասում եմ, որ այն սիրո և համերաշխության մթնոլորտը, որը հիմա կա Հայաստանում, չպետք է խաթարվի, սակայն դա չի նշանակում, որ այն նպատակները, որոնք մենք մեր առաջ դրել ենք, չեն լուծվելու: Օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելու հարցը մենք լուծելու ենք, ինչպես և մնացած բոլոր խնդիրները»,- ընդգծեց նա:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատեց ավելի վաղ արած հայտարարությունը, որ իր վարչապետ ընտրվելու հաջորդ օրվանից Հայաստանում մենաշնորհներ չեն լինելու: «Իմ վարչապետ ընտրվելու պահից բոլորը ոչ միայն կարող են և պետք է փորձեն ներկրել՝ ինչ ցանկանում են, այլև մենք էլ պետք է հետևենք, որպեսզի նույն իրավիճակը չշարունակվի»,- ասաց վարչապետի թեկնածուն:

Փաշինյանը նաև վստահեցրեց՝ եթե ընտրվի վարչապետի պաշտոնում, կառավարության նիստերն անցկացվելու են դռնբաց:

Ազգային ժողովում վարչապետի ընտրության երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին, ժամը 12:00-ին ԱԺ հատուկ նիստում: «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները վարչապետի պաշտոնում առաջադրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՀԿ-ն հայտարարել է, որ սատարելու է պատգամավորների 1/3-ի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին:

Փաշինյանը, սակայն, մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում ձայների 45 կողմ, 56 դեմ հարաբերակցությամբ, չընտրվեց վարչապետ: Վարչապետ ընտրվելու դեպքում Փաշինյանը պետք է տասնհինգօրյա ժամկետում կազմավորի կառավարություն: Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]