Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հոկտեմբեր

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում անցնող 7 օրերի ընթացքում պահպանվել է նախորդ շաբաթվանից հաստատված լարվածությունը: Մասնավորապես՝ ապրիլի 30-ից սկսած, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվել են հակառակորդի կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ ու տեղաշարժեր: նդհանուր առմամբ, ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3000 կրակոց:

ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մայիսի 4-ին՝ ժամը 01.10-ին սահմաններում, հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արթուր Արտյոմի Գասպարյանի (ծնված 1998թ., 2017-1 զորակոչ, Նաիրիի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:

Արցախի ՊՆ հայտարարություն է տարածել այն մասին, որ կրկին Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում կրկին նկատվել են հակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր:

Ադրբեջանական լրատվամիջոցները մայիսի 3-ին տարածել են հերթական ապատեղեկատվություն, ըստ որի հայկական ուժերն անցած գիշեր գնդակոծել են Աղդամի շրջանի Ջամանլը ճակատամերձ գյուղի մոտակայքում վերանորոգման և վերականգնողական աշխատանքներ իրականացնող խաղաղ քաղաքացիների ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է տեղում աշխատող տեխնիկան: ԱՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Բաքվի կողմից սադրիչ նպատակներ հետապնդող վերոնշյալ տեղեկությունը ու մեկ անգամ ևս հիշեցնում, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երբևէ չեն թիրախավորել և չեն թիրախավորելու քաղաքացիական բնակչությանը:

Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը մայիսի 3-ին հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում։  Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի:

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով «Ելք» խմբակցության կողմից պաշտոնապես առաջադրվել է որպես ՀՀ վարչապետի թեկնածու, լիարժեք սատարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին: «Անվտանգությանն առաջնահերթություն է մեզ համար: Վարչապետ ընտրվելու պարագայում առաջին քայլերից կլինի անվտանգության հետ կապված օպերատիվ իրավիճակին ծանոթանալը և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի կարծիքով` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները իրական իմաստ կստանան միայն այն պարագայում, երբ Ադրբեջանը շատ հստակ ուղերձ կհղի միջազգային հանրությանը, որ պարտավորվում է հարգել և ճանաչել միջազգային իրավունքի նորմերը ու պատրաստ է խնդրի կարգավորմանը այդ նորմերի շրջանակներում: Մայիսի 1-ին խորհրդարանում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե ինչպիսին է ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի մոտեցումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում, Փաշինյանը պատասխանեց, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանի  ղեկավարությունը ի դեմ Իլհամ Ալիևի որևէ պատեհ առիթ բաց չի թողնում սպառնալ Արցախի  Հանրապետությանը ու Հայաստանի Հանրապետությանը և նույնիսկ խոսում է Հայաստանի մայրաքաղաքը գրավելու իր մտադրության  մասին,  բանակցությունները ձևական բնույթ են կրում:

Հայոց ցեղասպանության դատապարտում

Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանը հարցազրույց է տվել սիրիական պետական հեռուստաընկերությանը, որում անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության, Հայաստանի և սիրիահայերի հետ կապված հարցերի: Սիրիական խորհրդարանի հայազգի պատգամավորն անդրադարձել է Եփրատի շրջանում իրականացված ցեղասպան գործողություններին և սիրիական գրականության մեջ դրանց արձագանքներին:

Հայաստան և աշխարհ

Լիտվայի օրենսդիր մարմինը՝ Սեյմասը միաձայն կերպով առաջին ընթերցմամբ հաստատել է Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը:

Կրեմլում հուսով են, որ Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական դաշնակցային հարաբերությունները կմնան ինչպես Մոսկվայի, այնպես Էլ Երեւանի արտաքին քաղաքական ուղեգծի սկզբունքը: Իսկ Հայաստանի ներքաղաքական իրադրությունը կմնա սահմանադրական շրջանակներում: Այդ մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հայաստանը ցույց տվեց, որ ունի քաղաքացիական հասարակություն, խիզախ ու հպարտ քաղաքացիներ, ովքեր կարող են արտահայտել իրենց կարծիքը:  BBC News-ին տված իր հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ անկախ նրանից, թե Հայաստանում ներքաղաքական ինչ գործընթացներ են տեղի ունենում, դա հեղափոխություն է, թե ոչ, կարևորն այն է, որ երկրում գոյություն ունեն իրենց ձայնը տեղ հասցնող քաղաքացիներ:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ այն իրավունքների շրջանակում, որոնք տրված են իրեն սահմանադրորեն, թույլ չի տալու, որ երկրի հետաքրքրությունները ճիշտ հաշվի չառնվեն: Այս մասին նա խոսել է Բելառուսի Համազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Նախագահը նշել է. «Մեզ համար եվրասիական տարածաշրջանը բարեկամական տարածաշրջան է, այստեղ այն երկրներն են, որոնք բացարձակ բարեկամական ու եղբայրական են մեր նկատմամբ: Բացի այդ, դա նաև Հայաստանի համար հսկայական շուկա է, հետևաբար մեր մասնակցությունը եվրասիական տարածքում ելնում է մեր արմատական հետաքրքրություններից, այլ ոչ թե որովհետև ինչ-որ մեկը մեզ որևէ տեղ է հրում: Կարծում եմ՝ ով էլ ի վերջո լինի կառավարությունում, ես անձամբ որևէ պարագայում, այն իրավունքների շրջանակում, որոնք տրված են ինձ սահմանադրորեն, թույլ չեմ տա, որ մեր երկրի հետաքրքրությունները ճիշտ հաշվի չառնվեն»:

Բրիտանական Independent-ն ընդարձակ հոդված է հրապարակել՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ պարբերականի թղթակցի զրույցը: «Հայաստանի նախագահն ասում է՝ պատրաստ է կանգնել ոստիկանության և ցուցարարների միջև». այսպես է վերնագրել հոդվածը հեղինակավոր պարբերականը: «Որպես «Տետրիս» համակարգչային խաղի ստեղծման ակունքներում կանգնած գիտնականներից մեկը՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ասում է, որ նա քաղաքական հարցերում հաճախ դիմում է տրամաբանական մոդելների օգնությանը: Սակայն իր երկրի դրամատիկ հեղափոխության կամ ինչպես ինքն է ասում՝ «ժողովրդավարական փոփոխության» հարցում շատ քիչ բան կար, որ նա կարող էր կանխատեսել մաթեմատիկայի միջոցով»,- գրում է լրատվամիջոցը՝ մեջբերելով նախագահի խոսքերը. «Մարդիկ մեքենաներ չեն, նրանք շատ ավելի բարդ են»:

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը: ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու Հայաստանի ջանքերին: Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը մեր երկրում իրականացվող բարեփոխումներին և վերահաստատել Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքներին: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպաններին և Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպաններին և Քուվեյթի ու Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարներին: Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին՝ հատկապես տնտեսական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Քաթարից և Չինաստանից ժամանած գործարարների խմբի, որոնց մեջ Barwa Bank-ի նախագահ Շեյխ Մոհամմեդ Համադ Ալ-Թանին/Sheikh Mohammed Hamad J.J. Al-Thani, PowerChina միջազգային խմբի նախագահ Սոն Դոնշենին/Song Dongsheng, Redco International W.L.L. գործադիր տնօրեն Սաիֆ-ուր-Ռեհման Խանին/Saif-Ur-Rehman Khan և ուրիշների: Քննարկվել են էներգետիկայի, բանկային և տուրիզմի ոլորտներում ներդրումներ կատարելու հնարավորությունները: ՀՀ նախագահը վստահեցրեց, որ Հայաստանում առկա են ներդրումների համար ամուր երաշխիքներ, իսկ ընթացքի մեջ գտնվող բարեփոխումներն ավելի լայն հնարավորություններ կբացեն օտարերկրյա գործարարների համար:

ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամների և Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատվիրակության Երևանում ապրիլի 29-ին կայացած հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին և Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

Ներհայաստանյան զարգացումներ

Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպման մասին: Դուրս գալով Բաղդասարյանի աշխատասենյակից՝ Փաշինյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավարն իրեն փոխանցել է, որ ՀՀԿ խմբակցությունում կա նախատրամադրվածություն՝ չխոչընդոտել մայիսի 1-ի ընտրությանը: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը չի խոչընդոտի ՀՀ վարչապետի ընտրության գործընթացին՝ քաղաքական մյուս ուժերի՝ «Ծառուկյան», «ՀՅԴ» և «Ելք» խմբակցությունների կողմից մեկ թեկնածուի առաջադրվելու դեպքում: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: 

Ազգային Ժողովի «Ելք» խմբակցությունը միաձայն քվեարկել է վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը առաջադրելու օգտին: 

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի պաշտոնում կսատարի Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին: Այլ թեկնածություններ չեն առաջադրվել: 

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը սատարելու դիմաց նախապայմաններ չի դրել, պորտֆելների հարց չի քննարկվել։ «Դա մեզ սազական չէայդպիսի խոսակցություն չենք ունեցելՄենք սա արել ենք զարգացման համար»,- նշեց Ծառուկյանը:

ՀՀ ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ներկայացրեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գերակայությունները՝ վարչապետ ընտրվելու դեպքում, ինչպես նաև Փաշինյանի կենսագրությունը: Արարատ Միրզոյանի խոսքով, անցումային կառավարության գերակայություններից է լինելու քաղաքական համազգային համերաշխությունը: Նա ընդգծեց, որ անցյալի սխալների բարձրաձայնումը ոչ թե պետք է խոչընդոտի այդ համերաշխությանը, այլ ճիշտ հակառակը, դառնա դաս, դառնա փորձառություն, և հարթի ուղի դեպի զարգացման ճշմարիտ ճանապարհը:

Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ իր՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում Հայաստանը շարունակելու է մնալ Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ: Խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկման ընթացքում իր ելույթում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ դիրքորոշումը բխում է ոչ թե ինչ-որ անձի ճաշակից, ոչ թե ինչ-որ անձի դիրքորոշման փոփոխությունից, այլ «Հայաստանի ժողովրդին հաղթանակ բերած համաժողովրդական շարժման տրամաբանությունից»:

Հայաստանի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի հատուկ նիստում ներկայացրեց վարչապետի պաշտոնում ընտրվելու դեպքում տնտեսության զարգացման տեսլականը: Նա խոստացավ ապահովել բոլորի հավասարությունն օրենքի  առաջ. «Դա առաջին հերթին վերաբերվում է վարչապետին, նրա ընտանիքին, հարազատներին, բարեկամներին և ընկերներին: Բացառվելու է իշխանական լծակների օգտագործումը բիզնես իրականացնելու համար: Պետական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրման համակարգը փոխվելու է այնպես, որ Հայաստանի ժողովուրդը համոզված լինի, որ հստակ գիտի, թե ինչ ունեցվածք ունի յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա և ինչպես է փոխվում դրա կառուցվածքը պաշտոնավարմանը զուգահեռ: Պաշտոնավարմանը զուգահեռ ապօրինի հարստացումը պետք է իր հետ բերի կոնկրետ հետևանքների»:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին չի տեսնում վարչապետի պաշտոնում: Շարմազանովն այս մասին հայտարարեց ԱԺ-ում ՀՀ վարչապետի հարցի ընտրության քննարկման ընթացքում ունեցած ելույթում: «Պարոն Փաշինյանը, ինչպես երեկ, այնպես էլ այսօր դուքինձ չհամոզեցիք, ես ձեզ չեմ տեսնում գերագույն-գլխավոր հրամանատարի դերում»,-  ընդգծեց Շարմազանովը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն Ազգային ժողովի հատուկ նիստում հայտարարեց, որ իրենց դեմ են քվեարկելու Փաշինյանի թեկնածության օգտին: «Մենք համաձայն ենք հնչող քննադատությունների հետ երկրի սոցիալ-տնտեսական, ներքին խնդիրների սպեկտրի և դրանց լուծման առկա հանրային դժգոհության ուղղությամբ նոր քայլերի հստակ անհրաժեշտության վերաբերյալ: Մենք դա ընդունել ենք, հաշվի ենք նստել ժողովրդական շարժման հետ, պատասխանել ենք դրան վարչապետի պաշտոնից մեր կուսակցության ղեկավարի հրաժարականով: Մենք ընդունում ենք, որ ժողովրդական շարժումը կարող է սատարել վարչապետի որևէ թեկնածուի, և մենք համապատասխան քննարկումներից հետո միշտ պատրաստ կլինենք միասնաբար քվեարկելու այդ թեկնածուի օգտին: Մենք դեմ ենք քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը՝ փորձելով կասեցնել վտանգավոր այն շատ տեսանելի ալիքը, որն արագորեն կծնվի երկրում: Բոլորիդ ցանկանում եմ համբերություն, Աստված պահապան մեր ժողովրդին, Աստված պահապան մեր ազգին»,- եզրափակեց խոսքը ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

ՀՀ Ազգային ժողովի մայիսի 1-ի հատուկ նիստում կայացած բաց քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չստացավ բավարար թվով ձայներ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու համար: «Ելք» խմբակցության կողմից վարչապետի միակ թեկնածու առաջադրված Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության քվեարկությունից հետո «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարներին կոչ արեց կրկին վերադառնալ գործադուլի և դասադուլի կազմակերպման, փողոցների փակման գործելաոճին:

Հայաստանի վարչապետի ընտրության երկրորդ փուլը կկայանա մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց մայիսի 3-ին վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու և հանրապետության ողջ տարածքում խաղաղ անհնազանդության ակցիաները դադարեցնելու մասին: 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Հանրապետությունում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով երեկվա ընթացքում տարբեր մակարդակներով հագեցած քննարկումներից հետո ներգրավված քաղաքական ուժերը հանդես եկան հայտարարություններով, որով տրամաբանական ավարտին են հասցվում երկրում ծավալված ժողովրդավարական զարգացումները»:

Ազգային ժողովի պատգմավոր, երեք խմբակցությունների կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջի միջոցով տեսանյութ է տարածել՝ նշելով, որ հանդիպում է ունեցել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, ով վերահաստատել է իրենց խմբակցության դիրքորոշումը վարչապետի ընտրության հարցում:

Ազգային ժողովում մայիսի 3-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը: Թեկնածությունն առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդից ավելիի կողմից:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ մայիսի 8-ին խորհրդարանում կայանալիք քվեարկության արդյունքներով Հայաստանը կունենա ընտրված վարչապետ: «Մեր որոշումը կլինի միասնական, և մենք մայիսի 8-ին կունենաք վարչապետ»,-  խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Բաղդասարյանը: Դիտարկմանը, թե նախկինում էլ էին այդպես ասում, սակայն մայիսի 1-ին դեմ քվեարկեցին վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Դուք լավ չեք հետևումՆախկինում մենք չէինք խոչընդոտում քվեարկության կայացմանըիսկ այժմ մենք կօժանդակենք»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների, որոնց հետ քննարկվել են համայնքին հուզող խնդիրները և դրանց լուծման ուղիները: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջի Իբրահիմը:

ՀՀ կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գործադիրի անդամներին համատեղ աշխատանքի համար: «Այսօր այս կազմով մեր կառավարության վերջին նիստն է, և ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Եղել է շատ հետաքրքրիր ժամանակահատված, կառաջարկեմ, որ մենք հաշվետվություն տանք հասարակությանը, թե ինչ ենք կատարել այս ժամանակահատվածում: Եվ իմ վերջին հանձնարարականն ու խնդրանքը բոլոր գործընկերներին՝ բարեխղճորեն կատարում ենք մեր պարտականությունները մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը: Պետական պաշտոնյայի գործառույթը պետք է մինչև վերջ կատարվի, անկախ էմոցիայից, անկախ վերջերս հնչած արդար, թե անարդար քննադատությունից»,-  ասել է Կարեն Կարապետյանը:

ՀՀ զինված ուժերը «Սմերչ» համազարկային կայանքների ներգրավմամբ վարժանքներ են անցկացրել:

Ազգային անվտանգության ծառայությունը կանխել է Սիրիայում գործողությունների մասնակցած ահաբեկիչ, Ռուսաստանի քաղաքացի, Մախաչկալա քաղաքի բնակիչ Սուլեյմանգաջի Բագանդգաջիևի մուտքը Հայաստան:

Հայաստանում ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների արտաքին առևտրաշրջանառության և պետական եկամուտների ցուցանիշներն աճ են գրանցել՝ 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ։

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ իրականացվող «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում միջոցառումների իրականացման ծրագրին և ներդրումային պլանին:

«Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան» բանկի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա ավազակային հարձակում կատարած անձին վնասազերծելիս զոհված և վնասազերծմանը մասնակցած ՀՀ ոստիկանության ծառայողները, «Արմոբիլ» անվտանգության ծառայության պահնորդները և վնասազերծմանը մասնակցած քաղաքացիները պարգևատրել են ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով:

Հայաստանի դպրոցներում վերջին զանգն այս տարի կհնչի մայիսի 25-ին: ՀՀ կրթության  և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ասաց, որ 9-րդ դասարանն այս տարի կավարտի 31 հազար 300 աշակերտ, 12-րդ դասարանը՝ ավագ դպրոցը` 9 600 աշակերտ: Հայտնի են Հայաստանում բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության միասնական քննությունների օրերը: Միասնական քննություններն այս տարի կմեկնարկեն հունիսի 1-ին:

Սփյուռք

Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու նկատմամբ անհայտ անձինք ապրիլի 29-ի գիշերը վանդալիզմ են իրականացրել: Սոցիալական ցանցերում հայտնված լուսանկարներում երևում է, որ հայկական եկեղեցին շրջապատող պատի վրա հայտնվել է թուրքերեն գրություն «Այս հայրենիքը մերն է» բովանդակությամբ: Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող Սուրբ Թագավոր հայկական եկեղեցու վրա ռասիստական հարձակում իրականացրած անձը մայիսի 2-ին բերման է ենթարկվել: Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող Սուրբ Թագավոր հայկական եկեղեցու նկատմամբ վանդալիզմ իրականացրած Թուրքիայի քաղաքացին, ով մայիսի 2-ին բերման էր ենթարկվել, պայմանական ազատ է արձակվել: Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող Սուրբ Թագավոր հայկական եկեղեցու նկատմամբ վանդալիզմ իրականացրած Թուրքիայի քաղաքացին ոստիկանների կողմից տեղափոխվել է հոգեբուժարան

Լիբանանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հայկական կուսակցությունները ներկայացրել են 8 թեկնածու: Դաշնակցությունն առաջադրել է 4 թեկնածու, Ռամկավար ազատական կուսակցությունը՝ 3, Հնչակյանը՝ 1:

Միջազգային խճանկար

Համա եւ Հալեպ քաղաքների արվարձաններում տեղակայված սիրիական ռազմական օբյեկտները ենթարկվել են հրթիռային գրոհի: Directorate 4 Telegram-ալիքում, որն զբաղվում Է Մերձավոր Արեւելքի իրադրության մոնիթորինգով, ասված Է, որ սիրիական բանակի 47-րդ բրիգադի բազային հարված են հասցրել Իսրայելի ռազմաօդային ուժերը:

Սիրիայի երկնքում, Միջերկրական ծովի վրա ռուսական Су-30СМ կործանիչի վթարի հետևանքով զոհվածներից մեկը՝ անձնակազմի հրամանատարը, ազգությամբ հայ մայոր Ալբերտ Դավիդյանն էր:

Ամերիկյան դատարանն Իրանին պարտավորեցրել Է միլիարդավոր դոլարների փոխհատուցումներ վճարել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների զոհերի հարազատներին։ Դատարանի վճռի համաձայն՝ Թեհրանը նյութական օգնություն Է տրամադրել «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանը: Իրանը, Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորումը եւ Իրանի կենտրոնական բանկը մեղավոր են ճանաչվել 1008 մարդու մահվան մեղսակցության մեջ:

Թել Ավիվում Վրաստանի եւ Իսրայելի պաշտպանության նախարարներ Լեւան Իզորիան եւ Ավիգդոր Լիբերմանն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում Է պաշտպանության ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության խորացում:

Թուրքիայի չորս ընդդիմադիր կուսակցություններ որոշում են կայացրել հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հանդես գալ դաշինքով: Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը որոշում է կայացրել նախագահական ընտրություններին առաջադրել գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը:

Բասկերի անջատողական էՏԱ կազմակերպությունը, որը տասնամյակներ շարունակ զինված պայքար է մղել Իսպանիայից ու Ֆրանսիայից բասկերի երկրի անկախացման համար, հայտարարել է ինքնալուծարման և քաղաքական գործունեությունը դադարեցնելու մասին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 7-ին կայանալիք երդմնակալության արարողությանն ընդառաջ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները երկրի ողջ տարածքով բողոքի ակցիաներ են անցկացնում «Նա մեր ցարը չէ» կարգախոսով:

Մշակույթ

Ճապոնիայի կառավարությունն ապրիլի 29-ին հայտարարել է Գարնանային շքանշանի հանձնում 2018-ի օտարերկրացի դափնեկիրներին: Երգիչ Շառլ Ազնավուրը նրանցից մեկն է և, ճանաչելով նրա ներդրումը Ճապոնիայում երաժշտության զարգացման և Ճապոնիայի և Ֆրանսիայի միջև բարեկամության ամրապնդման գործում, նա արժանացել է «Ծագող արևի» շքանշանին:

«Թումանյանի գործունեությունը Առաջին աշխարհամարտի տարիներին» գիրքը արխիվային հարուստ նյութերով, նամակներով և գեղարվեստորեն ներկայացնում է գրողի կյանքի հետաքրքրական դրվագները: Կայացավ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանի ռուսալեզու գրքի շնորհանդեսը:

Սպորտ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հաղթեց դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենին և իրավունք ստացավ պայքարելու աշխարհի չեմպիոնի կոչման համար:

Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը ժամանակից շուտ նվաճեց Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարի հաղթողի կոչումը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նոր նվաճում է գրանցել անգլիական Պրեմիեր լիգայում: Հայ կիսապաշտպանը առաջին ֆուտբոլիստն է, ով նույն մրցաշրջանում գոլ է խփել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում և գրավել է «Կարմիր սատանաների» դարպասը:

Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը կրկին հաջող ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում: Ստեփանյանը մասնակցել է «Dana Point Grand Prix»-ին: Հայ հեծանվորդը «Velo Pasadena Racing»-ի թիմում գրավել է առաջին տեղը:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Ասլանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Հունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի չեմպիոն Մաքսիմ  Մանուկյանն առաջին անգամ իր կարիերայի ընթացքում դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 4-րդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Բասկետբոլի Լիբանանի գավաթի խաղարկությունում հաղթող դարձավ հայկական «Հոմենթմեն» թիմը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակչի ուղեգիրը նվաճեց Մադրիդի «Ատլետիկո»-ն, որը պատասխան խաղում հաղթեց Լոնդոնի «Արսենալ»-ին: Պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց առաջին խաղակեսի վերջին րոպեին բացել հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Դիեգո Կոստան: Հայասանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 68-րդ րոպեին:

 

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ